Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔ՝ ՆԱԵՎ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Փետրվար 09,2011 00:00

\"\"Երեկ տեղեկացրել ենք, որ վրացական համարանիշներով՝ Վրաստանում գրանցված մեքենա վարող անձինք փետրվարի 7-ին փակել էին Երեւան-Գյումրի մայրուղին՝ կառավարությունից պահանջելով վերանայել մաքսային օրենսդրության վերջին փոփոխությունները: Փետրվարի 8-ին էլ նույն պահանջով բողոք էին կազմակերպել նոյեմբերյանցի վարորդները:

2010թ. դեկտեմբերի 22-ին Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք: Ըստ այդ օրենքի, Հայաստան ներկրված վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաներն առանց մաքսազերծման տարեկան միայն 30 օր (15+15) կարող են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս օրենքն է, որ դժգոհության ալիք է առաջացրել Վրաստանին սահմանակից Նոյեմբերյանի տարածաշրջանում, ուր շատ են վրացական պետհամարանիշներով մեքենաները: Հայտնի է, որ հարեւան երկրում մեքենաների մաքսազերծման արժեքը ավելի քան 2 անգամ էժան է Հայաստանից:

Փետրվարի 8-ին, ժամը 11-ին Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակում հավաքվել էին վրացական համարանիշներով մեքենաների մոտ 100 տերեր: Կեսօրին նրանց մոտեցավ Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, ով ցուցարարներին խնդրեց իրենց պահանջը հայտնել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, այս ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանին եւ ՀՀԿ Նոյեմբերյանի տարածաշրջանի խորհրդի նախագահ Հովիկ Աբովյանին, ով Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետն է:

Քաղաքապետը հեռախոսով խոսեց հիշյալ անձանց հետ եւ ժամը 12.10-ին ցուցարարներին տեղեկացրեց, որ նրանք հիշյալ պաշտոնատարներին իրենց խնդիրը կարող են հայտնել 2 օր անց՝ հունվարի 10-ին, ժամը 12-ին:

Խաղաղ ցույցին հետեւում էին նոյեմբերյանցի ոստիկանները, ովքեր իրենց կոռեկտ էին պահում եւ չէին խառնվում:

Տեղեկացրել ենք, որ գյումրեցի վարորդները հայտարարել էին, թե իրենց բիզնեսը Վրաստան տեղափոխող գործարարների նման՝ կհեռանան Հայաստանից: Թե ինչ կլինի դատարկվող գյուղերով սահմանամերձ ու սահմանապահ Տավուշում, եթե մարդիկ հեռանան՝ ավելի լավ է չմտածենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել