Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ որոշումներ, շատ մուտքեր, շատ սխալներ

Փետրվար 08,2011 00:00

Շաբաթ օրը՝ փետրվարի 5-ին ամփոփելով 2010 թվականը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ 33 000 հարկատու օգտվել է «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքից: Ըստ այս օրենքի, եթե հողատերը վճարում է անցած տարիներին չվճարած հողի հարկը, ազատվում է դրա չվճարման համար հաշվարկված տույժ ու տուգանքից: Այս 33 000-ը միասին վճարել են մոտ 778 միլիոն դրամ, չեղյալ է համարվել 480 միլիոնի տույժ ու տուգանք:
Սրանով հանդերձ, Հայաստանի բոլոր համայնքներում դեռ մնում է 12,1 միլիարդ չվճարված հողի հարկ: Հին պարտքերը մարելու եւ նոր պարտքեր չկուտակելու համար պետությունը «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ է կատարել եւ հիմա համայնքապետերն ու ավագանիները պարտավոր են հողի հարկը դատարանի միջոցով ստանալ, եթե հարկատուն չի վճարել ավելի քան 500 000 դրամ կամ ավելի քան 185 օր ոչ մի դրամ չի վճարել:
2010 թվականի փետրվարի 2-ին «914 համայնք, 15 039 որոշում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ 2009 թվականին Հայաստանի 914 համայնքներում կայացվել է 15 039 որոշում եւ 1095-ը կամ 7,3 տոկոսը մարզպետարանները վերադարձրել են: 2009 թվականին ՀՀ 914 համայնքներից 85-ը (Արագածոտն՝ 22, Գեղարքունիք՝ 15, Շիրակ՝ 48) ընդհանրապես որեւէ որոշում մարզպետարան չի ներկայացրել: 2010 թվականին, ըստ Վաչե Տերտերյանի, մարզպետարաններ է ներկայացվել 55 533 որոշում, որի 18,9 տոկոսը կամ 10 534-ը որակվել է ոչ իրավաչափ: Ավագանու որոշումը սահմանված ժամկետում մարզպետարան չներկայացնելու համար 2010-ին կարգապահական տույժի է ենթարկվել համայնքի ղեկավարի աշխատակազմի 10 քարտուղար:
2010 թվականի համար Հայաստանի համայնքները նախատեսել էին հավաքել 85 միլիարդ դրամ եկամուտ, սակայն հավաքել են 83,832 միլիարդ՝ 98,6 տոկոս: 2009-ի համեմատ եկամուտների հավաքագրման ցուցանիշը աճել է 59,4 տոկոսով:
2011 թվականին ՀՀ տարածքային կառավարման նախարարության համար գերակա են լինելու համայնքների բյուջեների եկամտային մասի ավելացումն ու ՏԻՄ-երի կատարած ծախսերի մոնիտորինգը, տեղական ինքնակառավարման օրենսդրական բազայի բարելավումը, տարածքային զարգացման հայեցակարգի իրականացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել