Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սարիբեկյանի ընտանիքը՝ ծայրահեղ վիճակում

Փետրվար 09,2011 00:00

\"\"Մանվել Սարիբեկյանը 2010թ. հունիսին, կատարելով իր պարտքը հայրենիքի հանդեպ, բանակից վերադարձավ տուն: Նա տան միակ աշխատողն էր, հովիվ էր:

Սակայն զորացրվելուց ամիսներ հետո՝ սեպտեմբերի 10-ին իրենց գյուղի տարածքում անտառից փայտ բերելու ժամանակ անհայտ կորավ: 3 օր փնտրելուց հետո պարզվեց, որ ազերի դիվերսանտների կողմից նա գերեվարվել է եւ տարվել Բաքու:

\"\"Շարքային գյուղացուն ազերիները գազանի նման խոշտանգեցին, այնուհետեւ՝ կախեցին: Ազերիները ի լուր աշխարհի ստահոդ հայտարարություններ տարածեցին, թե հովիվ տղան, որը հարեւանի առաջարկով գնացել էր փայտ բերելու, քանի որ հարեւանը պետք է վճարեր, իսկ այդ չնչին գումարով նա պետք է իր անչափահաս քրոջ եւ եղբոր դպրոցական համազգեստի եւ գրքերի համար վճարեր, դիվերսանտ է եւ ինքնասպանություն է գործել: Մայրը տեսել է խոշտանգված որդու դիակը (շրթունքները այրված, ոտքերը ջարդված, սիրտ-թոքը հանած, կապտուկներով, պարանոցը կտրած, աչքերը հանած):

\"\"Սարիբեկյանի ընտանիքը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ: «Ընդդեմ իրավական կամայականության» իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Ժորժետա Մեսրոպյանի տեղեկացմամբ, Սարիբեկյանի եղբայրը 3 ամիս առաջ է վերադարձել բանակից, սակայն տանը նույնիսկ գումար չի եղել, որպեսզի նոր հագուստ գնեն նրա համար: Իրավապաշտպան կազմակերպության սոցիալական աշխատողը եւ բժիշկները այցելել են Սարիբեկյանների ընտանիք: «Առավոտին» տրամադրած լուսանկարներից պարզ է դառնում, որ ընտանիքը գտնվում է ծայրահեղ չքավորության մեջ: Տան պատուհանները ապակու փոխարեն պոլիէթիլենապատ են, պատերը՝ առանց սվաղի, տան մեջ խոնավությունից պատերի միջից ջուր է լցվում, 2 սենյակում է, որ հատակը տախտակապատ է, մյուս սենյակներում գրունտ է: Տանը չկա առօրյա օգտագործման համար կենցաղային իրեր: «Մահճակալները կոտրտված են եւ երկաթյա, ծռմռված ճաղերով»,- տեղեկացնում է Ժ. Մեսրոպյանը:

Մանվել Սարիբեկյանի հայրը, չնայած տարիքին, ցանկանում է աշխատել, որպեսզի հոգա իր ընտանիքի կարիքները, սակայն աշխատանք չկա:

Այս հայ ընտանիքին հոգածո ձեռք է պետք եւ ակնկալում ենք, որ այն կգտնվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել