Լրահոս
Օրվա լրահոսը

«Սթոունհենջի ձայներից» մինչեւ Մաշու լեռ

Փետրվար 08,2011 00:00

\"\"Կանադաբնակ կոմպոզիտոր Աշոտ Արիյանի հայաստանյան պրեմիերան

«Առավոտը» վերջերս անդրադարձել էր դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր Հարություն Արզումանյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին: Հիշեցնենք, որ այդ երեկո Պրոկոֆեւի դաշնամուրի առաջին կոնցերտի կատարումով լուրջ հայտ ներկայացրեց 17-ամյա դաշնակահար, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսի ուսանող Արտյոմ Աբրահամյանը: Մասնագետների ու երաժշտասերների բարձր գնահատականին արժանացավ նաեւ կանադաբնակ կոմպոզիտոր Աշոտ Արիյանի «Սթոունհենջի ձայները» սիմֆոնիկ պատկերի հայաստանյան պրեմիերան:
Մեզ հետ զրույցում երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանն ասաց, որ ուրախ է շուրջ 15 տարվա լռությունից հետո Աշոտ Արիյանի հերթական գործը՝ սիմֆոնիկ պատկերը ունկնդրելու առիթով, ափսոսանք հայտնելով, որ երիտասարդ ստեղծագործողի անունը մեր երաժշտասերներին քիչ է հայտնի: Նա նշեց, որ երիտասարդ կոմպոզիտորը Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, ապա Երեւանի կոնսերվատորիայի երկու բաժիններում (դաշնամուրային եւ կոմպոզիցիայի) զուգահեռ սովորելու տարիներին ապագա կոմպոզիտորն ուսանել է պրոֆեսորներ Ռուբեն Սարյանի, Լեւոն Չաուշյանի, Բորիս Սակիլարիի, Ելենա Աբաջյանի եւ Արմեն Սմբատյանի մոտ: «Աշոտի առաջին լուրջ ստեղծագործությունը՝ դաշնամուրային տրիոն, որ նվիրված էր արցախյան ազատամարտիկների հիշատակին, քննական հանձնաժողովի անդամները՝ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը, Էդգար Հովհաննիսյանը եւ Ղազարոս Սարյանը գնահատեցին «5+»: Նա երկու տարի ուսանելուց հետո, 1990-ականների կեսերին տեղափոխվեց Մոսկվա: Ոսկե մեդալով ավարտեց Չայկովսկու անվան կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան՝ Կարեն Խաչատրյանի ղեկավարությամբ: 2001թ. Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում հնչեց նրա դիպլոմային աշխատանքը՝ նվագախմբի եւ դաշնամուրի համար գրված կոնցերտը, որտեղ դաշնամուրի պարտիան կատարում էր հեղինակը…»,- ներկայացրեց երաժշտագետը: Հավելեց նաեւ, որ Արիյանի ստեղծագործությունները բազմիցս հնչում են Ռուսաստանում, Բելգիայում, Կանադայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ այլուր: Շատերը չգիտեն, որ 1994թ. Երեւանում կայացած Կոմիտասի անվան միջազգային մրցանակաբաշխության առաջին մրցանակը ստացել է Ա. Արիյանը՝ Տարոնի մի շարք երգերի մշակման համար: Կոմպոզիտորն այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության մշակութային խորհրդի անդամ է ու ակտիվ դերակատարում ունի Մոնրեալի հայ համայնքի երաժշտական կյանքում:
Ա. Արիյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ 2007թ. մեկնել է Կանադա՝ Մոնրեալի համալսարանում դոկտորական թեզ պաշտպանելու նպատակով: Մի քանի ամիս հետո կներկայացնի այդ թեզը՝ «Գիլգամեշ» բալետ-օպերայի տեսքով, գրված շումերական ու բաբելոնյան էպոսների թեմաներով: Շեշտեց, որ այս ստեղծագործության լիբրետոյի մշակման ընթացքում նշանակալի է եղել Երեւանի ազգային օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի մասնակցությունը: Երազանք ունի հիշյալ գործը տեսնել Երեւանի օպերային թատրոնում: Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ինչո՞ւ են սեփական երկերից շատերը կրում «օտար» վերնագրեր, Ա. Արիյանն ասաց. «Մեծ
 հաշվով դա այդպես չէ, բայց եթե նկատի ունեք «Սթոունհենջի ձայները», ապա ինձ համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել ոչ միայն անգլիական Սթոունհենջը, այլեւ այլ կառույցներ, այդ թվում՝ մեր նախնիների կողմից ավելի քան 6 հազարամյակ առաջ ստեղծված Քարահունջը: Իսկ «Գիլգամեշի» դեպքում հերոսը ուղեւորվում է անդրշիրիմյան աշխարհ, որի մուտքը գտնվում է Մաշու լեռան ստորոտում: Որոշ հետազոտողների կարծիքով՝ դա հենց Մասիսն է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել