Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Փետրվար 09,2011 00:00

Հայաստանի կառավարության որոշմամբ, այս տարվա հոկտեմբերի 12-21-ը համապետական մարդահամար կանցկացվի: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով, մարդահամար անցկացնելու համար կծախսվի 2,5 միլիարդ դրամ: Նախքան համապետական մարդահամարը, արդեն փորձնական մարդահամար է անցկացվել Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերի՝ Սեւան, Գանձասար, Գետահովիտ, Խաշթառակ եւ Աչաջուր համայնքներում:

Արդյունքում պարզվել է, որ նշված համայնքներում բնակչության ընդհանուր թիվը կազմում է հանրապետության բնակչության 1%-ը: Տիկին Կույումջյանի խոսքով, հարցաթերթիկները կազմված են եղել 33 հիմնական հարցերից ու ենթահարցերից: Հարցերը վերաբերել են բնակության վայրին, սեփականությանը, հեռահաղորդակցության սարքերին, լեզուների իմացությանը, ամուսնության, ծնելիության կարգավիճակին, զբաղվածությանն ու կրոնական դավանանքին:

«Աշխատանքի արդյունքում պարզվեց, որ բնակչությունը դեռ պատրաստ չէ պատասխանել հարցերին, քանի որ անգամ իրենք հավաստի տեղեկություններ չեն ունեցել իրենց սեփականության եւ հողատարածքների մասին: Կան դեպքեր, երբ մարդը թեեւ վաղուց հրաժարվել է իր տարածքից, բայց այն դեռ պաշտոնապես պատկանում է իրեն: Նկատվել է նաեւ մարդկանց գրանցումների եւ հասցեների անհամապատասխանություն»,- հայտարարեց տիկին Կույումջյանը: Իսկ թե որքանով է բնակչության թիվը մեծացել կամ նվազել նշված տարածքներում, որտեղ փորձնական մարդահամար է անցկացվել, տիկին Կույումջյանը թվեր չասաց, միայն վստահեցրեց, որ հաստատ ավելացել են. «Ստույգ թվեր չեմ կարող ասել, հիմա դրան պատրաստ չեմ»: Նա հերքեց այն տեղեկությունները, որ մարդահամարի միջոցով պատրաստում են ընտրացուցակները. «Ոչ մի կապ չկա ընտրությունների հետ»: Տիկին Կույումջյանի խոսքով, փորձնական մարդահամարն անցկացվել է Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել