Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես գանձ ասեմ, մեկ է՝ տանձ ես հասկանալու»

Փետրվար 09,2011 00:00

Գիտությունների թեկնածու Հ. Կարապետյանին. ուսուցողական ծանուցում

Ըստ նախկինում գիտության ոլորտի «մեծ բարեփոխիչ» (տես. «Նովոյե վրեմյա», 03.04. 2008թ.), ներկայումս ԳԱՏԱՀ նախագահ Հ. Կարապետյանի կողմից վերջերս հնչեցրած «իսկական գիտնականին» վայել անհանգիստ մտքի անխրոխտ գոհարների, մեզ համար պարզ դարձավ, որ մեր գիտական խմբի կողմից վերջին տարիներին հրատարակած աշխատանքները (կապված մեր գիտական ղեկավար Ա. Շահինյանի կողմից ակադեմիական ընտրություններին մասնակցելու հետ) ոչ մի առնչություն չունեն «քիմիայի» հետ (տես՝ «Առավոտ», 04.02.2011 եւ https://lragir.am, 04.02. 11թ.), եւ նույնիսկ, ըստ նրա, այդ աշխատանքները միգուցեեւ «հելմինտալոգիայի» բնագավառից են: Իմիջիայլոց, տարօրինակ չէ նաեւ այն փաստը, որ մեր օրերի «բարձր վարկանիշային, կարկառուն» գիտնականը համեմատականներ անցկացրեց եւ հնչեցրեց հենց «հելմինտալոգիայի» բնագավառը՝ ակամայից հրավիրելով վերոնշյալ ուղղությամբ զբաղվող մասնագետների ուշադրությունը սեփական գործունեության վրա:

Հաշվի առնելով այս հանգամանքը, անհրաժեշտ ենք գտնում Հ. Կարապետյանին ուղիղ իմաստով լուսաբանելու նրան այդքան մոտ «տանձի եւ խնձորի» տարբերությունը՝ անդրադառնալով վերջերս մեր կողմից հրատարակված հոդվածներից թեկուզ երկուսին, որոնք տպագրվել են քիմիայի բնագավառում մեծ վարկանիշ ունեցող երկու հայտնի ամսագրերում (Journal of Physical Chemistry եւ Journal of Colloid and Interface Science): Հարկ է նշել, որ այս աշխատանքները կատարվել են Պոտսդամի համալսարանի Ֆիզիկական եւ տեսական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների հետ համատեղ եւ վերաբերում են կոլոիդային եւ համակարգչային քիմիային: Նախկինում գիտության ոլորտի «մեծ բարեփոխիչին» այս անգամ արդեն հիշեցնենք ժամանակակից քիմիայի բաժիններից մի քանիսը՝ ֆիզիկական քիմիա, կոլոիդային քիմիա եւ համակարգչային քիմիա: Կարծում ենք՝ մեծ ջանք չի պահանջվի Հ. Կարապետյանից՝ պարզելու, որ նշված ուղղություններով հրատարակված աշխատանքները անվերապահորեն «քիմիայի» բնագավառից են, ավելին, կոլոիդային եւ համակարգչային քիմիայի բնագավառից: Հուսով ենք, որ կարիք չկա բացատրելու, թե ինչ են ուսումնասիրում վերը նշված բաժինները, թերեւս որպես ուղեցույց կարող ենք նրան առաջարկել, օրինակ, այս գրքերը՝ K.S. Birdi «Handbook of Surface and Colloid Chemistry», N.Y. CRC Press, 2003, F. Jensen «Introduction to Computational Chemistry», Wiley, 2006 (մի փոքր ծանուցում. կուզենայինք հիշեցնել, որ սրանք ամենեւին էլ նրան այնքան մոտ «հելմինտալոգիայի», «պարազիտալոգիայի» եւ «բլեֆալոգիայի» բնագավառներին չեն առնչվում): Եթե Հ. Կարապետյանի համար դժվար եւ խրթին է «գլուխ հանել» այս բոլորից, ապա կհրավիրեինք նրան մասնակցել մեր գիտական սեմինարներին: Հաշվի առնելով Հ. Կարապետյանի կողմից ճառագած մտքերի պատճառով մեզ մոտ առաջացած կասկածները՝ կապված ժամանակակից գիտությանը եւ առաջատար տեխնոլոգիաներին վերջինիս քաջատեղյակության հետ՝ հարկ ենք համարում հատուկ նշել այն փաստը, որ ժամանակակից բնական գիտությունները վաղուց արդեն չեն սահմանափակվում միայն տեսական նկարագրերով եւ ֆիզիկական փորձարարական մեթոդներով ստացվող արդյունքներով: Առաջատար տեխնոլոգիաները, մասնավորապես՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաները արդեն իրենց ուրույն տեղն են զբաղեցրել ժամանակակից գիտության մեջ՝ վերածվելով հզոր զենքի՝ գիտական լուրջ հետազոտությունների համար, եւ այն գիտնականը, ով չի հասկանում դա, շատ բան է կորցնում:

Ի վերջո, պետք է նշել, որ մարդկանց ազնիվ, ստեղծագործ աշխատանքը վարկաբեկողները պետք է միշտ էլ արժանանան ամենախիստ պարսավանքի, չնայած նրանց համար է ժողովրդական ասացվածքը՝ ես գանձ ասեմ, մեկ է՝ դու տանձ ես հասկանալու: Որպես վերջաբան. խորհուրդ կտայինք զազրախոսության եւ պաշտոնակռիվների փոխարեն, ամեն դեպքում խնայել գիտնականին այդքան չբավարարող թանկ ժամանակը՝ ուղղորդելով Ձեր «գիտական վերլուծական մտքերը» դեպի գիտական ամսագրեր կամ էլ, հակառակ պարագայում, փնտրել պարապուրդի մատնված մարդկանց՝ ի դեմս «մի խումբ ընկերներ՝ կոլեգաների» (տես https://www.lragir.am 05.02.2011) եւ քարոզել նրանց տարբեր տեսակի տեղեկատվական շտեմարանների դերն ու վարկանիշային «լոլոները», ինչքան կցանկանայիք, քանզի դուք ունեք եւ՛ ժամանակ, եւ՛ ամենակարեւորը՝ «բլեֆալոգիայով» չեք զբաղվում: Կցանկանայինք մաղթել Հ. Կարապետյանին «մերձգիտական» եւ հատկապես «բյուրոկրատական – կարիերիստական» նորանոր հաջողություններ, անամպ երկինք եւ «աղմկահարույց» բազմաթիվ բացահայտումներ:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

Կենսաինֆորմատիկայի լաբորատորիայի աշխատակիցներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել