Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նոր պաշտպանին թույլ չեն տալիս

Փետրվար 09,2011 00:00

Նախկին մաքսավորի տան վրա ավազակային հարձակման գործով՝ կրքերը շիկանում են

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանն արդեն հրապարակել է իր ճառը՝ միջնորդելով 15 տարվա ազատազրկման դատապարտել Արա Կարապետյանին, 14 տարվա՝ հայր եւ որդի Արսեն եւ Բագրատ Սողոմոնյաններին, 13 տարվա՝ Արշակ Գրիգորյանին եւ Հայկին, 12 տարվա՝ Աշոտ Խաչատրյանին եւ Հովհաննես Նազարյանին, 9 տարվա՝ Նիկոլայ Խաչիկյանին:

Տեղեկացնենք, որ մեղադրողի այս միջնորդությունը հարուցել է ամբաստանյալներից հատկապես Արա Կարապետյանի հարազատների դժգոհությունը, որոնք փետրվարի 7-ին ցույց են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Ցույցին մասնակցել է շուրջ 50-60 քաղաքացի: Ընդ որում, Արա Կարապետյանի քրոջը՝ Ծովինար Կարապետյանին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության բաժնի աշխատակիցներից մեկը, որին էլ ամբաստանյալի քույրը հանձնել է նախագահ Ս. Սարգսյանին ուղղված եղբոր նամակը: Թե ինչ է պարունակում նամակը, Ծ. Կարապետյանը չմանրամասնեց, միայն ասաց, որ վերահսկողության բաժնից խոստացել են այն հանձնել հասցեատիրոջը: Ըստ տիկնոջ, նամակին կցել են որոշ փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, թե նախաքննության ընթացքում ինչպիսի կեղծիքներ ու ապօրինություններ են եղել:

«Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Արա Կարապետյանը հրաժարվել էր պաշտպան Կարեն Քամալյանից, իսկ հունվարի 31-ից նրա պաշտպանությունը ստանձնել էր նոր պաշտպանը՝ փաստաբան Լուսինե Գրիգորյանը: Ծ. Կարապետյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ օրենքի կոպիտ խախտում է, որ թույլ չեն տալիս նոր պաշտպանին ծանոթանալ գործի հսկայածավալ նյութերին. «Դատավորը միայն ասաց՝ թող դատախազը ճառը կարդա, հետո նոր միայն դրան ժամանակ կտրամադրենք: Դատարանը մեզ հիմքեր տվեց հետագա ատյաններում մեզ համար հիմնավոր բողոքներ ներկայացնելու համար»: Ծ. Կարապետյանը եղբոր դեմ ուղղված հետապնդումների հետեւանքի ու պատճառի մասին միայն ենթադրություններ արեց, ըստ որի՝ Ա. Կարապետյանը տիրապետում է որոշ տեղեկատվության, մյուս կողմից՝ «եղբայրս այսօր չունի նախկինում ունեցած բիզնեսը: Սա արդեն բավական չէ՞: Մենք պարտավոր չենք դատարանում ապացուցել մեր անմեղությունը, դա դատարանը պետք է անի, սակայն դատարանը փորձում է ապացուցել Արայիկի մեղավորությունը, բայց չի կարողանում: Իրենց ենթադրությունները փորձում են դնել մեղադրանքի հիմքում»:

«Առավոտի» հետ զրույցում ամբաստանյալ Հայկ Մելքոնյանի պաշտպան Ռուբեն Ռշտունին եւս հայտնեց, որ այս գործին վերաբերող վերջին դատավարությունները դատավոր Մնացական Մարտիրոսյանի ձեռամբ ընթացել են դատավարության կոպիտ խախտումներով: «Բավարար ժամանակ չտվեցին Արա Կարապետյանի նոր պաշտպանին ծանոթանալ գործի նյութերին, պատկերացրեք՝ 13 հատոր գործ է, նույնիսկ դատախազին էլ ժամանակ չտրվեց կարծիք հայտնել այդ մասին: Դատախազն իր ճառը հրապարակեց որոշ պաշտպանների բացակայության պայմաններում, որը ընդունելի չէ: Պաշտպաններից մեկը ներկա էր դահլիճում, մեկը գնում, գալիս էր»,- ասաց Ռ. Ռշտունին: Համաձայն վերջինիս, դատավարության ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որի գիտելիքների վրա պաշտպանը ոչ մի կասկած չունի, գործը քննել է օրինական սկզբունքներով, իսկ թե վերջում ինչո՞ւ է թույլ տվել կոպիտ խախտումներ, կարելի է միայն ենթադրել: Ըստ Ռշտունու՝ դատախազը կարող էր իր ճառը հրապարակել նոր պաշտպանի՝ գործի նյութերին ծանոթանալու դեպքում միայն. «Գտնում եմ, որ դատարանն ապօրինի որոշում է կայացրել: Ես չեմ ենթարկվել դատարանի ապօրինի պահանջին: Այս գործն այնպիսին է, որ բոլորի շահերը շաղկապված են իրար: Հանցավոր խմբի մասին է խոսքը: Եթե հանցավոր խումբը չկա, խնդիրը բարդանում է: Կարծում եմ, որ սա Արա Կարապետյանի նկատմամբ պատվիրված գործ է»:

Հայտնենք նաեւ, որ երեկվա դատավարությունը հետաձգվեց՝ երկու պաշտպանների չներկայանալու պատճառով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել