Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ «ՓԱՅՏԻԿՆ» ՈՒ ԱՇՈՏՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ

Փետրվար 08,2011 00:00

Կրթության ոլորտի խնդիրները՝ տարբեր տեսանկյուններից

\"\"

ՀՀ ԿԳ նախարարությունը եւ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը փետրվարի 4-6-ին Աղվերանում կազմակերպել էին «Հայաստանի բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխումները» թեմայով սեմինար: Խոսելով բարձրագույն կրթության ֆինանսավորումից, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փաստեց, որ գործող մեխանիզմը սպառել է իրեն եւ թույլ չի տալիս կրթության որակի, մատչելիության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված նոր գործիքակազմ որդեգրել։ Նախարարի խոսքով, ՀՀ պետական բյուջեից բարձրագույն կրթության ոլորտին հատկացվում է շուրջ 7,7 միլիարդ դրամ ու ժամանակն է, որ միայն պետությունը եւ ուսանողը չվճարեն բարձրագույն կրթության համար։ Այդպես կլինի այն պարագայում, եթե սոցիալական պատասխանատվությամբ ներծծված նոր բիզնես-մշակույթ ձեւավորվի, ու խոշոր գործարարները, ելնելով սեփական կոմերցիոն շահերից, հավելյալ հատկացումներով աջակցեն ուսումնական հաստատություններին։ Նշենք, որ 2009թ. հոկտեմբերից ուժի մեջ է մտել «Կրթության որակ եւ համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագիրը, որը կավարտվի 2014-ի նոյեմբերին: Ծրագրի ընդհանուր արժեքը $31,26 մլն է, որից ՀԲ-ի վարկը $25 մլն է, ՀՀ պետբյուջեի միջոցները՝ $6,26:
Նախարարը ժպիտով ասաց, որ բոլոր փորձագետների ուսումնասիրություններում նկատել է իրավիճակն ավելի մռայլ ներկայացնելու միտում. «Պետք չէ խտացնել գույները, որպեզի ձեր առաջարկները մեզ համար կախարդական փայտիկ թվան»:
Բարձրագույն կրթության ֆինանսավորման քաղաքականության մշակման ոլորտի միջազգային փորձագետ Արթուր Հոպտմանը, օրինակ, հայտարարում է, որ ներկայիս համակարգը կայուն չէ եւ կարիք ունի բարեփոխումների, մանավանդ՝ ԽՍՀՄ-ից ժառանգած որոշ տարրեր է պահպանել. հետազոտությունները մեկուսացած են ուսումնառությունների գործընթացից, հետազոտությունների ծավալը մեծ է գիտահետազոտական ինստիտուտներում, բայց ոչ բուհերում եւ այլն: Ըստ Հայաստանի բարձրագույն կրթության ներկա իրավիճակը եւ ֆինանսավորման հիմնախնդիրները ներկայացնող ամփոփագրի, բարձրագույն կրթության հիմնախնդիրներն են՝ մուտքերի եւ ոչ թե արդյունքների վրա հիմնված ֆինանսավորումը, խթանների եւ հաշվետու լինելու պակասը, գերմասնագիտացումը, անհամապատասխանությունը շուկայի պահանջարկին եւ այլն:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը «Առավոտի» հետ զրույցում, խոսելով մասնավորապես ուսանողական վարկավորումից եւ ծրագրից, հայտնեց, որ միջազգային փորձագետ Հոպտմանին զարմացրել է հայաստանյան բուհերի խորհուրդների չափից ավելի քաղաքականացված լինելը. «Փորձագետների տված թեզիսներում նշված է կոռուպցիայի բարձր մակարդակը, բուհերի ինքնավարության ցածր մակարդակը, նաեւ քաղաքականացված լինելը: Փորձագետներից մեկն էլ ուղղակի բանաձեւել է՝ ուսանողների վարկավորման գործընթացի քաղաքականացված լինելը կնշանակի ծրագրի տապալում: Կա հետեւյալ եզրակացությունը՝ պետությունը ստանձնել է մի պարտավորություն, որը չի կարողանալու հաղթահարել: Սա նաեւ ֆինանսների նախարարության ներկայացուցչի կարծիքն էր՝ ուրեմն ինչպե՞ս պիտի այդ տանդեմը լուծվի… Իմ համոզմամբ, քաղաքական համակարգը դեռ կխանգարի կրթության ոլորտի բարեփոխումներին: Կարեւորվում է բուհերի ինքնավարությունը, մինչդեռ բուհերի խորհուրդները քաղաքականացված են մինչեւ վերջ, դրանց նախագահներն են ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, Երեւանի քաղաքապետը եւ այլք… Միջազգային փորձագետը նույնիսկ ծիծաղեց, ինքը չի հասկանում՝ ինչո՞ւ պետք է ՀՀ նախագահը հանդիսանա բուհի խորհրդի նախագահ, մի՞թե երկրի նախագահն այդքան ժամանակ ունի: Էլ չասեմ, որ բացի ԵՊՀ խորհրդի նախագահ լինելուց, նաեւ Շախմատի ֆեդերացիայի նախագահն է… Մտավախություն ունեմ, որ վարկերից հավանաբար կօգտվեն միայն ուսանողները, ում համար բուհը որոշած կլինի, դրանք կհատկացվեն ըստ կուսակցական պատկանելության, լծակ կլինեն երիտասարդներով կուսակցությունների շարքերը համալրելու եւ կծառայեն քաղաքական նպատակների»:
Ա. Աշոտյանը կարծում է, որ տիկին Բախշյանն ու միջազգային փորձագետը միմյանց լավ չեն հասկացել: «Բուհի խորհրդի նախագահի պաշտոնն ավելի շատ սիմվոլիկ է եւ լիազորությունների խնդիր խորհրդի նախագահը չունի: Վստահ եմ, որ տիկին Բախշյանն ու միջազգային փորձագետը այդ առումով մի քիչ լավ չեն հասկացել միմյանց, որովհետեւ իրականում սա ընդունված փորձ է: Բազմաթիվ արեւմտյան համալսարանների հոգաբարձուների խորհուրդների նախագահները հայտնի քաղաքական, տնտեսական գործիչներ են: Օրինակ՝ Տեխասի Ագրարային համալսարանի խորհրդի նախագահն է Ռոբերտ Գեյթսը: Բազում այլ օրինակներ կան: Կարծում եմ, որ բուհերին դա օգտակար է, որովհետեւ յուրաքանչյուր պաշտոնյա, որ ներգրավված է խորհրդի կազմում, առավել եւս՝ ղեկավարում է խորհուրդների գործունեությունը, վստահաբար փորձում է այդ բուհին ավելի շատ օգտակար լինել: Դրանից շահում է բուհը, շահում է ողջ համակարգը: Եթե ԵՊՀ-ի համար երկրի ղեկավարը ջանք է գործադրում, Մանկավարժականում՝ վարչապետը, Պոլիտեխնիկում՝ փոխխոսնակ Նիկոյանը եւ այսպես շարունակ, պարզ չէ՞, որ բոլոր բուհերն էլ մի քիչ դրանից կշահեն»: Տիկին Բախշյանը, ընդհակառակը, կարծում է, որ «Եթե այդ մարդիկ են խորհուրդների նախագահները եւ մեր բարձրագույն կրթության որակն այսպիսին է, ուրեմն իրենք իրենց տեղում չեն, ուրեմն իրենցից հրաժարական ենք պահանջում»: Պատգամավորի համոզմամբ, միայն Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ ընտրվելն է արդարացվում, քանի որ այս բուհը կապ ունի Երեւանի խնդիրների եւ ենթակառուցվածքների հետ:
Աղվերանյան սեմինարի ժամանակ նաեւ հարց հնչեց՝ ե՞րբ են հայաստանյան բուհերը վերջապես տեղափոխվելու կոնկրետ բուհական ավաններ՝ իրենց ողջ ենթակառուցվածքներով, ինչի պարագայում ոչ երեւանաբնակ ուսանողները ստիպված չեն լինի, բացի ուսման վարձից, նաեւ բնակարանի մասին մտածել: Ա. Աշոտյանը համաձայնեց, որ վաղուց հասունացել է այդ պահը՝ հավելելով, որ այն քննարկման առարկա է դարձել Երեւանի քաղաքապետարանում: Նաեւ երկարաժամկետ ներդրողի կարիք կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել