Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ

Փետրվար 08,2011 00:00

Ալկոհոլի նկատմամբ սերը հորը դարձրել է անգութ ու դաժան, որդուն՝ մեղադրյալ, տուժել է ողջ ընտանիքը

Հանրային հեռուստատեսությունը մի հեռուստանովել է ցուցադրում, որտեղ դպրոցական տղան հանցագործ է դառնում ընտանիքի անդամներին կտտանքի ենթարկող, հարբեցող խորթ հոր նկատմամբ ակամա սպանության փորձ կատարելու համար:
Ճիշտ նման իրավիճակում է հայտնվել նաեւ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Վաղաշեն գյուղի բնակիչ՝ 17-ամյա Յուրիկ Գեւորգյանը: Կինոյի հերոսի նման՝ Գեւորգն էլ ճաղերի ետեւում է հայտնվել դարձյալ հարբեցող, ընտանիքի անդորրը խաթարող, ամենօրյա ծեծ ու ջարդն անպակաս պահող ոչ թե խորթ, այլ հարազատ հորը դանակահարելու մեղադրանքով:
Սոցիալապես ծանր պայմաններում ապրող բազմանդամ ընտանիքի հոգսը ծանրացած էր հիմնականում տանտիկնոջ՝ Ֆաթիմայի, եւ նրա 17-ամյա որդու՝ Յուրիկի ուսերին: Մայրը 2000 դրամ օրավարձով հացթուխ էր գյուղի փռում, իսկ տղան, որ ընտանիքի հոգսն ամբողջությամբ մոր վրա չթողնելու համար ստիպված էր յոթերորդ դասարանից ուսումը կիսատ թողնել, սրա-նրա անասունը պահելով «մեկ հացափոր» աշխատանք էր անում կամ բեռնակրություն՝ մասնավոր շինարարություններում: Մոր ու որդու խղճուկ եկամուտը հազիվ էր բավարարում անկողնային տատի եւ երկու անչափահաս երեխաների դեղի ու սննդի ձեռքբերման համար: Ընտանիքի հայրը՝ նախկինում սպանության մեղադրանքով դատապարտված Արայիկ Գեւորգյանը, աշխատանք չուներ. ապրում էր կնոջ եւ որդու՝ Յուրիկի չնչին վաստակի հաշվին: Կախվածությունն ալկոհոլից՝ հարբեցող ու դաժան էր դարձրել նրան: Հայրական խրատների ու հոգատարության փոխարեն երեխաները հայհոյանք, իսկ սիրո փոխարեն՝ ծեծ ու ջարդ էին ստանում: Արայիկի հակումը ալկոհոլի նկատմամբ վտանգավոր էր դարձել. «սպիրտային» ծարավից կարող էր ագրեսիվանալ եւ տանը դժոխային մթնոլորտ ստեղծել: Թիրախը կինն ու երեք անչափահաս երեխաներն էին, որոնք մշտապես կապտուկների մեջ էին. նրանց անխնա ծեծում էր այնքան ժամանակ, մինչեւ ստանար հոգապահուստ մի քանի դրամներն ու դուրս վազեր՝ «ծարավը» հագեցնելու:
2010 թ. հոկտեմբերի 15-ը Գեւորգյանների ընտանիքի հերթական անհանգիստ օրերից էր: Արայիկը տուն եկավ ինչպես միշտ՝ հարբած ու դժգոհ: Որդուն՝ 1994թ. ծնված Յուրիկին ստիպեց ընկերակցել իրեն եւ միասին օղի խմել: Տղան հրաժարվեց: Նրա ընդվզումը Արայիկին դուր չեկավ. զայրացավ, դարձավ ավելի ագրեսիվ: Հայհոյելով ու բռունցքները գործի դնելով փորձեց իր կամքը պարտադրել որդուն: Ստեղծված խառնաշփոթի, աղմուկ-աղաղակի մեջ Յուրիկին մի կերպ հաջողվեց ճողոպրել եւ դուրս փախչել սենյակից: Թիկունքից մոտեցավ հայրը՝ հերթական հարվածը հասցնելու: Հորից ազատվելու եւ ինքնապաշտպանվելու համար տղան ձեռքն առավ սեղանին դրված խոհանոցային դանակն ու հարվածեց հորը՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի բաժնի Մարտունու բաժանմունքում 17-ամյա Յուրիկ Գեւորգյանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրօրի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը: Իսկ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը:
Կալանավորելիս տղան լաց է եղել, բայց ոչ թե վախից, որ հայտնվելու է անազատության մեջ, այլ՝ կրտսեր քրոջ ու եղբոր համար: Նրան անհանգստացրել է անօգնական երեխաների քաղցած մնալու տխուր հեռանկարը: Ասել է՝ մայրս հիվանդանոցում հորս է խնամում, իսկ երեխեքն ու տատս սոված կմնան: Խնդրում եմ թույլ տվեք գնամ՝ աշխատեմ՝ նրանց հացի փող տանեմ, մինչեւ մայրս հիվանդանոցից վերադառնա:
Արայիկի հիվանդանոցային ծախսերի համար թշվառ ընտանիքը ստիպված է եղել վաճառել իրենց միակ հարստությունը՝ կաթնատու կովը: Իմանալով այդ մասին, փոքրիկ կալանավորը նորից հուզվել է՝ բա սրանից հետո ո՞նց են ապրելու: Նրա համար այնքան դաժան չէ բանտում գտնվելը, որքան ընտանիքի սոցիալական ծանր վիճակը:
Տղայի հայրը՝ Արայիկ Գեւորգյանը, արդեն ապաքինվել է, տանն է: Իրեն այցի եկող մորից Յուրիկն իմացել է, որ հոր վարքում ոչինչ չի փոխվել՝ էլի շարունակում է կնոջից խմելու գումար պահանջել, հարբել, ծեծել ու տանը կռիվներ սարքել:
Փոքրամարմին, նվազ ու թույլ տղա է Յուրիկ Գեւորգյանը: Ֆիզիկական տվյալներով նրան ավելի շուտ 10-12 տարեկան երեխայի տեղ են դնում: Ինքնամփոփ ու լռակյաց է:
Դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության ժամանակ անկեղծացել է՝ թե ազատվելուց հետո գնալու տեղ չունի, որովհետեւ նույն հարկի տակ հոր հետ ապրել չի կարող: Ընտանիքի հոգսի տակ մտնելու պատճառով ուսումը կիսատ թողած տղան նախասիրություն էլ ունի. նկարում է: Ճիշտ է՝ նրա ստեղծագործություններում գերակշռող գույները սեւն ու շագանակագույնն են, ինչը, ըստ հոգեբանների, միանգամայն հասկանալի է, բայց դրանից նրա վրձնած բնապատկերները չեն տուժում:
Թե ինչ պատիժ կկիրառվի հանգամանքների զոհ դարձած եւ ինքնապաշտպանական բնազդով մեղադրյալի աթոռին հայտված երեխայի նկատմամբ՝ կորոշի հայկական արդարադատությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել