Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐԸ ԽԱՂԱՑԵԼ ԷԻՆՔ, ՄՆՈՒՄ ԷՐ ԵՐԿՊԱԼԱՏԸ»

Փետրվար 09,2011 00:00

«Գաղափարին» կողմ են, տեխնիկապես չեն պատկերացնում

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտնի հայտարարությունը՝ երկպալատ խորհրդարան ստեղծելու հավանականության մասին, դարձել է քաղաքական շրջանակներում քննարկվող հարցերից մեկը: Վերջերս նման մի քննարկման ժամանակ, որը մասնավոր զրույց էր, քաղաքական գործիչներից մեկը նկատեց. «Իբր մեր պառլամենտական տեղերի համար առեւտուրը քիչ էր, հիմա էլ Սփյուռքի հետ պետք է առեւտրային հարաբերությունների մեջ մտնենք»: Իհարկե, դեռ վաղ է խոսել երկպալատ խորհրդարանի մասին, եւ պարզապես անհասկանալի է, թե ինչու Սփյուռքի նախարարը որոշեց խոսել մի թեմայի շուրջ, որը դեռ շատ ջուր կվերցնի եւ պարզապես խոսքային մակարդակից չի բարձրանա դեռ երկար տարիներ: Մի բան անժխտելի է՝ ինչպես բոլոր հարցերում, այս հարցի շուրջ եւս կարծիքները տրամագծորեն տարբեր են: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, օրինակ, այս հարցի քննարկումները չափազանց ժամանակավրեպ են. «Այդ տեսանկյունից ուշագրավ էր նաեւ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի բավականին զուսպ եւ հավասարակշռված մեկնաբանությունը»: Պատգամավորի կարծիքով, Հայաստանի կողմից բազմաբեւեռ ազգային քաղաքականության բաղադրիչ կարող է դառնալ հետեւյալ գաղափարը՝ «Ցեղասպանության ճանաչման խնդիրը տեղափոխվի ցեղասպանության ենթարկված արեւմտահայության կողմից ընտրվելիք, լեգիտիմ մարմնի կողմից հետապնդվող բռնագաղթված հայության իրավունքներին Հայաստանի կողմից ցույց տրվող աջակցության հարթություն: Եվ արդյունքում գումարվի արեւմտահայերի երրորդ համագումար, ստեղծվի Հայաստանի վտարանդիական կառավարություն, որը կարող է հայկական ավանդական սփյուռքը դարձնել միջազգային քաղաքականության գործոն»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրինք՝ արդյոք այս պահին մենք այլ խնդիրներ կամ այլ «դարդուցավ» չունենք եւ մնացել էր երկպալատով զբաղվելու հա՞րցը: Մեր զրուցակիցը բացատրեց, թե «գաղափարը հետեւյալն է՝ որ ազգային կարեւորագույն խնդիրների վերլուծմանը, որոշումներ ընդունելուն անպայման Սփյուռքի մասնակցությունը ապահովված լինի, որովհետեւ գտնում, ենք, որ Հայաստանը հայերի երկիրն է, եւ ցանկացած հայ իրավունք ունի մասնակից դառնալ պետության համար կարեւորագույն խնդիրների լուծմանը: Այս գաղափարի հանգույցում նաեւ քննարկվում է երկպալատանի խորհրդարանի խնդիրը: Սա ընդամենը գաղափարի մակարդակում է գտնվում, եւ շատ լավ է, որ տարբեր քաղաքական ուժեր քննարկում են: Կարծում եմ՝ եթե այլ բանաձեւ չգտնվեց, նույնիսկ եթե գնալու ենք երկպալատանի համակարգի, դա հիմա չի լինի, առնվազն 5-6 տարի քննարկվող հարց կլինի, մասնավորապես՝ սահմանադրական փոփոխություններ են անհրաժեշտ, իսկ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը կարող է առաջանալ միայն տարիներ հետո: Չեմ կարծում, որ քաղաքական ուժերը կգնան մեկ խնդրի համար սահմանադրական նոր հանրաքվեի, բայց այս քննարկումը հենց ինքը դրական նշանակություն ունի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններում»: Մեր հարցին՝ սա արդյոք Սփյուռքին ուղղված հատուկ ռեւերանս չէ՞, սիրաշահելու նպատակով, պարոն Սահակյանը ժխտողական պատասխան տվեց. «Չէ, դա լուրջ չեմ համարում, եւ անկախ որեւէ բանից, վերջին տարիներին բավականին լուրջ փոխհարաբերություններ են ստեղծվել Սփյուռքի հետ տարբեր հարթություններում»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը «Առավոտի» հետ զրույցում նկատեց. «Ես չեմ կարող ասել՝ Հրանուշ Հակոբյանի հնչեցրած հայտարարությունը նշանակո՞ւմ էր արդյոք, որ իշխանության առաջիկա ծրագրերում գործնականում դրված է այդ հարցը, այսինքն՝ ցանկանո՞ւմ են տեսանելի հեռանկարում դա ստեղծել, թե՞ ոչ: Ընդհակառակը՝ Արմեն Արզումանյանի խոսքից տպավորություն ստացա, որ դա պարզապես շոշափվել է որպես գաղափար»: Ըստ մեր զրուցակցի, եթե երբեւէ ուզենան այդ գաղափարն իրոք իրագործել, պիտի հասկանան, որ սա չափազանց զգայուն եւ բարդ խնդիր է. «Հիմնական խնդիր կա՝ Սփյուռքը ի՞նչ սկզբունքով պիտի ներկայացուցչություն ճշտի Հայաստանում նման մարմնի մասնակցելու համար: Սրան առաջին հերթին Սփյուռքն է, որ պիտի պատասխանի, Սփյուռքն է, որ պիտի առաջարկ անի: Ի վերջո որոշելու է օրենքը, եւ սա ենթադրում է շատ լուրջ քննարկումներ, որովհետեւ համամասնություն ճշտելը բավական բարդ գործ է»։ Պարոն Շահբազյանը գաղափարը ընդունելի է համարում եւ վստահ է, որ վաղ թե ուշ հանգելու ենք դրան. «Որովհետեւ Սփյուռքը չի կարելի է դիտարկել որպես մի հատված, մի երեւույթ, որին, եթե մեղմ ասեմ, պիտի հիշենք այն պահերին, երբ Հայաստանին նյութական օգնություն է պետք (պատգամավորը չասաց, բայց մենք ակամա հիշեցինք հայտնի «կթու կով» արտահայտությունը- Մ. Ե.), այլ պիտի հասկանանք, որ պետք է միջոցառումներ իրականացնել, որոնք Հայաստանը եւ Սփյուռքը կդարձնեն մեկ մարմին, մեկ միասնություն, մեկ հայություն: Եվ այդ ծրագիրը, այդ գաղափարը չի իրականանա ոչ «Արի տուն» ծրագրով, ոչ «Գնա տնից» ծրագրով եւ ոչ էլ արձաններ դնելով կամ շքանշաններ տալով: Այս բոլորը, կոպիտ կարող է հնչել, բայց շոուի մասն է, ընդունում եմ, որ սա եւս անհրաժեշտ, բայց առաջնահերթ չէ»: Ըստ պատգամավորի՝ մինչ այդ քայլին գնալը, շատ ավելի լուրջ խնդիրներ պիտի լուծվեն: Հիշեցրեց դեռ առաջին նախագահի օրոք Դաշնակցության առաջարկը՝ Սփյուռքի նախարարություն ստեղծելու մասին, որն իրականացվեց շատ ավելի ուշ՝ ՀՀ երրորդ, գործող նախագահի օրոք: Դաշնակցական պատգամավորը հարց է հնչեցնում՝ «Ես չգիտեմ, կա՞ ծրագիր՝ Հայաստանը եւ Սփյուռքը կամրջելու ուղղությամբ»:

Արտյուշա Շահբազյանի ներկայացմամբ, «ազգային ամեն մեծ գաղափար գռեհկացնելու, ոտնահարելու սկզբունքը դժբախտաբար արդեն 20 տարուց ի վեր վատ ավանդույթ ունի: Ես կառաջարկեի՝ այն մարդիկ, որոնք այս հարցում (երկպալատ խորհրդարանի ստեղծման- Մ. Ե.) վտանգ են տեսնում, թող առաջարկ անեն, որովհետեւ այսօր վերջնական պատասխան որեւէ մեկը չունի: Եթե մենք իսկապես հայությունը մեկ ժողովուրդ-մեկ միասնություն ենք տեսնում, ապա ավելի լավ կլինի այս ուղղությամբ առաջարկներ անել եւ ոչ թե գաղափարին խփել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել