Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԲԱԶՄԱՄԱՐԴ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Փետրվար 08,2011 00:00

\"\"Շուրջ մեկուկես հազար մարդ մասնակցել է Ճապոնիայում տեղի ունեցող ամենամյա հանրահավաքին, որն ընթացել է Կուրիլյան չորս կղզիները, որոնք Տոկիոն համարում է իր «հյուսիսային տարածքները», վերադարձնելու պահանջով: Ամեն տարի փետրվարի 7-ին Ճապոնիայում բողոքի ցույց է տեղի ունենում ի հիշատակում 1855թ.-ին առեւտրի եւ սահմանների մասին Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ ստորագրված Մեկնաբանության շուրջ, որով ամրապնդվել է, որ Կուրիլների հարավային հատվածի չորս կղզիները՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտաբ եւ Համբոմայ, Ճապոնիայի տարածքներ են: Մոսկվան պնդում է, որ դրանք պատկանում են Ռուսաստանին՝ վկայակոչելով Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքը, որով հիշյալ կղզիները մտել են ԽՍՀՄ կազմի մեջ, որի իրավահաջորդը Ռուսաստանի Դաշնությունն է:
BBC-ի փոխանցմամբ, հիշյալ կղզիների շուրջ տարաձայնությունների պատճառով է, որ Մոսկվան ու Տոկիոն չեն կարողանում խաղաղության պայմանագիր կնքել: Ավելին, փետրվարի 7-ին ճապոնական աջ ծայրահեղական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները բողոքի ցույց են նախաձեռնել Տոկիոյում Ռուսաստանի դեսպանատան առջեւ: Նրանք կոչ են արել Ճապոնիային վերադարձնել Հարավկուրիլյան կղզիները՝ վանկարկելով «Վերադարձրե՛ք հյուսիսային տարածքները», «Դուք ապօրինաբար զավթել եք մեր հայրենի հողը» կարգախոսները:
Խմբերից մեկի ակտիվիստները Ռուսաստանի դեսպանատան առջեւ նետել են ՌԴ-ի պատառոտած դրոշը, որի վրա ինչ-որ գրառումներ են եղել:
Ճապոնիայում ավանդաբար տեղի ունեցող հանրահավաքը գլխավորել է այդ երկրի վարչապետ Նաոտո Կանը, որը վերջին շրջանում ռուս պաշտոնյաների այցելությունները հիշյալ կղզիներ՝ որակել է որպես «անթույլատրելի կոպտություն» եւ խոստացել չնահանջել իր պահանջներից: Իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն անցյալ շաբաթ բացատրել է, որ ռուս պաշտոնյաների պարբերական այցերը կղզիներ՝ «ռուսական տարածքը» զարգացնելու նպատակ են հետապնդում. «Դա (Կուրիլյան կղզիները) ՌԴ տարածք է, որը պետք է զարգանա միանգամայն ակնհայտ սցենարով եւ այնպես, ինչպես ռուսական մյուս տարածքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել