Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանուն մատչելիության եւ թափանցիկության

Փետրվար 09,2011 00:00

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ նախաձեռնությամբ կհզորացվեն եւ կբարեփոխվեն ՀՀ բոլոր 10 մարզպետարանների կայքերը:

\"\"Հայաստանում չկա մի պետական գերատեսչություն, որ պաշտոնական կայք չունենա: Այլ հարց է, թե ինչպես է գերատեսչության վիրտուալ տարբերակը աշխատում, ինչ է մատուցում, որքանով է գրավիչ ու հասանելի թե ԶԼՄ-ների, թե ՀՀ քաղաքացիների եւ օտարների համար: ՀՀ մարզերի մասին «Առավոտում» գրող հեղինակների դիտարկումներով Հայաստանի 10 մարզերի կայքերը, ունենալով նույն կառուցվածքը, էականորեն տարբեր են: Նորություններ եւ մարզի կյանքից հետաքրքիր տվյալներ ներկայացնում են Շիրակի, Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի մարզպետարանների կայքերը: Միշտ հասանելի է Վայոց ձորի կայքը: Մյուսները երեւանցի ընթերցողին ոչ միշտ են հասանելի: Ամենաանհասանելին Արարատի կայքն է:

Մարզպետարանների կայքերի բովանդակության եւ հասանելիության ուսումնասիրություն է իրականացրել նաեւ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Ըստ կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանի, 2010 թվականին իրենք հարցը քննարկել են թե մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարների, թե ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ: «Ուզում էինք պարզել, թե ինչ նոր մեխանիզմներ պետք է ներդրվեն, որ մարզպետարանները իրենց տնօրինած տեղեկատվությունը սեփական նախաձեռնությամբ եւ ավելի հեշտ դարձնեն հանրությանը մատչելի՝ ոչ թե նստեն սպասեն հարցումների: Բոլորը նշեցին, որ մարզպետարանների այսօրվա կայքերը չեն բավարարում այսօրվա պահանջներին. բազմաթիվ բաժիններից ընդամենը մի քանիսն են ակտիվ, նորությունները շատ քիչ են: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածով 13 խումբ տեղեկություններ են սահմանված, որոնք պարտադիր պետք է հրապարակվեն՝ բյուջե, գրավոր հարցումների ձեւեր, հաստիքացուցակներ, թափուր աշխատատեղեր, քաղաքացիների ընդունելության կարգը, հանրության համար իրականացվող աշխատանքներ, շրջակա միջավայրի վրա ներգործություն եւ այլն: Այսօրվա մարզպետարանների մեջ չկա մեկը, որ այս 13-ից գոնե կեսը մատչելի դարձրած լիներ կայքում եւ դա ոչ այնքան իրենց մեղքով, որքան կայքի սահմանափակ հնարավորությունների պատճառով»,- հայտարարեց Շուշան Դոյդոյանը:

Հենց այս ամենը հաշվի առնելով էլ որոշվել է հզորացնել, համալիր բարեփոխել տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանների կայքերը:

Երեւանի պետական համալսարանի դասախոս, էլեկտրոնային կառավարման մասնագետ, «ԻԱԿ» փորձագետ Լիանա Դոյդոյանը ասաց, որ կայքերը բարեփոխելու նախաձեռնությունը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» «Էլեկտրոնային կառավարում» ծրագրի շրջանակներում է: Ֆինանսավորումը՝ երեք միլիոն դրամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությանը (USAID): Ծրագրի տեխնիկական մասը (կայքի նախագծում) կիրականացնի «Հելիքս Քոնսալթինգ» ընկերությունը:

Նոր կայքերում կլինեն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածը, 13 խումբ տեղեկությունները, հարցման օրինակելի ձեւը, մարզպետարան դիմած քաղաքացին կկարողանա կայքի միջոցով հետեւել իր հարցման ընթացքին:

«Հելիքս Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը ասաց, որ, օրինակ, տարածքային կառավարման նախարարության կայքը նախագծվել է յոթ տարի առաջ եւ այսօր հնացած է: Թե նախարարության, թե մարզպետարանների կայքերը չեն արտապատկերվում Google կամ որեւէ այլ որոնման համակարգում: Նոր կայքերը այդ թերությունը չեն ունենա: «Կարեւոր խնդիրներից մեկը, որ կլուծվի՝ կայքերի բովանդակության կառավարման համար տեխնիկական գիտելիքներ պետք չեն լինի՝ համապատասխան բաժինները հնարավորություն կունենան կայքում իրենց բաժինները վարելու: Կայքերը կունենան բաժանորդագրվելու, ձայնա եւ տեսանյութեր, լուսանկարներ տեղադրելու հնարավորություններ: Մարզպետարանի կայքի միջոցով հնարավոր կլինի նամակ գրել որեւէ նախարարության եւ հետեւել նամակի ընթացքին»,- տեղեկացրեց Արամ Մխիթարյանը:

Արամ Մխիթարյանին ասացինք, որ, օրինակ, Արարատի մարզպետարանի կայքը Երեւանից չի բացվում: «Հասանելիության խնդիրը քննարկում ենք: Եթե կայքերը տեղադրվեն Երեւանում, ապա մարզում ինտերնետի բացակայության պարագայում մարզպետարանի կայքը տվյալ մարզում հասանելի չի լինի: Հնարավոր է կայքը տեղադրվի մարզում եւ ինչ-որ տեխնիկական լուծումներով դրա հայելային պատկերը պահվի Երեւանում»,- տեղեկացրեց Արամ Մխիթարյանը:

Լիանա Դոյդոյանը ասաց, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանների համար նոր կայքեր ապահովելով չի բավարարվելու: Մշտապես հետեւելու եւ կայքերում բարեփոխումներ անելու առաջարկներ է ներկայացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել