Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրում են անցյալի վախով

Փետրվար 08,2011 00:00

Միհրան Փրկիչ Գյուլթեքինը՝ Դերսիմի ու ծպտյալ հայերի մասին

«Դերսիմում բնակվող բոլոր ընտանիքների, ցեղատոհմների մեջ անպայման հայկական արմատներ կգտնեք, բայց այդտեղ բնակվողների մեջ վախն այսօր էլ շարունակում է ապրել եւ քաջություն չեն գտնում խոստովանելու, որ հայ են»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դերսիմի հայերի դավանանքի եւ սոցիալական փոխօգնության միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը: Հայոց պատմական Ծոփք նահանգի մաս կազմող Դերսիմի բնակիչ, արմատներով հայ Գյուլթեքինը 7 տարեկանում է իմացել իր իսկական արմատների մասին, բայց միայն 50-ում՝ դարձել քրիստոնյա, որդուն էլ մկրտել է Հրանտ անունով: Նա խոստովանում է, որ սկզբում իր ընտանիքի անդամներից ոմանք էլ դեմ են եղել իր որոշմանը. «Դերսիմում մեր ընտանիքը բոլորի կողմից հայտնի է որպես հայ ընտանիք, սակայն վախի պատճառով տանը հայերեն չէինք խոսում, հարեւաններն էլ մեզ միշտ հիշեցնում էին հայկական ծագման եւ արմատների մասին: Ընտանիքում քննարկում էին բուն արմատներին վերադառնալու եւ հայկական անուններ կրելու մասին, սակայն այդ ամենն իրագործելի չէր, որովհետեւ թուրքական հանրապետության շրջանակում նույնիսկ վարչապետի օգտագործած բառերով՝ հայ լինելը հայհոյանք էր: Երբ արխիվները բացվեցին եւ հայերի պատմության փաստաթղթերը մեջտեղ եկան, միանգամից որոշում կայացրի, դիմեցի դատարան, փոխեցի անունս ու կրոնս: Այս ամենի խթանը նաեւ Հրանտ Դինքն էր»: Թե ինչու մնացած հայերն էլ չեն հետեւում իր օրինակին, Երեւան ժամանած մեր հայրենակիցը այսպես է պատասխանում. «Գուցե ներկա կառավարությունից ոչ մի վտանգ չկա, բայց մարդկանց մեջ դեռ մնում է վախը, որ անցյալի իշխանությունը նորից է վերադառնալու: Այդ մարդիկ շարունակում են ապրել անցյալի վախով»:
Դերսիմի հայերի դավանանքի եւ սոցիալական փոխօգնության միությունը, որը շուրջ 3 ամիս է գործում, արդեն գրանցված շուրջ 80 անդամ ունի: Ղեկավարի խոսքով՝ նպատակը Դերսիմում մնացած փոքրաթիվ արժեքները պահպանելն է, որովհետեւ. «Ամեն բան անտերության է մատնված, սկսել են գերեզմաններ անհետանալ, կիսախոնարհված հայկական եկեղեցիներ քանդվել…»: Թե որքան հայ կա այսօր Դերսիմում, Մ. Գյուլթեքինը դժվարանում է կոնկրետ թիվ նշել, բայց վստահեցնում է՝ Դերսիմի ոչ խիտ բնակեցված գյուղերի 75%-ը հայաբնակ է, սակայն մեր հայրենակիցները շարունակում են ապրել որպես ծպտյալ հայեր: Մ. Գյուլթեքինը հայտնեց, որ միությունը ստեղծելու ժամանակ ուսումնասիրություն է կատարել եւ մոտ 15 օրում հայկական արմատներով 200 ընտանիք է գտել:
Ինչ վերաբերում է հայկական ավանդույթների պահպանմանը, միության նախագահը նշում է՝ քանի որ Դերսիմում հայերն ալեւիների հետ են ապրել, ավանդույթները սկսել են ձուլվել: Նրա փոխանցմամբ, Դերսիմում այժմ կան հայկական խոնարհված եկեղեցիներ, որտեղ նաեւ ալեւիներն են այցելում, մոմ վառում: Նա հայտնեց նաեւ, որ արդեն 5-րդ տարին արմատներին վերադառնալու եւ միասնության կապն ամրապնդելու համար Դերսիմում հայերը, քրդերը, ալեւիները փառատոն են անցկացնում: Հարցին, թե փառատոնի կազմակերպման եւ իրագործման տեսանկյունից ի՞նչ սպասելիք ունեն Հայաստանի Հանրապետությունից, նա պատասխանեց. «Հայաստանից սպասելիքներ չունենք, ավելի շատ հայ երիտասարդությունից ունենք: Երբ դերսիմցի երիտասարդների հետ խոսում ենք, հասկանում ենք, որ Երեւանի եւ Հայաստանի պատկերը սխալ է ներկայացված՝ հետամնաց եւ ոչ մի բանի պիտանի մի երկիր են պատկերացնում: Դերսիմի հայերը, որ վախենում են խոստովանել իրենց ազգային ինքության մասին, վախ ունեն, որ քրիստոնյա հայերը կարող են լավ չընդունել իրենց»։ Նա տեղեկացրեց, որ վախի ու ճնշման մթնոլորտում առանձնապես ջերմ չեն նաեւ դերսիմցի հայերի եւ պոլսահայերի հարաբերությունները: Ըստ նրա, դրա պատճառներից մեկը կրոնն է, նաեւ դերսիմցի հայերի՝ ծպտված մնալը. «Ճիշտ է, Դերսիմում հայկական խոնարհված մի շարք եկեղեցիներ կան, ուր հայերը մատաղ եւ այլ կրոնական ծեսեր են իրականացնում, բայց Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, ի տարբերություն մի շարք այլ վայրերի, այնտեղ շրջիկ քահանաներ չի ուղարկում, այդ եկեղեցիներում ծիսական արարողություններ չեն կատարվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել