Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մենաշնորհ չի՞ լինի

Փետրվար 09,2011 00:00

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արարատի մարզի Սիփանիկ գյուղի ձկնաբուծական տնտեսություններից մեկում ջրաչափի տեղադրման փորձնական ծրագրի իրականացմանը: Ձկնաբույծները հնչեցրել են իրենց մտահոգությունները ջրաչափիչ սարքերի տեղադրման խնդիրների վերաբերյալ՝ անհրաժեշտ համարելով յուրաքանչյուր ձկնաբուծական տնտեսության համար անհատական չափորոշիչների կիրառումը:

Անհրաժեշտ համարելով Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային ջրային ռեսուրսների հաշվառման, արդյունավետ կառավարման եւ պահպանության ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը՝ Տ. Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր տնտեսության համար կիրառվելու են ջրաչափիչ սարքերի տեղադրման անհատական տեխնիկական չափորոշիչներ, եւ ձկնաբույծները կարող են ինքնուրույնաբար ձեռք բերել ջրաչափիչ սարքեր իրենց նախընտրած ընկերությունից: Վարչապետն ասել է. «Մեր նպատակն է կրկնապատկել ձկնաբույծների կարողությունները: 2010թ. շուրջ 500 տոննա ձուկ է արտահանվել ՀՀ-ից: Կառավարությունը ջանքեր է գործադրել, որպեսզի 22 տնտեսվարող ստանա արտոնագիր ՌԴ-ում եւ հնարավորություն ստանա արտահանել իր արտադրանքը: 2011թ. այս ցուցանիշը պետք է կրկնապատկվի: Բոլոր ձկնաբուծական տնտեսություններում ներդնելու ենք ստանդարտներ՝ սկսած ջրաչափերից, ավարտած ձկնաբուծության ոլորտում կիրառվող տեխնոլոգիաներով, որպեսզի վստահ լինենք, որ ձկնաբույծներն աշխատում են սննդի անվտանգության ապահովման կանոններով: Դա բխում է եւ մեր բնակչության շահերից, եւ միջազգային պարտավորություններից»:

Խոսելով անօրինական ջրօգտագործման մասին՝ վարչապետն ընդգծել է. «Տասնյակ համայնքներ այսօր զրկվել են խմելու եւ ոռոգման ջրից այն պատճառով, որ ջրային ռեսուրսները ռացիոնալ չեն օգտագործվում. կա շուրջ 3500 հոր, որից 2000-ն անօրինական է, եւ պետությունը պատշաճ ձեւով չի իրականացնում օգտագործվող ջրերի հաշվառում: Խնդիրն առնչվում է նաեւ ձկնաբուծական ընկերություններին: Կան ընկերություններ, որոնք առանց համապատասխան թույլտվության ունեն խորքային հորեր եւ այդ ջուրն անօրինական օգտագործում են՝ ստեղծելով էկոլոգիական ռիսկեր: Անհրաժեշտություն կա հաշվառել ջուրն ամբողջությամբ»: Նա նաեւ ասել է. «Քննադատություն կա, թե ամենն արվում է, որպեսզի ջրօգտագործողների եւ ձկնաբույծների ոլորտում ձեւավորվեն նոր մոնոպոլիաներ, ինչն, իհարկե, անհեթեթություն է: Առաջին հերթին հսկողությունն սկսելու ենք իրականացնել խոշոր տնտեսություններից: Բնապահպանության նախարարության կայքէջում տեղադրված է ձկնաբուծական տնտեսությունների ամբողջական ցանկը՝ ըստ խոշորության: Մեր բոլոր ստուգումներն ու ջրաչափերի տեղադրումն սկսելու ենք խոշոր ձկնաբուծական ընկերություններից: Պետությունը հաշվի կառնի օբյեկտիվ դժվարությունները հողերի կատեգորիայի տեղափոխման, ջրօգտագործման պայմանագրերի կնքման, վերակնքման եւ ժամկետների երկարաձգման հետ կապված՝ ընդառաջելով ձկնաբույծներին: Ստեղծելու ենք բարենպաստ պայմաններ, որպեսզի ձկնաբուծությամբ զբաղվելը չլինի ծախսատար, եւ 2011թ. արտահանումն այս ոլորտում կրկնապատկվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել