Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր գյուղն այսօր վտանգված է»

Փետրվար 09,2011 00:00

Համոզված է ՀՅԴ խմբակցության պատգամավոր  Ռուզան Առաքելյանը

\"\"Ազգային ժողովը երեկ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում պատգամավոր Ռուզան Առաքելյանի առաջարկած փոփոխությունները: Ըստ այս առաջարկի՝ պետությունը սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում հաշվառված եւ վերջին ութ տարում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով՝ անվճար նախնական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական կրթություն: Մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված եղանակով՝ միայն սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերից գործուղված քաղաքացիների միջեւ, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասում նշվում է, որ կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է պետական պատվեր ոչ միայն ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների, այլեւ սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի: Փոփոխությունների հեղինակը «Առավոտի» հետ զրույցում նկատեց, որ անգամ այս դեպքում չի կարելի ասել, թե բոլոր հարցերը սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջանների բնակիչների համար լուծվում են, որովհետեւ մարդիկ պարզապես խեղդված են սոցիալական խնդիրների բեռան տակ:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանի ներկայացմամբ, արտոնյալ պայմաններում ուսանածները պետք է վերադառնան իրենց շրջանները եւ հինգ տարի աշխատեն, իսկ եթե դա չեն անի, ապա պետք է փոխհատուցեն պետության ծախսերը:

Մեր զրուցակիցը համոզված է, որ իր հեղինակած նախագիծը, իհարկե, չի լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մարդկանց առաջ. «Իհարկե, սա մասամբ կարող է ինչ-որ խնդիր լուծել, բնականաբար՝ կլուծի, սակայն մեր առջեւ դեռեւս ծառացած են բազմաթիվ այլ խնդիրներ, ի վերջո մեր գյուղն այսօր վտանգված է, իսկ մեր հայրենի կառավարությունը դեռեւս մարզերի զարգացման հայեցակարգը, մարզերի զարգացման ծրագիրը պահում է լոկ ցանկությունների դաշտում: Այո, առանց օրենսդրական նախաձեռնությունների, առանց կոնկրետ ծրագրերի իրագործման մենք չենք կարող խոսել մարզերի զարգացման, հատկապես համաչափ զարգացման մասին, որովհետեւ մենք ականատեսն ենք (Դաշնակցություն խմբակցությունը հաճախակի է այցեր կազմակերպում մարզեր) այն բանի, որ մեր գյուղերը խորը ճգնաժամի մեջ են՝ եւ սոցիալական խնդիր կա, եւ զբաղվածության խնդիր կա, եւ արտագաղթի խնդիր կա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել