Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԼՈՌԵՑԻՆԵՐԸ ՇԱՏ ՄԱՀԱՆՈՒՄ

Փետրվար 09,2011 00:00

\"\"Մասնագետները, ըստ էության, որեւէ պատճառ չեն գտնում

Օրերս Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը 2010-ին տեղի ունեցած ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի մասին վիճակագրական տվյալները ներկայացնելիս մի հետաքրքիր ցուցանիշ եւս հրապարակեց՝ կապված Լոռվա մարզի հետ: Ըստ ներկայացված տվյալների, առհասարակ մեր երկրում 2010-ին ավելի շատ մարդ է մահացել, քան 2009-ին, ընդ որում՝ մահերի մեծ տոկոս բաժին է ընկնում հատկապես Լոռու մարզին: Եթե մահացության հանրապետական միջին ցուցանիշը 8.6 տոկոս է, այսինքն՝ 1000 բնակչի հաշվով մահանում է մոտ 8 մարդ, ապա Լոռվա մարզում այդ տվյալը 10.4 տոկոս է: Թե ինչու են այդ մարզի բնակիչները 2010-ին ավելի շատ մահացել՝ Կ. Կույումջյանը մեզ հետ զրույցում դժվարացավ ասել, քանի որ պատճառների մասին մարզային ուսումնասիրություններ չեն արել: Բայց հանրապետության կտրվածքով 2010-ին գրանցված 28 հազար մահվան դեպքերից հիմնական պատճառը եղել են արյան շրջանառության հետ կապված (սրտանոթային) հիվանդությունները, նորագոյացությունները, վարակիչ հիվանդությունները, ինչպես նաեւ դժբախտ պատահարները: Հաշվի առնելով, որ Լոռիում էլ մահվան պատճառները պետք է որ պայմանավորված լինեն հենց նույն հիվանդություններով, մենք զրուցեցինք առողջապահության նախարարության մասնագետների հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ են լոռեցիներն ավելի շատ մահանում, քան այլ մարզի բնակիչները:

Երեւանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանի պարզաբանմամբ՝ ընդհանրապես ամբողջ աշխարհում զարգացած երկրներում սրտանոթային հիվանդություններից ամենաշատն են մահանում: Եթե ոչ զարգացած երկրներում, ասենք՝ Աֆրիկայում շատ են մահանում տարբեր վարակներից, զարգացած երկրներում մահերի հիմնական պատճառը սրտի կաթվածներն են, հանկարծամահությունը, արյան շրջանառության հետ կապված հիվանդությունները: Եթե նույնիսկ Լոռիում մարդիկ շատ են մահանում սրտանոթային հիվանդություններից, դա մտահոգիչ չէ, պետք է ուսումնասիրել, թե հատկապես ո՞ր տարիքային խմբում են նրանք մահանում. «Եթե մարդը 85 տարեկանում է մահանում, պարզ է, որ պետք է սրտի հետ կապված հիվանդությունից մահանա, դա խնդիր չէ, առավել կարեւոր է, որ այդ հիվանդությունները չերիտասարդանան: Նման միտում այսօր կա Երեւանում: Իմ կարծիքով, երկրի անվտանգության համար ամենակարեւոր կոմպոնենտը բնակչության առողջությունն է, բայց այսօր մեր երկրում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման պետական ծրագիր նույնիսկ չունենք, սա այն դեպքում, երբ երկրի բնակչության մահվան հիմնական պատճառը՝ 50 տոկոսը, հենց սրտանոթային հիվանդություններն են»:

Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հանրապետության կտրվածքով, նախորդ տարիների համեմատությամբ, վարակիչ հիվանդություններից մահացությունը ներկայումս նվազել է. «Լոռիում ես վարակիչ հիվանդություններից մահվան շատ դեպքեր չեմ հիշում, որ մեծ ցուցանիշ ապահովեր, միայն 1-2 թունավորման դեպքեր եղան. մեկը՝ ջրային թունավորում էր, մյուսը՝ սննդային, ֆասթ-ֆուդ էին կերել ու թունավորվել, բայց երկու դեպքում էլ մեզ հաջողվեց արագ ոտքի կանգնեցնել մարդկանց, այսինքն՝ մահ չեղավ, ուստի դժվար թե Լոռիում մահերի մեծ տոկոսը հենց վարակիչ հիվանդությունների աճով պայմանավորված լիներ: Ընդհանրապես վերջին շրջանում շատ մոդայիկ է դարձել վարակներից խոսելը, ինչ լինում է՝ վարակիչ հիվանդություններով են պայմանավորում, բայց ես, որպես գլխավոր վարակաբան, կարող եմ ասել, որ այդ հիվանդությունների տարածվածությունը եւ մահացությունը երկրում կրճատվել է»:

Ինչ վերաբերում է նորագոյացություններին, ըստ Ազգային վիճծառայության մասնագետի, երկրի բնակչության մահացության 20 տոկոսը բաժին է ընկնում հենց այդ հիվանդություններին: Չի բացառվում, որ Լոռիում մահացության մեծ տոկոսը կապված լինի հենց այս հիվանդության հետ՝ հաշվի առնելով այդ տարածքում գործող ֆաբրիկաների եւ հանքերի գոյությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել