Կահիրեում բնականոն կյանքն աստիճանաբար հունի մեջ է ընկնում: Ու թեեւ Թահրիր հրապարակում դեռ հազարավոր ցուցարարներ կան, զինվորականները կամաց-կամաց մարդկանցից ազատում են փողոցները՝ ավտոճանապարհային երթեւեկությունը կարգավորելու համար: BBC-ի մատուցմամբ, ցուցարարների առաջնորդները կոչ են անում բողոքի նոր ալիք բարձրացնել՝ Հոսնի Մուբարաքի անհապաղ պաշտոնանկությանը հասնելու համար, բայց, աղբյուրի մատուցմամբ, ամեն ինչ վկայում է այն մասին, որ երկրի իշխանություններն իրավիճակն արդեն վերահսկողության տակ են առնում: Մուբարաքը չի պատրաստվում անհապաղ վայր դնել իր լիազորությունները, բայցեւ հայտարարել է, թե ո՛չ ինքը, ո՛չ որդին չեն մասնակցի սեպտեմբերին նշանակված նախագահական ընտրություններին:
Ցուցարարների փորձերը՝ լարել իրավիճակը, ըստ փորձագետների, գրեթե անխուսափելիորեն կարող են հանգեցնել բանակի հետ բախումների: Իրավիճակը բարդ է այնքանով, որ զանգվածային ակցիաների մասնակիցները անհանգստացած են, որ նահանջելու դեպքում իշխանություններն իրենց նկատմամբ հետապնդումներ կարող են սկսել, թեեւ երկրի նախագահը հայտարարել է, որ ցուցարարներից որեւէ մեկը հետապնդումների չի ենթարկվի: Ընդսմին, Եգիպտոսում երկշաբաթյա բողոքի զանգվածային ակցիաները էական հարված են հասցրել երկրի տնտեսությանը: Ցույցերի ամեն օրվա հասցրած վնասը տնտեսությանը՝ գնահատվում է օրական 310 մլն դոլար: