Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՄԲՈՋԱՆ ՈՒ ԹԱԻԼԱՆԴԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ ՎԻՃԵԼԻ՝ 11-ՐԴ ԴԱՐԻ ՏԱՃԱՐԸ

Փետրվար 08,2011 00:00

\"\"Արդեն չորրորդ օրն է, ինչ անընդմեջ փոխհրաձգությունն ու հրետանային գնդակոծությունները՝ Թաիլանդի ու Կամբոջայի սահմանակից վիճելի տարածքում, շարունակվում են: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, փոխհրաձգության արդյունքում հինգ մարդ է սպանվել: Կիրակի օրը, միայն ուշ երեկոյան երկու երկրների զինվորականներին հաջողվել էր դադարեցնել փոխհրաձգությունն ու գնդակոծությունները, բայց դրանք երկուշաբթի վաղ առավոտյան կրկին վերսկսվել են: Դրանք տեղի են ունենում 11-րդ դարում կառուցված Պրոահ Վիհեար տաճարի տարածքում: Տաճարը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմած Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում եւ գտնվում է ՄԱԿ-ի պահպանության ներքո: Կամբոջայի կառավարության ներկայացուցիչը թաիլանդական կողմին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ: Այդ երկրի իշխանությունները պնդում են, որ թաիլանդական կողմի գնդակոծությունների արդյունքում տաճարը զգալիորեն վնասվել է, նրա մի մասը փլուզվել է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը խոր մտահոգություն է հայտնել տաճարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Կամբոջայի վարչապետ Խուն Սենը կիրակի օրը կոչ էր արել Կամբոջայի եւ Թաիլանդի միջեւ սահմանային վեճերը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, նաեւ խնդրել է ՄԱԿ-ին՝ խաղաղապահ ուժեր գործուղել: Վարչապետի կարծիքով, հենց այդ կառույցն է, որ ընդունակ է կասեցնել Թաիլանդի «ագրեսիան»: Ինչպես Կամբոջայում, այնպես էլ Թաիլանդում պնդում են, որ նախահարձակ կողմն իրենք չեն եղել: Տաճարի շրջապատում գտնվող գյուղերի բնակիչները սկսել են լքել իրենց տները:
Հիշեցնենք, որ Թաիլանդի ու Կամբոջայի վեճը հենց Պրոահ Վիհեար տաճարն է: Հաագայի Միջազգային դատարանը դեռ 1962թ.-ին ճանաչել է, որ տաճարը պատկանում է Կամբոջային, սակայն տաճարի գլխավոր մուտքը գտնվում է Թաիլանդի տարածքում: Բացի այդ, երկու երկրների միջեւ վեճի առարկա է նաեւ տաճարին հարող 4,6 քկմ մակերեսով տարածքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել