Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը փակ էր

Փետրվար 08,2011 00:00

Կիրակի օրը Սյունիքում ուժեղ քամի էր, որը բավականին բարդ իրավիճակ էր ստեղծել տարածաշրջանի համար: Վաղ առավոտից՝ լուսադեմին, ժամը 4-ից, ձնաբքի հետեւանքով փակվել էր Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը՝ Հարժիս գյուղի խաչմերուկում: 12 ժամ շարունակ չէր հաջողվում բացել մայրուղին, ուժեղ քամին շարունակ սարերի ձյունը լցնում էր ճանապարհներին: Կես մետրից ավելի ձյուն կար ճանապարհներին, Գորիսի ճանշին ձեռնարկության բոլոր 8 ձյունմաքրող մեքենաներին ու աշխատակազմին միայն ժամը 16-17-ին հաջողվեց գոնե միակողմանի երթեւեկություն ապահովել: Մինչ այդ ճանապարհներին 200-ից ավելի տրանսպորտային միջոց էր կուտակվել: «Երեխուս հետ Երեւանից Կապան էի գալիս, 4-5 ժամ ճանապարհներին էինք մնացել, չէինք կանխատեսել, որ կարող ա սենց լինի, գոնե ուտելու համար բան կվերցնեինք, սոված-ծարավ, համբերություններս հատած սպասում էինք, էլ չեմ ասում, թե հարազատներս ինչքան էին անհանգստանում»,- ասում է Երեւանից Կապան ուղեւորված Անահիտը: Կիրակի օրը գիշերը կրկին փակվել է միջպետական ճանապարհը, իսկ երկուշաբթի առավոտյան ժամը 10-ի դրությամբ Գորիսի ճանշին ձեռնարկությունից տեղեկացրին, որ ձնաբքի հետեւանքով կրկին փակ է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը, տեխնիկան աշխատում է, բայց քամին դեռ շարունակում է դժվարացնել աշխատանքը: Սյունիքի մարզպետարանի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը «Առավոտին» փոխանցեց, որ կեսօրից հետո կբացվի Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհը եւ երկկողմանի երթեւեկելի կլինի: Այդպես էլ եղավ: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացրեց, որ ժամը 13-ից ճանապարհը բաց է:
Մարզի մյուս տարածաշրջաններում էլ կիրակի օրվանից սկսված ուժեղ քամու հետեւանքով մի քանի բնակավայրեր էին հոսանքազրկվել: Դադարներով անջատվում էր նաեւ Կապանի որոշ թաղամասերի հոսանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել