Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ. «ՆՊԱՏԱԿԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՅՈԹ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՆԵՆԱԼՆ Է»

Փետրվար 08,2011 00:00

\"\"Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը երբեք կանխատեսումներով չի զբաղվում: Սակայն «Առավոտի» հետ հարցազրույցում ասաց, որ նպատակ ունի Լոնդոնի օլիմպիական խաղեր ներկայանալ յոթ ըմբիշով:
Օլիմպիական չեմպիոնի հետ զրույցը կայացել է Հայաստանի առաջնության ավարտից հետո:
– Մասնակցության մակարդակը Ձեզ բավարարե՞ց:
– Ընդհանուր առմամբ՝ այո, եթե նկատի ունենանք, որ ըմբիշները հունվար ամսին պարապել են տանը՝ անձնական մարզիչների ղեկավարությամբ: Մասնակցեցին բոլոր այն քաղաքների եւ մարզերի ներկայացուցիչները, որտեղ մեր մրցաձեւն ավանդաբար զարգացած է: Բոլոր քաշային կարգերում էլ եղան հետաքրքիր գոտեմարտեր: Հատկապես՝ 55, 74 եւ 120 կգ քաշային կարգերում, որտեղ բացակայում էին մեր անվերապահ առաջատարները: Իսկ ինչ վերաբերում է 66 կգ քաշային կարգին, Արման Ադիկյանը մրցումներից առաջ հիվանդացավ ու նույնպես չկարողացավ մրցագորգ մտնել:
– Հավաքականի կորիզը ձեւավորվե՞ց, ըմբիշների ընտրության հարցում կողմնորոշվեցի՞ք:
– Հավաքական հրավիրվել են բոլոր քաշային կարգերի մրցանակակիրները: Բացառություն է 120 կգ քաշային կարգը, որտեղից հրավիրվել է միայն չեմպիոնի կոչումը նվաճած Վաչիկ Եղիազարյանը, քանի որ մյուս մրցանակակիրների մակարդակը դեռ հեռու է միջազգային չափանիշներից: Հրավիրվածներն ամբողջ տարի կլինեն ուսումնամարզական հավաքներում, որոնց ընթացքում էլ կորոշենք, թե ով՝ ինչ մրցման կմասնակցի:
– Իսկ դրանք մրցաշրջան 2011-ում շա՞տ են:
– Բավականին եւ պատասխանատու: Մասնավորապես, արդեն փետրվարի 17-20-ին Մինսկում կայանալու է աշխարհի գավաթի խաղարկությունը: Նույն ժամանակահատվածում Սլովենիայում կազմակերպվելու է միջազգային խոշոր մրցաշար: Այդ երկուսին էլ մասնակցելու ենք:
– Ով՝ որտե՞ղ է հանդես գալու:
– Առաջին համարները Բելառուս չեն մեկնի, այլ կմասնակցեն Սլովենիայի մրցաշարին: Այսպես որոշվել է հետեւյալ նկատառումներով: Աշխարհի գավաթի ու մարտի 28-ից ապրիլի 3-ը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության միջեւ ժամանակը կարճ է եւ չենք ցանկանում մեր առաջատարներին մեծ ծանրաբեռնվածության տակ գցել: Երկրորդ, ուզում ենք բոլորին նախաօլիմպիական այս տարում ինքնադրսեւորման եւ ինքնահաստատման հնարավորություն ընձեռել: Աշխարհի գավաթը հիանալի առիթ է: Թող մասնակցեն, միջազգային մրցումների փորձ ձեռք բերեն, աճեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում ի վիճակի լինեն փոխարինել այս կամ այն թիմակցին: Իսկ մարզիչներս էլ նրանց կարողություններն ավելի ճիշտ կկարողանանք գնահատել ցանկացած պարագայում, Եվրոպայի կամ աշխարհի առաջնության լավագույն տարբերակն ընտրել: Իսկ լավագույններին Սլովենիա գործուղում ենք այն պատճառով, որ այնտեղ պատասխանատվության աստիճանը մեծ չէ, բայց դրա փոխարեն Եվրոպայից առաջ կարողությունները փորձարկելու լավ միջոց է: Եվ մի բան էլ: Այն ըմբիշները, որոնք չեն ընդգրկվի նշածս մրցումներին մասնակցողների ցուցակ, մարտ ամսին հանդես կգան Իրանում կայանալիք միջազգային մրցաշարում:
– Սեպտեմբերի կեսերին Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությունում նաեւ օլիմպիական առաջին ուղեգրերն են խաղարկվելու:
– Այո: Եվ տարվա մեր գլխավոր մեկնարկը հենց դա է, որի գլխավոր նախապատրաստումը կսկսվի Եվրոպայի առաջնությունից հետո: Ստամբուլում Լոնդոն մեկնելու իրավունք տրվելու է յուրաքանչյուր քաշային կարգի առաջին վեց տեղերն զբաղեցնողներին: Այսօրվանից արդեն ամեն բան մանրամասն պլանավորված է՝ հավաքներ, էլի մրցաշարեր… Անելու ենք ամեն բան՝ հենց աշխարհի առաջնությունում հնարավորին չափ շատ ուղեգիր նվաճելու համար: Բացատրեմ, թե ինչու: 2012 թվականին մայրցամաքների առաջնությունները վարկանիշային չեն լինելու: Դրա փոխարեն կազմակերպվելու են մայրցամաքային եւ աշխարհի մակարդակով հատուկ մրցաշարեր: Դա արվել է, որպեսզի գոտեմարտեր չվաճառվեն: Բայց ամենից վատ վիճակում հայտնվել են եվրոպական գոտու երկրները: Բոլոր մայրցամաքներում նախատեսված է այդպիսի մեկ տարածաշրջանային մրցում ու դրանց ժամկետները կազմվել են այնպես, որ արդեն աշխարհի մասշտաբով մեկնարկներին նախապատրաստվելու համար մեկ ամիս մնում է: Իսկ Եվրոպայում ստացվել է այսպիսի վիճակ: Եվրոպայի առաջնությունից ընդամենը մեկ շաբաթ անց տարածաշրջանային վարկանիշային մրցաշարն է՝ Վառնայում: Դրանից էլ մեկ շաբաթ հետո Չինաստանն ընդունելու է աշխարհի մասշտաբով վարկանիշային մրցաշարը, եւս մեկ շաբաթ անց նույն բանը լինելու է Ֆինլանդիայում: Իսկ դա նշանակում է, որ կոնկրետ մենք երեք շաբաթվա ընթացքում հարկադրված ենք լինելու երեք անչափ կարեւոր մրցման մասնակցել ու դրա համար Վառնայից մեկնել Չինաստան, այնտեղից էլ՝ վերադառնալ Ֆինլանդիա: Այդքան ժամ ու օր օդանավերում անցկացնելուց հետո, չհաշված ժամային գոտիների տարբերության կտրուկ փոփոխությունները, անչափ դժվար կլինի հարմարվել, ուժերը վերականգնել, մարզվել, պայքարել եւ ուղեգիր նվաճել:
– Օլիմպիական քանի՞ վարկանիշն եք բավարար համարում:
– Գիտեք, որ նախապես հայտարարություններ անել չեմ սիրում: Բայց ասեմ, որ իմ նպատակը յոթ ուղեգիր նվաճելն է, ինչը, կարծում եմ, հանգամանքների որոշակի զարգացման պարագայում հնարավոր է: Տեսնենք: Բայց միայն մասնակցելը չէ: Եթե Աստծո կամքով Լոնդոնում յոթ մասնակից ունենանք, բայց մեդալ՝ ոչ, դա էլ ինձ չի գոհացնի: Իմ սաների ամեն մի պարտություն այնքան ծանր եմ տանում, ասես՝ ես եմ պարտվել:
– Վերադառնանք մեր խնդիրներին: Մեզանում կա՞ն այնպիսի քաշային կարգեր, որոնք Ձեզ մտահոգությունների տեղիք են տալիս:
– Ես այդպիսի հարցերին չեմ պատասխանում: Եվ ահա, թե ինչու: Եթե ասեմ, որ այս քաշային կարգում չունենք նորմալ, հեռանկարային ըմբիշ, իսկ մյուսի համար հանգիստ եմ, երկու դեպքում էլ դա հոգեբանորեն վատ կանդրադառնա մարզիկների վրա: Բոլորն էլ թույլ եւ ուժեղ կողմեր ունեն: Իսկ հավաքական ընդգրկվածները մարզվում են ինքնանվիրումով, ցանկանում պայքարել ու հաղթել: Եթե այս անգամ չստացվի, հաջորդ անգամ կհասնի նպատակին: Ամեն բան կախված է նրա ու մարզիչների ցանկությունից եւ պատասխանատվության ու պատրաստակամության աստիճանից:
– Թե ազատ, թե հունահռոմեական ոճերի Հայաստանի առաջնություններում մարզիչների եւ մրցավարների միջեւ անհամաձայնություններ եղան, որոնք իրենց դրսեւորումներով ինչ-որ չափով ստվերեցին մրցումները: Այդպիսի դրսեւորումների դեմ պայքարել հնարավոր չէ՞:
– Նման երեւույթները միանշանակ անընդունելի են: Միջազգային մրցագորգերում դրա համար մարզչին առանց երկմտելու հեռացնում են դահլիճից, իսկ տվյալ երկրի ֆեդերացիային՝ խոշոր գումարով տուգանում: Մեր ֆեդերացիան արդեն պատրաստվում է այսուհետեւ նման դեպքերի համար միջազգայնորեն նախատեսված կարգի սահմաններում կոնկրետ պատժամիջոցներ կիրառել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել