Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինքը ապուշ չի

Փետրվար 09,2011 00:00

Ուղղակի WikiLeaks–ին լուրջ չի վերաբերվում

\"\"Երեկ հայաստանյան կայքերը հեղեղված էին WikiLeaks-ում տեղ գտած հրապարակմամբ, որում անդրադարձ կար բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի՝ ոսկու արդյունահանմամբ զբաղվող միջազգային Global Gold Corporation (GGC) ընկերությունից 3 մլն դոլարի կաշառք շորթելու հայաստանյան հասարակությանը լայնորեն հայտնի, սակայն այդպես էլ չապացուցված (փաստական առումով) պատմությանը: Ժամանակին հայկական մամուլը բազմիցս անդրադարձել է այս թեմային եւ ընդհանրապես՝ Վ. Այվազյանի եւ հանքարդյունաբերողների միջեւ պարբերաբար անցնող սեւ կատուներին: Այս առումով WikiLeaks–ի հրապարակումը որեւէ նորություն չէր պարունակում, բացի այն, որ մե՛ր կառավարության կեղտերն էլ են արդեն հայտնվում այդ կայքում: Եվ թերեւս այդ հրապարակումների մեջ ամենատխուր պահն այն էր, որ ասվում էր, թե Global Gold Corporation (GGC)-ին ՀՀ կառավարությունից խորհուրդ էին տվել դիմել դատախազություն կամ դատարան, եւ այս միջազգային ընկերությունը չէր դիմել՝ հաշվի առնելով հայաստանյան դատական համակարգի չափազանց վատ եւ աչառու համբավը: Այն, որ իշխանության մեջ կարող են լինել կոռումպացված չինովնիկներ՝ միայն մեր երկրին չի հատուկ, եւ դա մարսվող փաստ կլիներ, եթե արդարադատության համակարգը չլիներ կոռումպացված, կախյալ եւ անարդարադատ: Սակայն մյուս կողմից էլ՝ եթե դատական համակարգը կայացած լիներ՝ այդ կարգի պաշտոնյաները ոչ թե պաշտոնաթող լինելուց հետո պատգամավոր կդառնային, այլ չէին հասցնի պաշտոնաթող լինել՝ ճաղերի հետեւում կհայտնվեին:

Այս հրապարակումների կապակցությամբ առավել հետաքրքիր է իր՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի պարզաբանումը: Մասնավորապես, tert.am-ին նա հայտարարել է, որ անլուրջ է վերաբերվում WikiLeaks-ի հրապարակմանը, թե ինքը 2005թ. ոսկու արդյունահանմամբ զբաղվող միջազգային Global Gold Corporation (GGC) ընկերության իրավաբան Աշոտ Պողոսյանից պահանջել է իր մոտ ընկերոջը եւ պատգամավոր Մուրադ Գուլոյանին 3 մլն դոլար կաշառք տալ: Նա այս կայքին ասել է. «Ծեծված թեմա է, չեմ էլ ուզում անդրադառնալ: Ինչ-որ մեկին շատ հետաքրքիր է էդ ամբողջը, որ ժամանակ առ ժամանակ հարցը բարձրացնում է: Շատ անլուրջ եմ վերաբերվում այս ամենին: Այդ հարցը տարիներ առաջ էլ է բարձրացվել, հիշյալ ընկերությունն անգամ խոստացել է ձայնագրություն հրապարակել, ինչը մինչեւ օրս չի արել: Մինչեւ այսօր փաստեր են ներկայացնում: Ո՞նց եք կարծում, ենթադրենք ԱՄՆ պետդեպարտամենտից ինձ ասում են, որ այդպես է, եւ այսքան ժամանակ ես հանգիստ նստա՞ծ եմ: Ես համ Ամերիկա եմ գնում-գալիս, համ աշխատում եմ: Ո՞նց կարող է պատահի՝ նման բան եղած լինի»: Նա ասել է նաեւ, որ արդեն յոթ տարի դատարանում ընթանում է մեկ այլ գործ. «Իրենք դատարան են դիմել, որ ես խոչընդոտել եմ իրենց աշխատանքին՝ չլինելով պայմանագրի կողմ: Ընդամենը: Ու այդ դատական պրոցեսն արդեն գնում է 7 տարի»:

Իսկ news.am-ի թղթակցին ասել է. «Մի՞թե ես նման եմ ապուշի, ով կաշառք կվերցնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել