Ժառանգության պահապաններն անհանգստացած են
ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամ, Լուքսորում եւ Կարնակում ընթացող հնագիտական առաքելության ղեկավար, հնագետ Հուրիկ Սուռուզյանը ԻԿՕՄՕՍ/Հայաստանին եւ ԻԿՕՄՕՍ-ի միջազգային քարտուղարությանը էլեկտրոնային փոստով տեղեկացրել է, որ հին Եգիպտոսի խոշոր քաղաք ու մշակութային կենտրոն Թեբեի հուշարձանները չեն տուժել, եւ մասնագետներից ձեւավորված միջազգային թիմը շարունակում է զինված ստորաբաժանումների հետ համագործակցությամբ ապահովել Համաշխարհային ժառանգության այս գանձարանի պաշտպանությունը՝ հնարավոր ռիսկերից: Թեբեն հայտնի է մ. թ. ա. 3-րդ հազարամյակի կեսից, 11-րդ դինաստիայի փարավոնների օրոք այն հանդիսացել է Եգիպտոսի մայրաքաղաքը: Թեբեում են պահպանվել Կարնակի եւ Լուքսորի ճարտարապետական աշխարհահռչակ համալիրները: Հուրիկ Սուռուզյանը նաեւ նշում է, որ Եգիպտոսում ստեղծված իրավիճակի հետեւանքով Թեբեում աշխատող շատ օտարերկրյա գիտական առաքելություններ մեկնել են իրենց դեսպանությունների աշխատակիցների հետ միասին, սակայն ժառանգության եգիպտոսցի պահապանների կողքին շարունակում են աշխատել Չիկագոյի, ֆրանսիական, լեհական հնագիտական առաքելությունները: Հայ, իսպանացի, կանադացի, ամերիկացի, ավստրիացի ու շվեյցարացի մասնագետներից բաղկացած թիմը, Հուրիկ Սուռուզյանի ղեկավարությամբ, շարունակում է աշխատել Եգիպտոսի բացառիկ հարուստ ժառանգության պահպանության ուղղությամբ՝ կատարելով իր մասնագիտական պարտքը՝ հանուն Համաշխարհային ժառանգության պահպանության: Մասնագետների խմբին իրենց աջակցությունն են ցուցաբերել մոտակա գյուղական վայրերի երիտասարդ բնակիչները՝ գիտակցելով սեփական ժառանգության թանկ ու նվիրական լինելը: ԻԿՕՄՕՍ/Հայաստանից տեղեկացնում են, որ այդ թիմում աշխատում է նաեւ ԻԿՕՄՕՍ/Հայաստանի անդամ, ճարտարապետ Նաիրի Համբիկյանը:
ԻԿՕՄՕՍ/Հայաստանը տեղեկացնում է, որ վերջին օրերին Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները առաջ են բերել մշակութային ժառանգության պահպանության ոլորտի միջազգային կազմակերպությունների անհանգստությունը: Այս առնչությամբ հայտարարություն է տարածել «Կապույտ վահան» միջազգային կոմիտեն՝ անհանգստություն հայտնելով Եգիպտոսում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առիթով: Եգիպտոսի պատմամշակութային ժառանգությունը Համաշխարհային ժառանգության ցանկում ներկայացված է 7 հուշարձանախմբերով՝ այդ թվում նաեւ Կահիրեի պատմական միջուկը, որը գնահատվում է իբրեւ իսլամական աշխարհի հնագույն քաղաքներից մեկը:
Ըստ «Կապույտ վահանի» տարածած հաղորդագրության. «Վերջին օրերին ավերման ու կողոպուտի են ենթարկվել նշանակալից թվով եգիպտական թանգարաններ ու դիտարժան վայրեր: Բարեբախտաբար, որոշ դեպքերում, եգիպտական քաղաքացիական հասարակությունը համախմբվում է՝ հանուն երկրի պատմական վայրերի ու թանգարանների պաշտպանության: Եթե դա մի կողմից ապացուցում է տեղական բնակչության կապվածությունն իր մշակութային ժառանգությանը եւ այն պաշտպանելու կամքը, ապա մյուս կողմից բացահայտում է նաեւ մշակութային հուշարձանների ու պատմական վայրերի պահպանության պատկան հաստատությունների խոցելիությունը այնպիսի իրավիճակում, որում գտնվում է երկիրը: Բոլորի համար ընդունելի է, որ Եգիպտոսը տնօրինում է մշակութային եւ պատմական անհամեմատելի մի ժառանգության, որը խոր ազդեցություն է թողել համայն աշխարհի վրա: Եգիպտական մշակութային արժեքների ցանկացած կորուստ եւ ավերում կջլատի համայն մարդկության հավաքական հիշողության ամբողջականությունը: Հետեւաբար, հրամայական է դառնում բոլոր պատկան պատասխանատուների կողմից անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը՝ արխիվների, գրադարանների, հուշարձանների, պատմական վայրերի ու թանգարանների կողոպուտից, ամբողջական կամ մասնակի ավերումից խուսափելու ու այդ բացառիկ հարուստ ժառանգությունը պաշտպանելու համար»: «Կապույտ վահանը» կոչ է արել եգիպտական քաղաքացիական հասարակությանը՝ իր իրավասությունների շրջանակում անել ամեն ինչ՝ մշակութային ժառանգության ավերման կամ վնասման ցանկացած գործողություն սահմանափակելու կամ կանխելու ուղղությամբ, նաեւ դիմել բոլոր եգիպտոսցիներին՝ պատմական վայրերի կողոպուտի եւ ավերման դեմ ուղղված բոլոր ջանքերը սատարելու կոչով:
Առաջիկայում կհրապարակվի «Կապույտ վահանի» զեկույցը՝ վնասների, կարիքների ու անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ, ինչը կնպաստի անհրաժեշտ քայլերի համակարգմանը: