Լրահոս
Օրվա լրահոսը

Չարդախլուից չէ, Աթաբեկից է

Փետրվար 08,2011 00:00

Հունվարի 11-ին «Գետահովիտի դեպքը կարող էր կանխվել» եւ հունվարի 12-ին «Գնդապետի բարոյական կերպարը» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ի սահմաններում, Տավուշի մարզկենտրոն Իջեւանի մատույցներում գտնվող Գետահովիտ գյուղի մի քանի երիտասարդներ գնացել են գյուղի զորամասում ծառայող իրենց ընկերոջը տեսության: Հսկիչ-անցագրային կետի մոտ նրանց նկատելով՝ զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը նախ կրակ է բացել, ապա զենքի սպառնալիքով իր աշխատասենյակ տարել երիտասարդներին եւ ոտնձգություններ կատարել, ինքնաձիգով ահաբեկել: Երիտասարդներն էլ փախուստի դիմելով՝ ցած են նետվել երկրորդ հարկից: Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Թաթուլի Ենգիբարյանը ստացել է գանգուղեղի վնասվածք, իսկ 21-ամյա Աշոտ Սպարտակի Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոն Ենգիբարյանը 10 օր շարունակ «կայուն ծանր» վիճակում պառկած է եղել Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, իսկ հունվարի լույս 10-ի գիշերը մահացել է:
ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկից հետո միայն Սերգեյ Կարապետյանը ազատվեց աշխատանքից եւ կալանավորվեց: 
Նախքան Սերգեյ Կարապետյանի կալանավորումը՝ Իջեւանի Զորական գյուղի բնակիչները, որ Ադրբեջանի Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից են, հպարտանում էին, թե գնդապետը  եւս չարդախլվեցի է:
Սերգեյ Կարապետյանի կալանավորումից եւ դրա մասին «Առավոտում» հրապարակումներից օրեր անց «Առավոտի» թղթակցին զայրացած մոտեցավ Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի մի բնակիչ եւ ասաց, որ Կարապետյանը ժամանակին շատերին է լավություն արել, որ Գետահովիտում տեղակայված զորամասի միջադեպի ժամանակ նա եւս տուժել է, ծեծվել: Նախկին չարդախլվեցի զորականցին դժգոհեց, որ մենք Կարապետյանին ներկայացրել ենք որպես Շամխորի շրջանի Չարդախլու գյուղից: Նրա խոսքերով՝ Կարապետյանը ծնունդով Շամխորի շրջանի Աթաբեկ գյուղից է, որը հռչակավոր Չարդախլու գյուղին կից էր: Չարդախլուն Շամխորի հայկական 7 գյուղերի վարչական կենտրոնն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել