Կամ ինչպես պայքարել այդ երեւույթի դեմ
«Օնիոմանիա» տերմինը լատիներենից թարգմանաբար նշանակում է խելագարություն գնումների համար: Այս մանիան ունեցող անձանց համար գնումներ կատարելը դառնում է ե՛ւ հանգստի միջոց, ե՛ւ հետաքրքրություն, ե՛ւ զբաղմունք, անկախ նրանից՝ գնում կատարելը անհրաժե՞շտ է, թե՝ ոչ: «Օնիոմանիա» տերմինը բժշկական է, որն առաջին անգամ առաջադրել է գերմանացի հոգեբույժ Էմիլ Կրեպելինը: Շատերին թվում է, թե օնիոմանիան կամ, ինչպես հասարակության լայն շետերին է հայտնի՝ շոպոգոլիզմը, 21-րդ դարի երեւույթ է, երբ քարոզվում է, այսպես կոչված, գլամուրային կյանքը, եւ դրանից ետ չմնալու համար անհրաժեշտ է անընդհատ հետեւել նորաձեւության զարգացումներին թե՛ հագուստի, թե՛ ժամանցի կազմակերպման բնագավառում: Սակայն դեռ 1883-ին Էմիլ Զոլան իր՝ «Կանացի երջանկություն» վեպում անդրադարձել էր այս թեմային. գլխավոր հերոսուհին կործանում է իր ամուսնում՝ անընդհատ խանութներ այցելելով: Վերջերս էլ մեծ հետաքրքրություն առաջացրեց «Շոպոգոլիկ» ֆիլմը, որի գլխավոր հերոսուհին եւս իրեն կործանում է անընդհատ գնումներ կատարելով:
Ըստ «Գերմանիայի տեխնիկական բժշկության կենտրոնի» 2008-ին կատարած ուսումնասիրությունների՝ 800 հազար գերմանացիներ տառապում են գնումներ կատարելու կախվածությունից: Գերմանացի բժիշկները, որոնք զբաղվում են 21-րդ դարում առավել մեծ տարածում գտած շոպոգոլիզմ կոչվող մանիայով, առանձնացնում են այդ հիվանդության առաջացման մի քանի նշաններ: Օրինակ, եթե անձն անընդհատ այցելում է խանութներ՝ առանց կոնկրետ կարիքի, ուսումնասիրում ցուցադրված ապրանքների մեծամասնությունը, հետաքրքրված է նորաձեւության մասին ամսագրերով, անընդհատ ցանկություն ունի ապրանք գնել առանց անհրաժեշտության, միշտ քննարկում է իր գնումները, ուրեմն նա հաստատ շոպոգոլիկ է: Հոգեբաններն էլ ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ մարդիկ սկսում են շոպոգոլիզմով տառապել, երբ անդադար ադրենալինի կարիք են զգում, կամ ցանկանում են իրենց պատկանող իրերի քանակի առատությամբ առաջ անցնել շրջապատից: Շոպոգոլիկների մեծամասնությանը թվում է, թե անընդհատ գնումներ կատարելու միջոցով իրենք ավելի ազատ են դառնում եւ կարող են կառավարել իրենց կյանքը:
«Առավոտի» փոքրիկ հարցախույզը որոշ երեւանցիների շրջանում՝ ցույց տվեց, որ շոպոգոլիզմ կոչվող երեւույթին ծանոթ են հիմնականում երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Այդ մասին նրանց մեծամասնությունը տեղեկացել էր կամ ինտերնետից, կամ «Շոպոգոլիկ» ֆիլմից: Հարցին՝ իրենց շոպոգոլիկ համարո՞ւմ են, «Առավոտի» հետ զրուցած 30 երիտասարդներից 22-ը պատասխանեց՝ այո: Ի դեպ, նրանցից 6-ը տղաներ էին: Իսկ ավագ սերնդի ներկայացուցիչները տեղյակ չէին նշված երեւույթից: Երբ 65-ամյա Լուսյա տատիկին բացատրեցինք երեւույթի էությունը, նա վրդովված ասաց. «Հասկացա, ուրեմն թոռներս հաստատ ունեն այդ հիվանդությունը, ամբողջ օրն ընկած են խանութներով: Հիմա էլ խանութներում գներն իջեցրել են, ընդհանրապես նրանց տուն բերել չի լինում: Ես էլ որ խոսում եմ, թե ինչու եք այդքան շատ շոր առնում, վատամարդ եմ դառնում»: 50-ամյա Անուշն էլ նշեց. «Սիրում եմ խանութներով շրջել, բայց, իհարկե, պետք է նպատակային կատարել այդ պտույտը, եթե ինչ-որ բան ես որոշել գնել: Կարծում եմ՝ շոպոգոլիզմը հիմա մոդայիկ երեւույթ է, դրա համար էլ տարածում է գտել, ինչպես ամիսներ առաջ էմոների մասին խոսակցություններն էին տարածվել»: Նշենք նաեւ, որ հայ հասարակության մեջ երբեմն այնքան է սրվում ձեւականություններին հետեւելու տարերքը, որ որոշ անձինք, եթե անգամ համապատասխան գումար էլ ձեռքի տակ չեն ունենում, ապառիկ համակարգով են սկսում հագուստ գնել:
«Առավոտը» «Կանանց ռեսուրսային կենտրոնից» փորձեց ճշտել՝ կանայք իրենց սկսե՞լ են դիմել շոպոգոլիզմին առնչվող հարցերով: Հոգեբան Անուշ Պողոսյանը տեղեկացրեց՝ դեռ ոչ: Սակայն հավաստեց, որ, իրոք, հայ հասարակության մեջ կա նման խնդիր. «Քանի որ ծնված օրվանից աղջիկներին սովորեցնում են, որ տղամարդկանց դուր գալու համար իրենք պիտի գեղեցիկ լինեն, դա իգական սեռի ներկայացուցիչների մեծամասնությանը դրդում է ավելի ու ավելի խորանալ շոպոգոլիզմ երեւույթի մեջ: Հասարակության վերաբերմունքը եւս դերակատարում ունի. կարծրատիպ է դարձել այն, որ կինը պիտի անպայման խնամված լինի, ուստի ենթագիտակցորեն բոլոր կանայք եւ աղջիկները ձգտում են դրան, առանց մտածելու՝ արդյո՞ք իրենք ուզում են հագնվել այնպես, ինչպես բոլորը կամ հետեւել նորաձեւությանը: Պատանեկան շրջանում երեխայի ստացած դաստիարակությունից եւս շատ բան է կախված: Պատանիներն այսօր ունեն նմանակման խնդիր՝ ցանկանում են նմանակել այս կամ այն աստղին, հեռուստատեսությամբ տեսնում են, որ նրանք կարճ եւ բաց են հագնվում, ուստի իրենք էլ են ձգտում լինել այդպիսին: Այդ իսկ պատճառով երեխային դաստիարակելիս նրա մեջ պետք է ներարկել այն, որ ինքը պետք է ձգտի լինել ինքն իր պես, ոչ թե փորձի նմանակել այս կամ այն դերասանին կամ երգչին»: