Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը տնօրեններին «հաթաթա տվեց»

Փետրվար 08,2011 00:00

Չի բացառվում, որ մեկ ամսից որոշ ավագ դպրոցների տնօրեններ կազատվեն աշխատանքից

«Այն տնօրենը, ով չկարողացավ աշխատել, չի աշխատելու, ում դպրոցում դրամահավաքություն գրանցվի, դադարելու է աշխատել: Չեմ բացառում, որ մեկ ամսվա ընթացքում կազատվենք որոշ ավագ դպրոցների տնօրեններից»,-ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ավագ դպրոցների տնօրենների հետ խորհրդակցությունն օրերս այս տոնով սկսեց: Զգացվում էր, որ նախարարը հատուկ «մեսիջով» էր եկել հանդիպման. «Փետրվարի կեսից կանցնենք տնօրենների հավաստագրի ձեռքբերման համար անցկացվող քննություններին: Խայտառակություն կլինի, որ ավագ դպրոցների տնօրենները այն չհանձնեն»: Տնօրենները դահլիճից ընդդիմացան, թե 800 հարցի ինչպե՞ս են պատրաստվելու: Նախարարը պատասխանեց. «Բա մեր էրեխեքի ջանը քա՞ր է: Էս բարդ ծրագրերով, խրթին դասագրքերով ո՞նց են քննություն հանձնում: Եթե տնօրեններից մեկը քննություններին վատ պատասխանեց ու սերտիֆիկատ ստացավ, ես եմ մեղավոր լինելու, իսկ դա թույլ չեմ տա»: Նախարարը նաեւ տնօրեններին զգուշացրեց, որ ցանկացած կանխիկ դրամաշրջանառություն դպրոցում պատժվելու է: Եթե անգամ ցանկություն լինի երեխաներին տանել թատրոն կամ թանգարան, ապա տոմսերը պետք է գնել փոխանցումով:
Նախարարը ավագ դպրոցների ղեկավարներին տեղեկացրեց, որ ԿԳՆ կայքում տեղադրված են ավագ դպրոցների համար նախատեսված դասագրքերը, ուստի իրենք ունեն ընդամենը 4 ամիս դիտարկումներ կատարելու, դիտողություններ անելու համար: Նախարարի քննադատությանն արժանացավ նաեւ այն փաստը, որ ավագ դպրոցների աշակերտները հանրապետական եւ միջազգային օլիմպիադաներում հաղթանակներ չեն բերում: Ա. Աշոտյանը նշեց. «Միջազգային օլիմպիադաներում Հայաստանին վարկանիշ են բերում հիմնականում «Քվանտ» վարժարանն ու ԵՊՀ ֆիզմաթ դպրոցը»: ԿԳ նախարարը խոսեց նաեւ ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման խնդրից՝ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին հանձնարարելով առաջիկայում իրեն ներկայացնել ամենավատ շենքային պայմաններն ունեցող 10 ավագ դպրոցների ցանկը:
Տնօրեններին եւս արտահայտվելու հնարավորություն տրվեց, սակայն նրանց բարձրացրած հարցերն ավելի խոհափիլիսոփայական էին: Տնօրեններից մեկն էլ բարձրացրեց ավագ դպրոցում անվտանգություն ապահովելու խնդիրը: Նախարարն ի պատասխան նշեց, որ նախագիծ կա դպրոցում ոստիկանի հաստիք մտցնել:
Թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե ժամանակին հաշվարկել էին, որ ամեն տարեվերջին ավագ դպրոցները պակասորդով են մնալու, հարցն ինչպե՞ս լուծվեց, ֆինանսավորման՝ 1,1 գործակցի՝ 1,5 դառնալը շոշափելի օգուտ տվե՞ց: Պարոն Թորոսյանը պատասխանեց. «Դա փոքր բարձրացում է, այն մեծ հարց չի լուծում: Նեղություն ավելի շատ կրելու են այն դպրոցները, որոնք նոր են դարձել ավագ դպրոց: Իսկ նրանք, որոնք արդեն ավագ են, սովորել են նեղ պայմաններում իրավիճակից դուրս գալ»: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանն էլ «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Մեր խնդիրները շատ են այն առումով, որ նոր ենք դառնում ավագ դպրոց: Ունենք նաեւ շենքային խնդիրներ, 1939 թվին կառուցված շենք է, այս տարի վերջապես մտել է հիմնանորոգման ծրագրի մեջ: Պետք է վերազինվի գրադարանը, գույքը թարմացվի»: Աշտարակի թիվ 5 դպրոցի տնօրեն Ֆելիքս Հովհաննիսյանն էլ նշեց. «Քանի որ ավագ դպրոցներում հավաքվում են մի քանի հարյուր՝ 16-17 տարեկան պատանիներ, առաջանում է անվտանգության ապահովման հարց: Դա մենք մասնակի լուծել ենք ոչ թե ոստիկանի հաստիքով, այլ անվտանգության ծառայության, որը հսկում է դրսից ներս պատահական մարդկանց մուտքը: Բայց ես առաջարկում եմ այդ հարցը լուծել աշակերտների համար անցաթղթեր պատրաստելով եւ, ինչպես քաղաքակիրթ աշխարհում է արվում, դպրոցում՝ անվտանգության ծառայության աշխատանքով»: Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Լեռնիկ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում նեղսրտեց. «Ավագ դպրոցի գաղափարը լավ է, բայց մեր քաղաքում կա աշակերտի խնդիր: Կապանում գործում է 2 ավագ դպրոց. 3 միջնակարգ եւ բազում միջին մասնագիտական հաստատություններ: Ուստի ավագ դպրոցներն ունենում են աշակերտի խնդիր, քանի որ ծնողները երբեմն ավելի շահագրգիռ են երեխաներին տանել միջին մասնագիտական կամ միջնակարգ կրթական հաստատություններ, քան բերել ավագ դպրոց: Գուցե ավելի ճիշտ կլիներ Կապանում բացել մեկ ավագ դպրոց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել