Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՌՆԱՐԴ ՇՈՈՒԻ ԳՈՐԾԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 08,2011 00:00

Հակոբ Ղազանչյանի «Էլիզան»

\"\"

Օրերս Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում պրեմիերա էր: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը, ըստ Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի, բեմադրել էր «Էլիզա» ներկայացումը: Դերերում՝ Մարիամ Ղազանչյան (Էլիզա), Իշխան Ղարիբյան (Հիգինս), Արտաշես Շահվերդյան (Փիքերինգ), Անահիտ Բաբելյան (միսիս Փիրս), Արա Մաթեւոսյան (Դուլիթլ) եւ Թամարա Առաքելյան (Ծաղկավաճառ): Պարերը բեմադրել էր Նաիրա Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այս պիեսը Բ. Շոուն գրել է 1913-ին՝ հատուկ անգլիացի դերասանուհի Պատրիկ Քեմբելի համար, հետագայում դրա հիման վրա բեմադրվել է հանրահայտ բրոդվեյյան մյուզիքլը, ապա նկարահանվել «Իմ չքնաղ լեդի» ֆիլմը:
Լավ էր, որ ներկայացման մեջ ներգրավված էին երիտասարդներ, լավ էր, որ բեմադրությունը մյուզիքլային տարրեր ուներ, վատ էր, որ որոշ երկխոսություններ ու կտորներ չափից ավելի երկար էին: Գեղեցիկ էր ներկայացման ավարտը, հայերեն թարգմանությունը, ճաշակով էր երաժշտական ձեւավորումը: Բավականին լավ էր խաղում շնորհալի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը: Իշխան Ղարիբյանի Հիգինսը եւս հետաքրքիր էր, չնայած կարող էր ավելի հաջող լինել, եթե դերասանը փոքր-ինչ ավելի «բացվեր»: Տարօրինակ էր միսիս Փիրսի պարանոցից կախված հսկայական աչքի ուլունքը՝ ինձ չի թվում, թե անգլիացիները Շոուի ժամանակներում նման զարդեր են կրել: Ընդհանուր առմամբ, Ղազանչյանի ներկայացումը, իբրեւ ամբողջություն, հաջող էր, թեթեւ էր եւ թարմ շունչ ուներ: Ամեն դեպքում, Բ. Շոուի հանրահայտ գործը արժե բեմադրել մեր օրերում, շեշտելու համար, որ մարդուն չպետք է վերաբերվել՝ ըստ նրա սոցիալական կարգավիճակի եւ հագուկապի:
Ներկայացման հերոսուհին՝ ծաղկավաճառ Էլիզան, իր ճակատագրով ապացուցում է, որ աղբատար բանվորի ծաղկավաճառ դուստրն էլ ի վիճակի է լինել նույնքան չքնաղ ու նրբագեղ, բարեկիրթ եւ գեղեցիկ խոսելու ունակ, որքան դքսուհիները, դրա համար կարեւորն այն է, որ նրանց իբրեւ մարդու վերաբերվեն:
Պրոֆեսոր Հենրի Հիգինսը, որ մարդկային հոգեբանության գիտակ է, լոնդոնյան փողոցներից մեկում գնդապետ Փիքերինգին ասում է, որ մարդու խոսքից կարող է գուշակել նրա ծննդավայրը եւ կարգավիճակը՝ անգամ 6 մղոն հեռավորությունից: Պատահական չէ, որ Շոուն հայտարարում է, թե մարդը՝ դա նախ եւ առաջ նրա լեզուն է եւ մտածողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել