Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՍԿՍՈՒՄ Է ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ

Փետրվար 09,2011 00:00

Երեկ «Հայելի» ակումբում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ազդարարեց «Ընտրական իրավունքի» շարժման մեկնարկի մասին. «Մեր բոլոր իրավունքների խախտումները սկսվում են ընտրական իրավունքի խախտումից: Այդ առումով ընտրական իրավունքի պաշտպանության հարցը շատ կարեւոր է: Այս շարժումը պետք է լինի հասարակական բնույթի: Ժողովրդի իշխանության կարելի է հասնել ընտրական իրավունքի իրացման միջոցով»: Լրագրողների դիտարկմանը, թե ՀՅԴ-ն մինչ այս պասիվ էր՝ մանավանդ Տիգրան Կարապետյանի հանրահավաքային ակտիվության ֆոնին, պրն Ռուստամյանն այսպես արձագանքեց, թե ժողովուրդը Տիգրան Կարապետիչի հանրահավաքներին գնում է, որովհետեւ դժգոհ է իրավիճակից. «Ձեզ թվում է՝ աշխատա՞նք չէ բոլորին համոզել, բացատրել ընտրական իրավունքի կարեւորությունը: Մեծ հանրահավաքներ ինչքա՞ն եք տեսել, ժողովուրդ՝ տասնյակ հազարներով: Իսկ եթե գաղափարը չի մնում, այդ մեծ հանրահավաքները հրավառության նման կբոցավառվեն ու կանցնեն: Ես էլ կարող եմ գալ, ժողովրդի առաջ կանգնել, իրան գովել, իրա բոյին ու բուսաթին մեռնել, թողնել-գնալ, հետո՞»:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Նորմալ չի, երբ նախագահը հայտարարում է, թե կարող էր իր նախագահության օրոք ղեկավարել կուսակցությունը կամ նորը ստեղծել: Սակայն ի՞նչ է, որեւէ մեկը չգիտե՞ր, որ դա այդպես է Հայաստանում»: Բայց նաեւ շեշտեց, թե Ռոբերտ Քոչարյանը որեւէ կուսակցության անդամ չէր, ու դա տալիս էր հնարավորություն, ինչպես երկրորդ նախագահն էր հարցազրույցում նշել՝ լինել մրցավարի դերում. «Ընդհանրապես ես հենց այդպես էլ տեսնում եմ նախագահին. եթե երկիրն ունի երկմանդատային համակարգ՝ նախագահ ու Ազգային ժողով, ապա նախագահին ավելի շատ վերապահված է «արբիտրի» դեր՝ ամբողջ աշխարհում այդպես է»: Արմեն Ռուստամյանն ավելացրեց, թե նախագահը պետք է վեր լինի կուսակցական հարաբերություններից, զուտ պետության գլուխ պետք է լինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել