Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԱՅՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 09,2011 00:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Թեպետ տարաբեւեռ ու տարասփյուռ, երկփեղկված ու անմիաբան` հայկական միջավայրը մի ընդհանրություն ունի. վտանգին դեմհանդիման այստեղ լռում են` հուսալով, որ վտանգը հատկապես իրենց կշրջանցի: Տեւական ժամանակահատված այս մերժելի ու պարզունակ գործելակերպն արդարացված է թվում, սակայն որոշ ժամանակ անց վտանգը վերադառնում է այնքան ահագնացած, որ իր ճանապարհին կարող է զգետնել հայկական միջավայրի բազմաթիվ միջնորմները, փշրել աշխարհաքաղաքական փոթորկի աղմուկը խլացնող ձայնամեկուսիչ ապակիները, տեղահանել քաղաքականության դռները, քանդել հանրային կյանքի սյուները եւ հողմացրիվ անել հայկական իրականության տանիքը: Հայկական միջավայրի համար այդ վտանգը ճշմարտությունն է, եւ այն այնքան է ահագնացել, որ վերածվել է իրական թշնամու, որին դիմագրավելու պահանջը երբեմն փաթեթավորվում-մատուցվում է որպես համազգային նշանակության խնդիր:

Գոցեք դռները ճշմարտության առջեւ, դնչկալ դրեք նրա բերանին, խոշտանգեք կամ խեղդամահ արեք նրան, այդ դեպքում հայկական միջավայրում բոլորն իրենց ապահով կզգան, թեպետ կկորսվեն հասարակության դիմադրողականությունն ու աշխարհընկալումը, կմշուշվեն առաջընթացի ու զարգացման ուղիները, կեղծ արժեքները ոսկու փայլ կստանան եւ կմատուցվեն իրական արժեքների փոխարեն: Այդ ժամանակ բոլորը հանգիստ գլուխը կդնեն բարձին, մինչեւ հայկական Վիքիլիքսի ամենատես աչքն ու աներեւույթ ձեռքը կմտնի հայկական միջավայրի ծածկամիտ պատերից ներս: Ճշմարտությունը տեղահան կանի արատավոր կենսակերպի, գործելակերպի, մտածելակերպի սյուները` ստիպելով նորը կառուցելիս վերջապես լսել ու մտածել: Ճշմարտությունը, միայն ճշմարտությունն է այն միակ կածանը, որը չի վերջանում հայկական անառիկ լեռներում, այլ ճանապարհ է դուրս բերում: Մենք այդ կածանը կորցրել ենք` մոլորվելով հայկական լեռներում: Այդ կածանը պետք է վերագտնել:

1.

Հայկական Վիքիլիքս՝

հայ ժողովրդի

պատմության համար

 

Մինչ ուրարտագետները վիճում են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման խնդիրների շուրջ, հայ պատմագիտությունը լռում է, թե ե՞րբ եւ ո՞վ է հայ ժողովրդին առաջինը ճշմարտությունն ասել նրա մասին: Նրա պարտությունների, կորուստների, անկումների պատճառների մասին: Ո՞վ է նախազգուշացրել վտանգների ու սպառնալիքների մասին, ո՞վ է առաջինը քննարկել հայ ժողովրդի բնավորությունը, վարքագիծը, ազգային, հոգեբանական առանձնահատկությունները: Ի վերջո՝ ո՞վ է առաջինը ճշմարտությունն ասել հայկական իրականության մասին: Իմ համոզմամբ՝ այս ամենի մասին առաջին գրավոր հիշատակումը, մեկնությունը, որը պատմաքաղաքական, սոցիալ-հոգեբանական մեծ արժեք եւ նշանակություն է ձեռք բերել, Մովսես Խորենացու «Հայոց պատմության» վերջին հատվածն է՝ «Ողբը»: Դրանից հետո տասնվեց դարերի ընթացքում ճշմարտության այլ մունետիկներ են ասպարեզ եկել, սակայն Խորենացու «Ողբը» մնացել է չգերազանցված, անհերքելի եւ հավերժական: Միաժամանակ, բոլոր նրանք, ովքեր ճշմարտություն են ասել-բացահայտել հայկական իրականության մեջ, կամ հալածվել են հայրենիքում, կամ վտարանդվել: Անշուշտ, սա զուտ հայկական երեւույթ չէ, սակայն հայկական միջավայրն այս առումով երեք առանձնահատկություն ունի. նախ, այստեղ բացառություններ չեն լինում. ճշմարտության բոլոր նվիրյալները կամ հետապնդվում են, կամ, առնվազն՝ արհամարհվում, երկրորդ. հայկական միջավայրում ճշմարտությունը հավասարաչափ չեն սիրում եւ հասարակությունը, եւ կառավարողները, երրորդ. նրանք, ովքեր ճշմարտությունը գերադասում են ստից, նաեւ գերադասում են, որ այդ ճշմարտությունն ասեն ուրիշները, սակայն ոչ իրենք:

Անգամ այն ժամանակ, երբ հայ ժողովուրդն ընդհուպ մոտենում է ճշմարտությանը, նույն պահին տարակուսելի հետեւողականությամբ խույս է տալիս դրանից: Այդօրինակ վարքագիծն արտացոլվել է անգամ հայ ժողովրդական բանահյուսություն մեջ. որքան իրական են հայկական առասպելաբանության եւ էպոսի հերոսները, այնքան հորինված եւ աղավաղված են նրանց կերպարների ընկալումները, որոնք պարտադրվել են բազմաթիվ սերունդների՝ որպես ազգային կարծրատիպեր, ձեւավորվելով ճշմարտության խեղաթյուրման եւ խոհեմության ծանակման hետեւանքով: Հայ ազգային կարծրատիպերը կոտրելու համար միայն խիզախությունը բավարար չէ: Նախ հարկ է գիտակցել, որ դրանք կարծրատիպեր են, ապա եւ կարողանալ դիմագրավել այն ահարկու ժայռաբեկորին, որը պոկվել է կեղծիքի ժայռից եւ գլորվում է ճշմարտության գետի ուղղությամբ:

Այդօրինակ ազգային կարծրատիպերի հետեւանքով է Արտավազդ արքայի պատմական եւ գրական կերպարը նույնացվել հավերժորեն անիծյալ եւ չարաղետ դավաճանության հետ: Այդպես է ընկալվում նաեւ նրա՝ թագաժառանգի հանդուգն աղաղակը: Թեպետ այն սթափության, ողջամտության, իրատեսության կոչ էր.

– Մինչ դու գնացեր

Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,

Ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ:

Սա է այն պատմաքաղաքական ջրբաժանը, որ դրվել է ճշմարտության եւ կեղծիքի միջեւ: Սա ազգային-հոգեբանական այն նշաձողն է, որը հաղթահարել-բարձրացնելու վրա արգելք է դրված: Մտածելու, հակադրվելու, արտահայտվելու եւ համոզելու արգելքը հայկական իրականության համար հավերժական արգելք է: Հայ ժողովրդի պատմության ընթացքում քիչ չեն եղել անհատներ, որոնք բախվել են այդ արգելքին. ոմանք շրջանցել են այն, ոմանք նահանջել, քչերը՝ հաղթահարել: Հայ հավաքական բանավոր միտքը այս կերպ է բաժանել նաեւ ժողովրդական էպոսի հերոսներին: Եթե Դավիթը ազատության եւ արդարության համար պայքարելիս հաղթահարում է այդ հավերժական արգելքը, ապա Փոքր Մհերը փակվում է քարայրում եւ տարին երկու անգամ դուրս գալիս այնտեղից՝ ասելով՝

Քանի աշխարհք չար է,

Մեջ աշխարհքին ես չեմ մնա:

Որ աշխարհք ավերվի, մեկ էլ շինվի.

Երբ որ ցորեն էղավ քանց մասուր մի.

Ու գարին եղավ քանց ընկույզ մի,

Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն:

Փոքր Մհերը արդարության մարտիկ չէ, ինչպես երբեմն բնութագրում են: Նա միջին հայկական կերպարի խտացումն է, որը փակվում է՝ թողնելով, որ արդարության եւ ճշմարտության համար պայքարեն ուրիշները, եւ երբ պայքարն արդյունք տա, ինքը դուրս կգա քարայրից:

Տարակուսելի վարքագիծ է դրսեւորել եւ դրսեւորում նաեւ հայ պատմագիտությունը, երբ հայ պատմաբանները հայոց պատմությունը եւ պատմական դեպքերն ու դեմքերը ներկայացնում են սեփական աշխարհընկալման, անձնական ու քաղաքական հետաքրքրությունների դիրքերից: Ըստ այդմ՝ հաճախ անտեսվում կամ միտումնավոր խեղաթյուրվում է պատմական իրադարձությունների պատճառահետեւանքային կապը, նվազեցվում կամ ուռճացվում են պատմաքաղաքական դեպքերի եւ դեմքերի դերն ու նշանակությունը տվյալ պատմական ժամանակահատվածի համար: Ավելին, երբեմն նաեւ հերոսները դառնում են հակահերոսներ եւ հակառակը: Հայ ժողովրդի պատմության դպրոցական ու բուհական անցյալ եւ ներկա դասագրքերում այդպիսի մոտեցումներով էջեր են լցված: Հայ պատմագիտությունն անվերջ ենթարկվել է գաղափարախոսական ուղղորդման՝ քաղաքական փոփոխությունների հետ կրելով ժամանակի քաղաքական պատեհապաշտության կնիքը: Բացի այդ: Հայ պատմագիտությունը հայ ժողովրդի պատմական թնջուկներին, կնճիռներին գրեթե միշտ տվել է պարզունակ պատասխաններ: Նաեւ այդ պատճառով է, որ հայ քաղաքական միտքը պարզունակ է եղել եւ մնացել է այդպիսին: Հայ պատմագիտությունը չի փորձել պատասխաններ փնտրել, թե ինչո՞ւ են հայ ժողովրդի իրական հերոսները հայրենիքի համար ճակատագրական պահերին հայտնվել կամ դավադրության մեջ, կամ էլ մնացել միայնակ ու լքված:

Այսօրինակ գործելակերպը ոչ միայն անընդունելի է պատմագիտության՝ որպես գիտության համար, այլեւ վտանգահարույց է, քանի որ պատմագիտությունը, ինչպես հումանիտար գիտության յուրաքանչյուր ճյուղ, հասարակական արժեքներ եւ ընկալումներ է ձեւավորում սերունդների համար, որոնց ուսերին է դրվել կորուստների եւ պարտությունների, մորմոքումների եւ նվաստացումների՝ հայ ժողովրդի պատմության ուժահատ անող բեռը: Հայ պատմագիտությունը միշտ էլ անխոցելի է պահել ազգային կաղապարները՝ դրանով իսկ անհաղթահարելի դարձնելով պատմության հանդեպ մտածողության արգելքը:

Հայկական Վիքիլիքսը հնարավորություն կտա, որ մենք փնտրեք-գտնենք-բացահայտենք հայ ժողովրդի առավելություններն ու առանձնահատկությունները, վեհերոտությունն ու երկյուղները, ուժն ու թուլությունը: Հայ ժողովրդի պատմությունը վերանայման կարիք ունի. մտածողության եւ հակադրության ազատությունից ծնվող ճշմարտությունն է, որ հնարավորություն կտա բացահայտել հայ ժողովրդի ճնշված-խեղդված-թաքցրած այն ուժը, որը հնարավորություն է տվել հավատալ հայ ժողովրդի հավերժական ընթացքին:

2.

«Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է զոհվել իր հայրենիքի համար, սակայն չի կարելի նրան պարտավորեցնել ստել հանուն հայրենիքի»

Շառլ Մոնտեսքյո

Գուցե առաջին հայացքից հնարավոր չէ առնչություն տեսնել արաբական աշխարհի հեղափոխական մրրիկների եւ Վիքիլիքսի բացահայտումների միջեւ: Սակայն միայն առաջին հայացքից: Աշխարհացունց հեղափոխական վերջին զարգացումներին նախորդել էր համաշխարհային մեկ այլ պտտահողմ՝ Ջուլիան Ասանջի Վիքիլիքսը: Պետությունների եւ կառավարողների վիքիլիքսյան հեղաբեկումը վերջին կաթիլն էր, որ լցրեց հասարակությունների համբերության բաժակը՝ կատալիզատոր դառնալով համընդհանուր ցասման համար: Ճշմարտությունը կայսրություններ է փլուզել:

Գորբաչովյան վերակառուցման արդյունքում խորհրդային հասարակությունը ուղղակի հաղորդակիցը դարձավ ճշմարտությանը, քանդվեց ստի եւ ապատեղեկատվության վրա հենված հսկայական խորհրդային քարոզչամեքենան: Խորհրդային համակարգի փլուզման պատճառը ճշմարտության՝ թեկուզեւ աստիճանական բացահայտումն էր:

Միջին դարերի Եվրոպայի պատմությունը լիքն է ճշմարտության հալածյալներով, որոնք ժամանակի համար հերետիկոսներ էին: Երբ իտալացի գիտնական Ջորդանո Բրունոյին խարույկ էին բարձրացնում աստղագիտական բացահայտումների եւ համոզմունքների համար, նա, մահվան աչքերին նայելով, բացականչում էր՝ «Հրկիզել, չի նշանակում հերքել»: Ճշմարտությունը չի խեղդվում ստի, կեղծիքի, ապականության ճահճում, չի այրվում խարույկի մեջ եւ չի թաղվում հողում:

Այսօրվա հայաստանյան իրականության մեջ ստի, կեղծիքի, խաբեության, անամոթության տակառները պռնկեպռունկ լցված են: Այդ տակառները պատրաստված են հայ ազգային կաղապարների փայտից: Այդ փայտից են պատրաստված «աղբը տնից դուրս չհանելու», «թշնամու ջրաղացին ջուր չլցնելու», ավելի որոշակի՝ հայրենիքի մասին կամ լավ, կամ ոչինչ չասելու մահակները:

Ստի, կեղծիքի, խաբեության կեղտաջրերով է լցվել հայկական իրականության ներկան, սակայն մեզ թվում է, որ այդ հեղեղը չի հասնի հայկական լեռներին, որտեղ եւ փորձում ենք պատսպարվել: Մենք հրաժարվում ենք գիտակցել-ընդունել, որ ազատության մեր ձգտումները շարունակ ոտնատակ են տրվում, քանի որ ազատությունն անպաշտպան է առանց ճշմարտության, ինչպես եւ ճշմարտությունն է վհատեցնում ու թեւաթափ անում առանց ազատության: Հայկական միջավայրում հաճախ փորձում են ստին ճշմարտության քղամիդ հագցնել, մոռանալով, որ ցանկացած դեպքում ճշմարտության խարազանը մերկ է:

Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանջը, որին ստիպում են ստել ի շահ միջազգային հանրության, առցանց հարցազրույցի ժամանակ, պատասխանելով «Գարդիան» թերթի ընթերցողների հարցերին, ընդգծել է՝ «Պատմությունը կհաղթի, եւ աշխարհը դուրս կգա զարգացման առավել լավ ճանապարհ: Արդյո՞ք մենք ողջ կմնանք: Դա կախված է ձեզնից»:

Հայ ժողովրդի անցյալը եւ ներկան համաշխարհային պատմության մի մասն է. մենք չենք կարող սպասել Ժամանակի, Պատմության կամ Աստծո Դատաստանին: Ճշմարտությունը ճանապարհին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել