Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շիրակցի ոստիկանները՝ առեւանգո՞ղ

Փետրվար 09,2011 00:00

Ինչպես հայտնի է, մի քանի օր է՝ Շիրակի մարզի վրացական պետհամարանիշ ունեցող մեքենաների վարորդները բոյկոտում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխությունների դեմ, համաձայն որի՝ վերջիններս այսուհետեւ ստիպված են մաքսազերծել հարեւան երկրից գնած մեքենաներն ու հայկական պետհամարանիշ ձեռք բերել:

Վարորդների խոսքերով, մաքսազերծումը խելահեղ թանկ արժե, ավելին, քան մեքենայի գինն է, օրինակ, եթե մեքենան $2000 արժե, մաքսազերծումը նստում է $2500: Որպես երկրորդ տարբերակ, վարորդներին մնում է մեքենան տանել ու Վրաստանում դեն նետել: Երեկ շիրակցի վարորդները պատրաստվում էին բողոքի ակցիա անցկացնել Բավրայում, որտեղ նրանց պետք է միանային Ջավախքի վարորդները: Նշենք, որ օրենքում տեղ գտած փոփոխությունները պատուհաս են դարձել նաեւ ջավախահայության գլխին, որոնք, որպես Վրաստանի քաղաքացիներ, 90 օրից ավելի իրավունք չունեն մնալ ՀՀ տարածքում, իսկ սա նշանակում է, որ նրանց մուտքը հայրենիք՝ արհեստականորեն սահմանափակվել է:

Շիրակցի վարորդները չկարողացան հասնել Բավրա, քանի որ նրանց հարցերը որոշել էին լուծել մարզի ոստիկանները: Երեկ նրանք Գյումրիի կայարանամերձ հրապարակը շրջափակել էին՝ ստեղծելով անտեղի քաշքշուկներ, վարորդներին էլ առանց պատճառաբանության՝ ոստիկանություն բերման ենթարկել: Կոնֆլիկտը հասավ նրան, որ ոստիկանները, բառի իսկական իմաստով, առեւանգեցին երեք մեքենա՝ տանելով տուգանային հրապարակ ու տերերին ահաբեկելով: Վարորդներին հաջողվեց մեքենաները հետ ստանալ միայն օրվա երկրորդ կեսին: Վերջիններս հավաքվելով Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում՝ այնուամենայնիվ որոշեցին իրենց ավտոերթն անցկացնել հինգշաբթի: Նրանք նաեւ բողոք-նամակներ են պատրաստել՝ ուղղված երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ պատգամավորներին: Նշենք, որ «Ասպարեզ» ակումբ էին եկել նաեւ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանը,եւ Ռուբեն Հակոբյանը, որոնք հանդիպելով վարորդների հետ, որոշեցին դատախազություն ու ոստիկանություն հաղորդագրություն ուղարկել՝ ոստիկանների կատարած հանցագործության, այն է՝ 3 մեքենա առեւանգելու վերաբերյալ: Ի դեպ, ոստիկանները փակել էին նաեւ «Ասպարեզ» ակումբ տանող ճանապարհները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել