Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԷՍ ՄԻ ԲԵՌԻՑ ԷԼ ԱԶԱՏՎԵՑԻՆ

Փետրվար 09,2011 00:00

\"\"Դադարեցվել է Խաչատուր Սուքիասյանի եւ Համլետ Հովհաննիսյանի՝ «Տրոսի» նկատմամբ քրեական հետապնդումը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում արդեն երեք տարի քննվում է «Մարտի 1»-ի քրեական գործը, «Սիլ գրուպ» կոնցեռնի համասեփականատեր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում է կայացրել: Երեկ այդ մասին հայտարարեցին Խ. Սուքիասյանի պաշտպաններ Արթուր Գրիգորյանն ու Արա Զաքարյանը. «Այսօր՝ 2011թ. փետրվարի 8-ին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարից ստացել ենք մեր պաշտպանյալ՝ պարոն Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2010թ. հոկտեմբերի 19-ի որոշումը: Նշված որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ հանցագործության կատարմանը մեր պաշտպանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով»: Հիշեցնենք, որ Խ. Սուքիասյանը մեղադրվում էր «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ, ինչը, ըստ ՀՔԾ-ի, դրսեւորվել էր նրանում, որ 2008թ. հետընտրական շուրջօրյա հանրահավաքների մասնակիցներին Սուքիասյանը պիցցայով էր ապահովել: «Մարտի 1»-ից հետո, ավելի քան մեկ տարի, հետախուզման մեջ լինելուց հետո նա 2009-ի սեպտեմբերի 2-ին կամովին ներկայացել էր իրավապահ մարմիններին:

«Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար չեն Խաչատուր Սուքիասյանի մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, սպառվել են այդ դրվագով նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ինչպես նաեւ, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի, ուստի նման պայմաններում անհրաժեշտ է նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ Խաչատուր Սուքիասյանի մասնակցությունը հիշյալ հանցագործության կատարմանը ապացուցված չլինելու հիմքով»,- սա արդեն մեջբերում է ՀՔԾ. ավագ քննիչ Վահագն Հարությունյանի՝ դեռ 2010թ. հոկտեմբերի 19-ի կայացրած որոշումից, որի պատճենը Սուքիասյանի փաստաբանները անհասկանալի պատճառներով միայն երեկ են ստացել: Այս փաստը երեկ «Առավոտի» հետ զրույցում առավել քան կասկածելի ու տարօրինակ համարեց Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը. «Այն, որ հոկտեմբերին քրգործի կարճման որոշումը պաշտպանները հիմա նոր են ստանում, համարում եմ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի եւ ընդհանրապես Մարդու իրավունքի կոպիտ խախտում, որովհետեւ քաղաքացին պետք է իմանա իր վերաբերյալ կայացրած որոշման մասին, առավել եւս ու մասնավորապես, երբ դա վերաբերում է անձի ազատությանը, քաղաքացիական իրավունքներին: Վարույթն իրականացնող մարմինը կարճման որոշումը կայացնելուց հետո 24 ժամվա ընթացքում պարտավոր էր որոշումն ուղարկել դատախազին, եւ ընդամենը 7 օրվա ընթացքում դրա մասին պետք է տեղեկացվեին նաեւ Սուքիասյանի պաշտպանները: Այն, որ մինչեւ երեկ նրանք դրա մասին տեղեկացված չեն եղել՝ ողջամիտ կասկած է առաջացնում առ այն, որ այդ որոշումը կայացվել է հետին թվով եւ որոշակի նպատակով»:

Մեր հարցին ի պատասխան՝ անդրադառնալով նաեւ Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերին, Կոնգրեսի ներկայացուցիչն ասաց. «Գլուխները պատովն են տվել քրեական հետապնդում են սկսել, չպետք է սկսեին, բայց քանի որ սկսել էին՝ ստիպված պիտի դադարեցնեին: Բայց անմեղ մարդուն քրեական հետապնդման ենթարկելուց հետո պարտավոր էին քրգործը կարճել ոչ թե ՀՀ քր. դատ.օր.-ի 35-րդ հոդվածի 2-րդ, այլ 1-ին մասի՝ հանցակազմի բացակայության հիմքով: Կարծում եմ, Խ. Սուքիասյանն ու նրա պաշտպաններն անպայման կբողոքարկեն այդ որոշումը՝ պահանջելով վերանայել որոշման հիմքերը»:

Հիշյալ խնդիրների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով «Առավոտը» դիմեց նաեւ Խ. Սուքիասյանի պաշտպաններից մեկին՝ Արթուր Գրիգորյանին: Խոսելով իր վստահորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքի՝ «նրա մասնակցությունը հիշյալ հանցագործության կատարմանը ապացուցված չլինելու» մասին, Արթուր Գրիգորյանն ասաց. «Ես այդ հարցին այսօր միանշանակ չեմ կարող պատասխանել, բայց դրա վերաբերյալ իմ պատկերացումներն ունեմ, որոնք այս պահին չէի ցանկանա հնչեցնել, քանի դեռ պարոն Սուքիասյանն իր դիրքորոշումն այդ առնչությամբ չի հայտնել: Այսօր մենք ընդամենը ունենք մի փաստ՝ ստացել ենք այդ որոշումը եւ դրա պատճենը փոխանցել ենք պարոն Սուքիասյանին»: Իսկ այն, որ ՀՔԾ-ի որոշումը իրենք՝ Սուքիասյանի պաշտպանները, ստացել են դրա կայացումից շուրջ 4 ամիս հետո, Ա. Գրիգորյանն այսպես՝ շատ ավելի մեղմ, գնահատեց. «Կարեւորն այն է, որ որոշման արդյունքում գործը կարճմամբ է ավարտվել: Բանավոր տեղեկություն դրա մասին մինչ այդ եղել էր, բայց մենք այդ որոշումը, փաստորեն, նոր ենք ստանում: Երեւի կազմակերպչական բնույթի հարցերի հետ է կապված եղել, ես այս պահին դա չեմ կարող մեկնաբանել»:

«Առավոտը» երեկ պարզեց, որ նույն՝ «նրա մասնակցությունը հիշյալ հանցագործության կատարմանը ապացուցված չլինելու» հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է «Մարտի 1»-ի գործով անցնող եւս մեկ ամբաստանվողի նկատմամբ: Խոսքը 2008թ.-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Լոռու մարզի նախընտրական շտաբի պատասխանատու, իսկ «Մարտի 1»-ից հետո «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքով հետապնդվող Համլետ Հովհաննիսյանի՝ «Տրոսի» մասին է: Նա էլ մարտիմեկյան իրադարձություններից հետո մինչեւ 2009-ի հուլիսի 31-ը, երբ կամովին ներկայացավ իրավապահներին, գտնվում էր հետախուզման մեջ եւ մեղադրվում էր ընդդիմությանը, իբր, «ոզնիներ» մատակարարելու մեջ: Նրան էլ իրավապահները նախ՝ կալանավորել, ապա՝ օգոստոսի 5-ին, չբացակայելու մասին ստորագրություն վերցնելուց հետո ազատ էին արձակել: Հ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը նրա որդին ու պաշտպանը՝ Գիվի Հովհաննիսյանն էլ միայն երկուշաբթի օրն է ստացել, թեեւ այդ որոշումն էլ էր ՀՔԾ-ն, իբր, ընդունել դեռ 2010թ. հոկտեմբերին: Մեր հարցին՝ տարօրինակ չի՞ համարում, որ շուրջ 4 ամիս առաջ կայացված որոշումը իրենք նոր են ստանում, Գիվի Հովհաննիսյանը պատասխանեց. «Էս երկիրը տարօրինակ երկիր է: Այս տարվա հունվարին բանավոր կարգով իմացա այդ որոշման մասին, բայց որոշումը ստացել եմ երեկ»: Պաշտպանն էլ նկատեց, որ եթե այս որոշումն ընդունված լիներ 2010թ. հոկտեմբերին, ՀՔԾ-ն այն փոստով կուղարկեր, ու իրենք էլ դա վաղուց ստացած կլինեին: «Քննչական մարմնից կանչեցին, գնացի, տվեցին այդ որոշումը: Իսկ հավանականությունը, որ կբողոքարկենք որոշման հիմքը՝ պահանջելով քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով, 99,9 տոկոս է»,- հայտարարեց Գ. Հովհաննիսյանը:

Այսպիսով, ՀՀ իշխանություններն իրենց «բարի կամքը» դրսեւորելու եւ «դրսի» ճնշում-քննադատություններից խուսափելու էլի մի ձեւ գտան՝ «Մարտի 1»-ի գործով հետապնդվող մարդկանցից եւս երկուսի «շառից» ազատվելու համար: Հիմա նրանք ԵԽԽՎ-ին կարող են մատնացույց անել եւս երկու հոգու դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իրենց որոշումները: Իհարկե, այդ որոշումները, այն էլ արդեն հայտնի հիմքով, դեռ խնդրի լուծում չեն: Կարճվել են ոչ թե քրգործերը, այլ դադարեցվել է քրեական հետապնդումը, ինչը նշանակում է, որ իրավիճակի ու հանգամանքների փոփոխության, նաեւ անհրաժեշտության դեպքում իշխանությունները կարող են գտնել մեկին, ով ցուցմունք կտա այդ մարդկանց դեմ, եւ դա բավարար կհամարվի քրգործերը գզրոցներից վեր հանելու եւ նախաքննությունը շարունակելու համար: Այս դիտարկմանը համաձայնեց նաեւ փաստաբան Գ. Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել