Միջազգային լրատվամիջոցները ամփոփում են Մյունխենում փետրվարի 4-6-ը տեղի ունեցած Անվտանգության հարցերով համաժողովի աշխատանքները: Ու թեեւ համաժողովի շրջանակներում Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը հուշագրեր են փոխանակել եւ Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների պայմանագիրն էլ օրինական ուժի մեջ է մտել, այդուհանդերձ, Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) հարցի շուրջ տարաձայնությունները ոչ միայն չեն նվազել, այլեւ՝ ՆԱՏՕ-Ռուսաստան գագաթաժողովից հետո ավելի են սրվել: Newsru-ի ու նաեւ BBC-ի մատուցմամբ, վերլուծաբանները նկատել են, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն պատրաստվում զիջումների գնալ՝ հասկանալով, որ արդյունքում՝ միեւնույն է, Ռուսաստանը պարտադրված է լինելու համաձայնել Հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալմանը:
Մյունխենում, հավատարմագրերի փոխանակումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադառնալով Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայմանը, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մոսկվային այդպես էլ թույլ չի տրվել որպես հավասարի մասնակցել այդ նախագծի քննարկմանը, նաեւ սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել՝ եթե այդ համակարգը, այնուամենայնիվ, ստեղծվի առանց ռուսական շահերը հաշվի առնելու:
Տարաձայնությունների առանցքային կետերից մեկը նաեւ այն է, որ Ռուսաստանը չի ուզում Իրանը ճանաչել որպես գլխավոր սպառնալիք: Մոսկվան հանդես է գալիս Իրանի դեմ հետագա պատժամիջոցների կիրառման դեմ, մինչդեռ Վաշինգտոնը մատնացույց է անում Թեհրանի կողմից նրա միջուկային ծրագրերն ընդամենը մեկ տարի հետո իրականություն դարձնելու հնարավորությունը:
Մյունխենում տեղի է ունեցել նաեւ մերձավորարեւելյան «քառյակի» նիստը՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի մասնակցությամբ, սակայն որեւէ որոշում այդ առնչությամբ չի ընդունվել: Համաժողովում քննարկվել է նաեւ Եգիպտոսում ստեղծված իրավիճակը: Համաժողովի մասնակիցները հասկացնել են տվել, որ Արեւմուտքում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքին ոչ ոք աջակցել չի պատրաստվում: Ռուսաստանի պատվիրակությունը Եգիպտոսի ճակատագրի քննարկմանը չի մասնակցել: