Օղակներ Համաշխարհային օվկիանոսում
Արեւմտյան խաղեր
Արաբական երկրներում՝ Թունիսում, Եգիպտոսում, Եմենում, որոշ վերապահումներով՝ նաեւ Ալժիրում, Սիրիայում ու Հորդանանում, դոմինոյի սկզբունքով սրընթաց զարգացող իրադարձություններն իրենց վրա սեւեռեցին ողջ աշխարհի ուշադրությունը: Հատկապես եգիպտական դրամատիկ զարգացումները ցնցեցին աշխարհը՝ նախ լուռ շփոթության մատնելով նրան, ապա ստիպելով բարձրաձայնել իրենց մասին: Առաջին լուրջ անդրադարձը, որ եգիպտական իրադարձությունների առնչությամբ արվեց քաղաքակիրթ Արեւմուտքից, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթն էր: Այն արձագանք էր Հոսնի Մուբարաքի հեռուստատեսային ելույթին, որում վերջինս խոստանում էր արմատական բարեփոխումներ անել երկրում: Եվ այսպես, ամենեւին էլ ոչ բողոքական քրիստոնյա ու սպիտակամորթ, աֆրիկյան արմատներ ունեցող, ժողովրդավարության ու ազատության բարիքների շնորհիվ աշխարհի ամենահզոր երկրի նախագահ դարձած Օբաման դեմքի լուրջ ու խիստ արտահայտությամբ հայտարարեց, որ հեռախոսազրույց է ունեցել Մուբարաքի հետ: Ըստ Օբամայի՝ զրույցի ընթացքում նա զգուշացրել է Մուբարաքին հարգել Եգիպտոսի ժողովրդի պահանջները եւ հորդորել անպայման իրականացնել խոստացած բարեփոխումները: Ընդ որում, իրականացնել արագ եւ անկեղծորեն: Այս դիվանագիտական ձեւակերպման վերծանությունը հետեւյալն է. Մուբարաքը կարիք չունի հրաժարական տալու, նա պետք է մնա, մնա եւ շարունակի կառավարել, միայն թե արագ մի քանի բարեփոխում պետք է անի: Օբամայի ելույթին համահունչ հայտարարություններ արեցին նաեւ մեկ-երկու եվրոպական երկրների ղեկավարներ:
Արեւմուտքի շահերը, իհարկե, հասկանալի են: Համենայնդեպս, բացատրելի են: Չափազանց կարճ ժամանակ է անցել այն բանից, երբ արմատական «Հզբոլլահն» ամբողջությամբ վերցրեց իշխանությունը Լիբանանում, եւ աշխարհի շատ երկրներ մեկը մյուսի հետեւից ճանաչում են Պաղեստին պետությունը 1967թ. սահմաններով եւ, որ ամենակարեւորն է՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Սրան զուգահեռ, Իրանը կարճ ժամանակահատվածում մի քանի անգամ մի քանի մակարդակներով ուղղակիորեն դատապարտեց Մուբարաքի բռնապետությունը եւ ողջունեց Եգիպտոսում ծավալված ժողովրդավարական շարժումը՝ դրանով իսկ ապագայի համար գործընկերության լուրջ հիմքեր ստեղծելով:
Արեւմուտքում սարսռում են եգիպտական քաոսից՝ եւս մեկ մահմեդական կրոնապետության առաջացման տեսլականից: Այն էլ՝ Արեւմուտքի հետ պայմանավորվածությունները հստակորեն պահպանող երկրի փոխարեն: Այն էլ՝ Իսրայելի նկատմամբ բավականին լոյալ, միջազգային արաբական արմատականությանն առնվազն չսատարող, իսկ իր սահմաններում դրա դրսեւորումները վճռականորեն ճնշող պետության հաշվին: Այն էլ՝ Իսրայելին անմիջականորեն սահմանակից եւ Աֆրիկայի ամենամեծ բանակն ունեցող հասարակության տեղը: Այն էլ՝ Սուեզի ջրանցքն ընդգրկող, նավթի ու գազի պաշարներ տնօրինող տարածքում:
Նման հեռանկարն այնքան սահմռկեցուցիչ է Արեւմուտքի համար, որ արեւմտյան վերլուծաբաններին չի հուզում անգամ իրադարձությունների նման զարգացման հավանականության իրական աստիճանը: Արեւմուտքում որոշում կայացնողների ուշադրությունից վրիպել կամ միտումնավոր անտեսվել է հետեւյալ հանգամանքը: Եգիպտական ընդդիմադիր շարժումը սկսել են ինտերնետից օգտվող երիտասարդները, իրավունքների ու ազատությունների ձգտող տղամարդիկ ու կանայք, սոցիալական վիճակի բարելավում ցանկացող հասարակ մարդիկ, որոնք սկզբում անգամ չէին առաջնորդվում քաղաքական ընդդիմադիր գործիչների կողմից: Մինչդեռ Արեւմուտքի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող «Մահմեդական եղբայրները» միայն աստիճանաբար են ակտիվացել ու ինտեգրվել Շարժմանը: Ընդ որում, նրանք իսլամիստական կոչեր ու պաստառներ չեն պարզում եւ անգամ չեն էլ հավակնում առաջատարի դերին, գոնե առայժմ: Մահմեդական եղբայրների պաշտպանած թեկնածուն դեռեւս Մուհամեդ Էլ-Բարադեյն է՝ Նոբելյան մրցանակակիր, ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի հանձնաժողովի նախկին նախագահը: Ընդհանուր առմամբ, Արեւմուտքի համար միանգամայն ընդունելի մի մարդ, որն այս համատեքստում միայն մի թերություն ունի: Իրաքի ամերիկյան ներխուժումից առաջ նա համարձակվել էր ՄԱԿ-ում հայտարարել, որ իր գլխավորած հանձնաժողովի եզրակացությամբ Իրաքում ատոմային զենք չկա:
Արեւմուտքը հաշվի չէր առել մեկ այլ հանգամանք եւս. եգիպտական ժողովրդի՝ ավտորիտար վարչակարգը փոխելու ցանկության, նրա վճռականության եւ տոկունության աստիճանը: Բարեփոխումների խոստումները, ինչպես եւ կառավարության փոփոխությունը, բավարար չեղան Շարժումը դադարեցնելու համար: Ակնհայտ էր, որ Մուբարաքը պետք է հեռանա: Եվ Արեւմուտքի առաջնորդները ստիպված եղան փոխել իրենց հայտարարությունների նրբերանգները՝ շեշտադրումները բարեփոխումներից տեղափոխելով իշխանության փափուկ փոխանցման անհրաժեշտության վրա: Եգիպտոսի նախագահը հանդես եկավ ժողովրդին ուղղված հատուկ ուղերձով, որում նա խոստացավ չմասնակցել սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Սա, անշուշտ, ոչ առանց Վաշինգտոնի ու Բրյուսելի գիտության եւ հավանության, իսկ գուցե նաեւ նրանց խորհրդով. այս ժամանակը միանգամայն բավական է Մուբարաքին արժանի հետեւորդ գտնելու եւ փարավոնների, ֆաթիմյան խալիֆների, մամլուքների ու Սալահադդինի գահը նրան վստահելու համար: Ինչեւէ, Մուբարաքի այս խոստումը եւս չգոհացրեց եգիպտացի ժողովրդին, եւ նա մնաց իր Ազատության հրապարակում:
Արեւմտյան խաղերը հասկանալի են: Տարօրինակ է միայն այն, որ ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրները ներկայանում են իբրեւ մարդու իրավունքների ու ազատությունների եւ ժողովրդավարության միջնաբերդ եւ շարունակում են հսկայական միջոցներ վատնել աշխարհում այդ արժեքների ուսուցման ու տարածման նպատակով: Տպավորություն է ստեղծվում, որ դա արվում է միայն աշխարհի աչքերում իրենց այդ կերպարը պահելու համար:
Թուրքիայի
աստեղային ժամը
Եգիպտական իրադարձութունների համապատկերին հերթական անգամ իր դիվանագիտական հանճարի համարումն արդարացրեց Թուրքիան: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկ օրվա ընթացքում երկու անգամ հայտարարություն արեց եգիպտական իրադարձությունների կապակցությամբ: Նա, ասես մոռանալով, որ իր երկրում ամեն օր ոտնահարվում են մարդու իրավունքները եւ որ իր պետությունն ամենեւին էլ ազատ ու ժողովրդավար չէ, խիստ քննադատության ենթարկեց Եգիպտոսի նախագահի կեցվածքը: Նա հավաստեց, որ ոչ մի կառավարություն չի կարող իշխանության մնալ՝ հակառակ ժողովրդի կամքին: Վերջապես Էրդողանն ընդգծեց, որ Մուբարաքի խոստումը՝ հեռանալ սեպտեմբերյան գալիք ընտրություններից հետո, չի գոհացնում եգիտացիներին եւ կոչ արեց վերջինիս բավարարել իր ժողովրդի պահանջը: Այս խոսքերն արդեն բացառիկ էին եգիպտական զարգացումների շուրջ հյուսված միջազգային խճանկարում: Դրանք այլ կերպ, քան հրաժարական տալու ուղղակի հորդոր, չի կարելի հասկանալ: Զարմանալի չէ, որ դրանք ցնծությամբ ընդունվեցին Կահիրեի հրապարակում հավաքված ցուցարարների կողմից: Թուրքիան վաղուց է հավակնում Արեւմուտքի եւ մահմեդական աշխարհի միջեւ միջնորդի, նրանց երկխոսությունն ու կապն ապահովողի դերին: Թուրքիան մշտապես ցուցադրում է իր ձգտումը դեպի ազատական ու ժողովրդավարական արժեքներ, դեպի Եվրոպա եւ ԱՄՆ, սակայն թուրքական եւ ոչ մի իշխանություն լրջորեն չի պայքարում երկրում արմատական մահմեդական տրամադրությունների դեմ: Թուրքիան մնում է ԱՄՆ-ի ռազմական դաշնակիցը եւ լուրջ հենարանը Մերձավոր Արեւելքում ու զուգահեռաբար բարեկամական ձեռքսեղմումներ է փոխանակում ԱՄՆ-ի թերեւս գլխավոր հակառակորդ իսլամիստական Իրանի ու նրա՝ Վաշինգտոնի համար ատելի առաջնորդ Ահմադինեջադի հետ: Թուրքիան ավելի քան գործընկերային հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ՝ միաժամանակ պարբերաբար խրախուսելով պաղեստինյան նկրտումները:
Թուրքական դիվանագիտական միտքը կարողացել է հասնել նրան, որ առաջին հայացքից հակասական թվացող այս արտաքին քաղաքական ուղղությունները ոչ միայն ներդաշնակ գոյատեւեն, այլեւ փոխլրացնեն ու նպաստեն միմյանց հաջողություններին: Այսպես, ԱՄՆ եւ համաեվրոպական կառույցները հստակ գիտակցում են, որ այս կամ այն հարցում, ասենք, Հայոց ցեղասպանության կամ Կիպրոսի խնդիրներում, Թուրքիայի վրա լուրջ ճնշումներ կիրառելու կամ նրան կոպտորեն մերժելու դեպքում Թուրքիան կարող է դեմքով շրջվել դեպի մահմեդական Արեւելքը եւ նույնիսկ գլխավորել այն: Եվ քանի դեռ տարածաշրջանում նրան համարժեք այլընտրանքը՝ կառավարելի Իրաքը կամ քրդական պետությունը չկա, Արեւմուտքը ստիպված է շարունակ ընդառաջել Թուրքիային՝ հետ պահելով նրան արաբ ծայրահեղականների, աֆղանական թալիբների կամ իրանական ֆունդամենտալիստների հետ գրկախառնումից:
Սուլթանների հետնորդի՝ հավանաբար բյուզանդական կայսրերից Կոստանդնուպոլսի հետ միասին ժառանգությամբ ստացված այս վարքագիծը նույնն է նաեւ եգիպտական իրադարձությունների պարագայում: Եգիպտական քաղաքացիական շարժման նկատմամբ թուրքական վարչապետի դրական վերաբերմունքը միաժամանակ մի քանի խնդիր է լուծում եւ մի քանի ուղերձ է պարունակում: Քրիստոնյա Արեւմուտքի համար. Թուրքիան անկեղծորեն իրենց հետ նույն ազատական արժեքներն է դավանում: Մահմեդական Արեւելքի համար Եգիպտոսի «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը նոր հնարավորություն է ստանում. նվազագույնը՝ ընդհատակից ու բանտերից դուրս գալու եւ ազատ գործելու, առավելագույնը՝ իշխանությանը տիրելու: Այսպիսով, Թուրքիան կարողանում է պահպանել երկու միանգամայն տարբեր ինքնություններին իր պատկանելության տպավորությունը՝ մնալով ընկալելի եւ ցանկալի երկուսի համար էլ: Ավելին, Թուրքիան ձգտում է ներկայանալ իբրեւ այդ երկու ինքնություններն իր մեջ ներառող հասարակություն՝ ժողովրդավարական մահմեդական երկիր: Եվ քանի որ արեւմտյան հասարակագիտական միտքը համառորեն շարունակում է հավատալ առայժմ միայն տեսականորեն գոյություն ունեցող այս երեւույթի իրականություն լինելուն, Թուրքիայի այս փորձերը եւս հաջողվում են:
Եգիպտական բանակը
Եգիպտական իրադարձություններում խիստ ուշագրավ է եգիպտական բանակի գործոնը: Նախ, երկրի զինված ուժերը եգպտական սֆինքսի իմաստուն լռությամբ պարզապես հետեւում էին իրադարձությունների զարգացմանը՝ փաստելով, որ ընդդիմադիր շարժումը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Ապա՝ պարզապես լծվեցին երկրի պետական ու մշակութային կենտրոնների պահպանության գործին՝ այստեղ փոխարինելով ավազակներից պաշտպանվելու նպատակով կազմակերպված քաղաքացիական ուժերին: Բանակը չաջակցեց նաեւ ոստիկանությանը՝ ժողովրդի դեմ գործողություններ իրականացնելիս, թեեւ, ըստ լրահոսի, այդպիսի հրաման ուներ: Բանակը ձեռնպահ մնաց միջամտելուց անգամ այն բանից հետո, երբ վարչակարգի համակիրները զինված հարձակումներ սկսեցին խաղաղ ցուցարարների վրա, եւ շարժումը վերածվեց արյունալի բախումների: Քաղաքացիական հագուստով այդ համակիրները, ըստ ամենայնի, հատուկ ծառայությունների ու ոստիկանության աշխատակիցներ էին եւ իշխող կուսակցության անդամներ: Ի դեպ, սրանք եւս չկարողացան կոտրել եգիպտացիների կամքը:
Ակնհայտ է, որ որքան ավելի է լարվում իրավիճակը երկրում, այնքան եգիպտական զինված ուժերի դերն ավելի կարեւոր, իսկ նրանց միջամտությունը՝ ավելի պահանջված է դառնում: Հատկապես միջազգային ուժերի կողմից, ինչի մասին են վկայում տարբեր արեւմտյան պաշտոնատար անձանց ու վերլուծաբանների հայտարարությունները: Իսրայելն անգամ պաշտոնապես թույլ տվեց եգիպտական երկու գումարտակ տեղակայել իրեն հարակից Սինայի թերակղզում, որը վերջին եգիպտա-իսրայելական պատերազմից ի վեր հաշտության պայմանագրով նախատեսված ապառազմականացված գոտի էր: Իսկ սա զարմանալի չէ: Մահմեդական արմատականության սպառնալիք պարունակող երկրներում Արեւմուտքը մշտապես հենվում է ավանդաբար ազգայնական եւ աշխարհիկ հայացքներ ունեցող զինված ուժերի վրա: Բանակին լուրջ դերակատարում է վերապահված ոչ միայն Եգիպտոսում, այլեւ ավելի ցայտուն կերպով Թուրքիայում, Պակիստանում եւ այլուր: Ճիշտ է, եգիպտական բանակը լուրջ գործոն էր նաեւ մինչեւ քաղաքացիական շարժումը: Բազմիցս նշվեց, որ Մուբարաքն ինքը բանակից էր եւ վայելում էր նրանց աջակցությունը: Ընդդիմադիր շարժման օրերին այն էլ ավելի լուրջ լծակներ ստացավ: Անգամ նախագահի օգտին չմիջամտելու պարագայում զինված ուժերի ներկայացուցիչներին հանձնվեցին նոր կառավարության (այն Մուբարաքի կողմից ստեղծվեց շարժման ընթացքում եւ ներկայացվեց իբրեւ զիջում ցուցարարներին) մի քանի նախարարական պորտֆելներ, վարչապետի եւ անգամ տասնամյակներ ի վեր չնշանակված փոխնախագահի պաշտոնները: Միանգամայն հնարավոր է, սակայն, որ երկրում աննախադեպ իրավիճակի ստեղծման բերումով եգիպտական բանակին հնարավորություն ընձեռվի անմիջականորեն ստանձնել երկրի ղեկը:
Եգիպտոսի Քաղաքացին
Աստվածաշունչն ասում է, որ Աստված մարդուն ստեղծեց ազատ: Բայց Սուրբ Գիրքը թաքցնում է մի կարեւոր նրբություն: Մարդուն արարելիս Բարձրյալը կատակել է. նա ցանկացել է, որ մարդն իր ազատությունը ստանա միայն որոշակի գին վճարելուց հետո: Եգիպտոսի քաղաքացիները, ըստ ամենայնի, քաջ գիտակցում են սա: Ավելին, նրանք պատրաստ են վճարել եւ վճարում են այդ գինը: Եգիպտացիներն իրենց արյունն են դնում Ազատության զոհասեղանին: Նրանք վաստակել են իրենց Ազատության իրավունքը: Փառք ու պատիվ նրանց: