Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԵԿ ԱԶԳԸ» ԵՎ «ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄԻ ԶԵԿՈՒՅՑՈՒՄ

Փետրվար 09,2011 00:00

ԵԽ ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը երեկ հրապարակած իր զեկույցում արձանագրել է Հայաստանում հավատի ազատության հանդեպ անհանդուրժողականություն:

\"\"
Զեկույցում անդրադարձ կա հրեական հուշարձանը պղծելու դեպքին:

Եվրոպայի Խորհրդի ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) երեկ իր դիտարկման զեկույցն է հրապարակել Հայաստանի մասին: Նախ նշվում է, որ 2007-ի փետրվարի 13-ին ECRI-ի առաջին զեկույցից հետո առաջընթաց է արձանագրվել մի շարք ոլորտներում, եւ դրանցից մեկն է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի մի փոփոխությունը. «Չկան եթերաժամանակի սահմանափակումներ մասնավոր հեռուստաընկերություններում ազգային փոքրամասնությունների ծրագրերը հեռարձակելու համար»: Կամ նշվում է, թե հակամահմեդական զգացումների մասին վկայությունները «քիչ են կամ չկան»: Զեկույցի 45-րդ կետում մանրամասնած է. «Բազմաթիվ իրանցիներ, որոնք գալիս են Հայաստան ուսումնառության, բիզնեսի կամ զբոսաշրջության նպատակով՝ չեն առնչվում առանձնահատուկ խնդիրների»:

Ողջունելով դրական առաջընթացը՝ զեկույցում, սակայն, նշվում է. «Որոշ հարցեր շարունակում են մնալ մտահոգիչ»: Եվ մասնավորապես հիշատակվում է, թե ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» սահմանափակող օրինագիծը, որն արժանացել է տեղական եւ միջազգային կազմակերպությունների քննադատությանը: Եվ հետո զեկույցի երաշխավորություններում նշվում է, թե այդ օրինագիծը պետք է ընդհանրապես հետ կանչվի:

Կամ՝ ECRI-ն նշում է. «Չի ձեւավորվել անկախ մեխանիզմ՝ քննելու ոստիկանության դեմ ուղղված բողոքները»: Զեկույցում նաեւ նշված է, որ վիճակագրություն չկա կրոնական դրդապատճառներ ունեցող հանցագործությունների վերաբերյալ. «Կան հավատի ազատության նկատմամբ անհանդուրժողականության ակնհայտ վտանգներ: Կրոնական փոքրամասնությունների պատկանող երեխաների նկատմամբ դպրոցներում կիրառվում է խտրականություն, եւ կան պաստառային արշավներ «աղանդների» դեմ»: Վերջին ակնարկը մանրամասնած է «ռասիստական բռնություններ» ենթաբաժնում՝ 60-րդ կետում, որից պարզ է դառնում, թե խոսքը «Մեկ ազգ» կազմակերպության կողմից փողոցներում փակցվող պաստառների մասին է:

Նշվում է, թե Ազգային անվտանգության ծառայությունը «վերահսկում է կրոնական սովորական գործունեությունը»: Եվ երաշխավորություններում առաջարկվում է զերծ մնալ դրանից:

Ակնարկ կա Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ծավալված հակաքարոզչության մի դրվագի մասին. «Թույլ էր նախագահի թեկնածուի դեմ սիոնիստական դավադրության մեղադրանքի վերաբերյալ քաղաքական արձագանքը»: Զեկույցի 53-րդ կետում մանրամասնած է, թե նախագահական վերջին ընտրությունների քարոզարշավի ընթացքում «փորձ էր արվում հակասեմիտական զգացումներ առաջացնել ընդդիմության թեկնածուի նկատմամբ, որի կինն ունի հրեական ծագում»: Հիշատակվում է, որ այս կապակցությամբ մասոնական դավադրության մասին մեղադրանքներ հրապարակեցին մի քանի թերթեր եւ Հանրային հեռուստաընկերությունը:

Զեկույցում առաջարկվում է հատուկ վարժանք կազմակերպել Հանրային հեռուստաընկերության եւ ռադիոյի համար՝ այն թեմայի շուրջ, թե ինչպես պետք է հավասարակշռել խոսքի ազատությունը եւ փոքրամասնությունների պաշտպանությունը:

Ընդհանրապես, նշված է, թե բողոքականները, կրիշնայականներն ու «Եհովայի վկաները» բացասաբար են լուսաբանվում ԶԼՄ-ներում եւ արժանանում են մեղադրանքների, թե՝ «սպառնալիք են երկրի հոգեւոր անվտանգության համար»: ECRI-ն նշում է, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին ներկայացվել են բողոքներ ռասիզմի եւ անհանդուրժողականության վերաբերյալ. «Սակայն վերջին միջադեպի առնչությամբ, երբ Հայ արիական միաբանության առաջնորդը հյուրընկալվել էր մասնավոր հեռուստաալիքի եթերում՝ հրեական համայնքը ստիպված էր հարցն արծարծել ուղղակիորեն կառավարության առջեւ»: Եվ 54-րդ կետում նշվում է, թե ուժեղ հակազդեցություն պետք է ցուցաբերվի այս կուսակցության հակահրեական հայտարարություններին: Անգամ 56-րդ կետում խորհուրդ է տրվում դիտարկել նրա «գործունեության պայմանները»:

Ի դեպ, զեկույցում հիշատակվում է նաեւ, որ ԱԼՄ-ն ներողություն է խնդրել հակահրեական հայտարարությունների համար: Սակայն հավելենք, որ Տիգրան Կարապետյանը երեկ ասուլիսում էլի արեց նման հայտարարություններ, որոնք ենթադրաբար կհայտնվեն այս կազմակերպության արդեն հաջորդ զեկույցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել