Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դատավորն ու մրցավարը ժողովուրդն է

Փետրվար 09,2011 00:00

Եվ ոչ թե Ռոբերտ Քոչարյանը. այսպես է մտածում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նախորդ օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը ունակ է քաղաքական մեծամասնություն ձեւավորել, բայց գերադասել է լինել քաղաքական ուժերի մրցավար, եւ որ 2003 եւ 2007 թվականների խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը մինչեւ վերջին մարդը իր հետ է համաձայնեցվել: Այս պնդումներին երեկ ակտիվորեն պատասխանեցին հանրապետականները: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի տեսակետը հետեւյալն է. «Առանձնապես մեկնաբանելու կարիք չկա, որովհետեւ մեր երկրի երկրորդ նախագահը ինչ ասել է՝ պարզ է ասել, շիտակ է ասել եւ հասկանալի է ասել: Մնում է քննարկել՝ ինչքանով է դա Հանրապետականի մասով իրականությանը համապատասխանում: Հանրապետական կուսակցությունը եւ երկրի երկրորդ նախագահը 10 տարի շարունակ համագործակցել են եւ բավականին լուրջ արդյունքներ են ունեցել երկրի հետագա զարգացման գործընթացներում, այդ առումով պիտի ասեմ, որ վճռական դերակատարում է ունեցել Ռոբերտ Քոչարյանը, եւ այս իմաստով այսօր մեզանում Ռոբերտ Քոչարյանը մեծարված է: Բայց հայտարարության տեքստում կամ հրապարակախոսության մեջ օգտագործվել են մտքեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում:

Եթե խոսքը վերաբերում է պետական իշխանական գործունեությանը, որպես մրցավարի դերակատարում, ապա դա սահմանադրական նորմ է, եւ երկրորդ՝ նախագահի կողմից մինչեւ վերջ իրագործվել է: Ըստ Սահմանադրության, երկրի նախագահը համակարգում է իշխանության բոլոր թեւերի աշխատանքը: Քաղաքական մասով՝ քաղաքական կուսակցությունները մրցավար չեն կարող ունենալ, որովհետեւ կուսակցությունները եւ խաղացող են, եւ ունեն իրենց մրցավարները, դրանք կուսակցության նախագահներն են։ Առավել եւս՝ այդ տարիների ընթացքում երբեք երկրի երկրորդ նախագահը չի ցանկացել կուսակցական լինել, առավել եւս՝ որեւէ կուսակցության լիդեր լինել, առավել եւս՝ նոր կուսակցություն ստեղծել, ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա մեր կուսակցության լիդերությունը բավականին լուրջ սցենարներ ունի եւ լուրջ քննարկումների ուղի է անցել»,- այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցութան ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախորդ օրը հնչեցրած հերթական մտքերը: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, թե ոմանք ժամանակին անգամ փորձեր կատարեցին, թե իբր Հանրապետականը «այնպիսի մի խաղալիք է, որ ով ուզենա՝ կարող է խաղալ»: Մինչդեռ, ըստ պարոն Սահակյանի, ՀՀԿ-ն «երկրի, պետության արժեհամակարգում գտնվող կուսակցություն է, որի որոշումները կայացվում են քաղաքական պայմաններով եւ հեռուն նայելով»: Գալուստ Սահակյանը նաեւ նկատեց, որ Հանրապետականը հեռուն նայող քաղաքական ուժ է եւ հենց իր այդ արժանիքի շնորհիվ է այսօր եւ այսքան երկար իշխանության մեջ ու դեռ լինելու է. «Մենք նայում ենք հեռուն, ընտրում ենք ժողովրդին որպես դատավոր եւ մրցավար, սա է պատճառը, որ մինչեւ այսօր իշխանության ղեկին ենք, եւ սա է պատճառը, որ առաջին տարիներին նորից կլինենք իշխանության ղեկին, դա ոչ թե մեր ցանկությունն է, այլ մեր քաղաքական կապիտալն է, եւ այն խնդիրները, որոնք այսօր կան, եւ այն ծրագրերը, որոնք պարբերաբար մատուցվել են ժողովրդին, եւ ցանկացած ծրագրային փոփոխություններ մատուցվում են ժողովրդին»,- ասաց Գալուստ Սահակյանը: Ըստ պատգամավորի, ՀՀԿ ցուցակները կետ առ կետ չեն գրվել Ռոբերտ Քոչարյանի հետ. «Պետության կարեւոր մոտեցումների, խնդիրների դեպքում մեր քննարկումները եղել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ, բայց դա չի նշանակում, եթե ասում եք՝ ցուցակ, բնականաբար պիտի քննարկվեր նաեւ երկրի նախագահի հետ, որովհետեւ համագործակցությունը հենց այն է, որ ցանկացած կարեւորագույն խնդիր պիտի քննարկվեր, բայց դա «դաբրոների» մեկնությամբ ներկայացնելը, կարծում եմ, ճիշտ չէ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել