Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վթարային կոմիսարի վրա ժամ է դրված

Փետրվար 09,2011 00:00

Օրերս տեղացած առատ ձյունը, մեղմ ասած, ապահովագրական ընկերությունների «վրա չեկավ»: Հանրապետությունով մեկ մեծ քանակությամբ ավտովթարներ գրանցվեցին, որոնց տակից, բնականաբար, ապահովագրական ընկերությունները պետք է դուրս գան: Եվ մինչ ընկերությունները կհաշվարկեն փոխհատուցելիք գումարները, մի քանի կարեւոր դիտարկումներ նշենք, որոնք շարքային քաղաքացիներին եւս հետաքրքրում են: Այն օրերին առաջացած խցանումները միայն տեղումների պատճառով չէին. դրանց հիմնական պատճառը ԱՊՊԱ-ն էր: Այսինքն՝ ճանապարհի ուղիղ մեջտեղում վթարի ենթարկված ավտոմեքենան որեւէ մեկն իրավունք չունի տեղաշարժելու՝ մինչեւ ապահովագրական ընկերության ներկայացուցիչը տեղ չհասնի ու չպարզի՝ ով է մեղավոր: Եթե փողոցի մեջտեղում ավտովթար է եղել, ապա վթարային կոմիսարը ամենաքիչը 30 րոպեի, իսկ ամենաշատը մոտ 1 ժամվա ընթացքում պետք է հասնի դեպքի վայր: Սակայն կախված տեղանքից՝ ժամանակը տարբեր է: «Առավոտի» հետ զրույցում «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության փոխտնօրեն Անդրանիկ Օհանյանն ասաց, որ, ըստ օրենքի, մայրաքաղաքում ապահովագրական ընկերության հայցերը կարգավորող անձի՝ դեպքի վայր մոտենալու ժամանակը 45 րոպե է, իսկ մարզերում՝ 90: Պարոն Օհանյանի խոսքերով՝ «Այդ օրը կատաստրոֆիկ շատ էին վթարները: Մնացած օրերին 3-4 անգամ քիչ են լինում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ահազանգերի ընդամենը կեսն է լինում ենթակա մեր փոխհատուցմանը, մնացածը՝ այլ ապահովագրական ընկերություններինը»:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունից էլ վստահեցրին, որ վթարային կոմիսարի դեպքի վայր հասնելը այդ օրերին տեւել է միջինը 20-25 րոպե, իսկ կախված դեպքի բարդությունից, ամբողջ ընթացակարգը՝ մեղավոր կողմին պարզելու, 2 ժամ: Սակայն կա հարցը լուծելու շատ հեշտ տարբերակ՝ համաձայնեցված հայտարարագիրը: Այս դեպքում կողմերը համաձայնության են գալիս՝ թե ով է մեղավոր, ստորագրում են հայտարարագիրը, որը յուրաքանչյուր վարորդի մեքենայում առկա է եւ ազատվում ապահովագրական ընկերության աշխատակցին անհամբեր սպասելուց եւ անտեղի խցանում առաջացնելու հոգսից: Ընկերությունից վստահեցրին, որ իրենց մոտ փետրվարի 1-ին 115 դեպք է գրանցվել, 5 դեպք էլ՝ գիշերը: 5 դեպք է եղել, որ իրար բախված մեքենաները վթարային իրավիճակ են ստեղծել. «Մեզ զանգելուց հետո խորհուրդ ենք տվել համաձայնեցված հայտարարագիրը լրացնեն, որպեսզի կարողանան մեքենաները կողքի տանեն ու ճանապարհը բացեն»: Ապահովագրական ընկերությունները վթարի ենթարկված մեքենաների վարորդներին խորհուրդ էին տալիս հարցն արագ լուծելու համար հեռախոսներով նկարել դեպքը, տեղում հայտարարագիրը լրացնել ու շարժվել առաջ:

«Ինգո Արմենիա» ընկերությունից էլ հայտնեցին. «Նշված օրերի ընթացքում տեղի է ունեցել մոտ 200 ավտովթար, 3 օրերի ընթացքում վճարվել է դրանցից 40-42%-ին, իսկ մնացած 30%-ին պատրաստվում են վճարման մեկ շաբաթվա ընթացքում: Մնացած քանակը պահանջում է լրացուցիչ փորձաքննություն, որ կարող է տեւել մինչեւ 25 օր»: Ընկերությունից վստահեցնում են, որ 2 րոպեի ընթացքում փորձում են հասնել դեպքի վայր, սակայն պատահում է, որ «պիկ» ժամերին խցանումներ են լինում կամ արտակարգ դրություն, ինչի պատճառով աշխատակիցը մի փոքր ուշ է հասնում տեղ, ինչպես եղել է փետրվարի 1-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել