Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԱՊԵՏԸ «ԲԼԵ՞Ֆ» Է ԱՆՈՒՄ

Փետրվար 09,2011 00:00

Խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով Սյունիքում  շարունակում են խոզեր սատկել, գյուղացիները հիվանդ կենդանիների միսը վաճառում են շուկաներում:

\"\"«Առավոտի» հունվարի 27-ի «Ժանտախտը տարածվում է» հրապարակման մեջ անդրադարձել էինք Լոռու եւ Սյունիքի մարզերում հավերի եւ խոզերի շրջանում տարածված վարակին եւ տեղեկացրել, որ խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով Սիսիանի եւ Կապանի տարածաշրջաններում միայն անցյալ տարի 172 գլուխ խոզ է սատկել: Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբուժության գլխավոր մասնագետ Արթուր Խաչատրյանը «Առավոտին» հավաստիացրել էր՝ խոզերի շրջանում ներկայումս վարակ չկա, իրավիճակը վերահսկելի է: Մինչդեռ Սյունիքի մարզում աֆրիկյան ժանտախտի պատճառով շարունակում են կենդանիներ ոչնչացվել: Սիսիանի շրջանի 370 բնակիչ ունեցող Մուցք գյուղի ղեկավար Դրաստամատ Նավասարդյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ժանտախտի պատճառով 21 գլուխ խոզ է վերացվել: Գյուղապետի խոսքով, խոզերը սկսել են կեր չուտել մոտ 2 շաբաթ առաջ, սակայն գյուղացիները կարծել են, թե պատճառը թունավորումն է: Մեր տեղեկություններով, գյուղացիները հիվանդ խոզերի միսը սպառել են նաեւ շուկաներում: «Սկզբում մարդիկ չեն իմացել, որ ժանտախտ է, տարել են՝ շուկաներում վաճառել: Բայց միսը օգտագործել թույլատրվում է, միայն պետք է լավ եռացնես: Հիմա եղանակը մի քիչ ցուրտ է, նպաստում է վարակի կանխմանը: Բոլոր վարակված խոզերը վերացված են: Գոյություն ունի ինկուբացիոն շրջան, եթե մի 20 օր չեղավ, էդ էլ մեր բախտից»,- ասաց Մուցքի գյուղապետը:

Այս գյուղում կեղծ ժանտախտի պատճառով հավ էլ չի մնացել, բոլոր՝ 2800 թռչունները ոչնչացվել են, գյուղացիները 9 միլիոն դրամի վնաս են կրել: Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի անասնաբուժական բաժնի գլխավոր մասնագետ Ժեւիկ Սանթրյանն ասաց, որ իրենք խոզերի անկման մասին տեղեկացել են հունվարի 30-ին, որից հետո նմուշը ուղարկվել է Երեւան, հաջորդ օրն էլ հաստատվել է աֆրիկյան ժանտախտ լինելու փաստը: Անասնաբույժն անձամբ չի եղել Մուցքում, բայց տեղեկանալուն պես ախտահանիչ նյութեր են տարել գյուղ: Ըստ նրա, վարակի բոլոր օջախները ախտահանվել են: Ժ. Սանթրյանը հիվանդ կենդանիների այլ թիվ նշեց՝ ոչ թե 21, այլ 5 հիվանդ խոզ է եղել գյուղում, որոնցից ոչ մեկը, նրա վստահեցմամբ, չի սատկել, խոզերին էլ ոչ թե հարկադիր սպանդի են ենթարկել, այլ մորթել՝ սեփական կարիքների համար: Հիվանդ խոզերից մեկն էլ գյուղի անասնաբույժինն է եղել:

Գյուղապետի նշած ժամկետը, թե մոտ 2 շաբաթ առաջ են դեպքեր եղել, Ժեւիկ Սանթրյանին արժանահավատ չի թվում. «Իրենք ասում են՝ 25 օր առաջ էլ 15 հատն է հիվանդ եղել, շատ իզուր, կարող է՝ իրենց համար մորթել, կերել են: Երեւում է՝ գյուղապետն իր համար մորթել ա տվել, տարել են Երեւան, ծախել, բլեֆներ է անում»:

Հիշեցնենք, որ նախ որդ տարվա նոյեմբերին էլ աֆրիկյան ժանտախտի պատճառով մոտ 30 գլուխ խոզ միայն Սիսիան քաղաքում էր վերացվել: Հարցին, թե ինչո՞ւ է հիվանդությունը շարունակում տարածվել եւ ի՞նչ քայլեր են արվում ժանտախտի տարածումը կանխելու համար, անասնաբույժը նշեց՝ այս անգամ պատճառը ինչ-որ տեղից բերված կերն է եղել: «Աշխարհում այս հիվանդության դեմ պատվաստանյութ դեռ չկա, եթե հիվանդ կենդանի է լինում, պետք է անմիջապես վերացնես այնպես, որ գայլերը, շները չկարողանան տարածել: Սիսիանում դեպքը եղել էր զորամասի մոտ, կենդանիները կերակրվել էին զորամասի սննդի մնացորդներով, իսկ սնունդը բերված էր եղել տարբեր մարզերից: Բոլոր հիվանդ կենդանիներին մեքենաներով տարել էինք, աղբանոցում 3 մ խորությամբ թաղել»,- տեղեկացրեց Ժեւիկ Սանթրյանը: Մասնագետը ասաց նաեւ, որ միսը մարդկանց համար վնասակար չէ, մարդը աֆրիկյան ժանտախտով չի հիվանդանում, բայց ամեն դեպքում ոստիկանության հետ պայմանավորվածություն կա, եթե Մուցքում նորից հիվանդության դեպքեր լինեն, կգնան, տեղում կվերահսկեն, որպեսզի հիվանդ կենդանիների միսը չտանեն ուրիշ տեղ:

Ժեւիկ Սանթրյանն ասաց, որ տարածաշրջանում տարածված թռչնի ժանտախտի նոր դեպքեր չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել