Ես՝ Սուրեն Խաչիկի Հովհաննիսյանս, 2008թ. նոյեմբերի 3-ից մինչեւ 2010թ. նոյեմբերի 30-ը ծառայել եմ Հայոց բանակում՝ Արցախում: Երկու տարուց ավելի զենքը ձեռքիս պաշտպանել եմ հայրենիքս թշնամիներից: Սակայն երբ ծառայությունից վերադարձա, իմացա, որ մորս՝ Մելինե Մարգարյանի նկատմամբ, իբր խարդախություն կատարելու համար, Կենտրոնական քննչական բաժնում քրեական գործ են հարուցել եւ 2010թ. սեպտեմբերի 11-ին կալանավորել, ավելին՝ կորցրել ենք մեր բնակարանը, ավտոտնակը, ավտոմեքենան, ամառանոցը, նույնիսկ հորաքրոջս բնակարանը, եւ այժմ բնակվում ենք բարեկամի տանը, որովհետեւ մնացել ենք անօթեւան:
Այս ամբողջ անշարժ եւ շարժական գույքը վաճառել են պարտքերը մարելու համար, որն առաջացել է մի խումբ իրական խարդախների եւ մի քանի անձանց վաշխառություն կատարելու պատճառով:
Մայրս՝ Մելինե Մարգարյանը, 2009թ.-ից որպես անհատ ձեռներեց «Տաշիր» ոսկու շուկայում զբաղվել է ոսկյա զարդերի առք ու վաճառքով: Մի խումբ խարդախներ, մորս վստահությունը չարաշահելով, նրանից վերցրել են մեծ քանակությամբ ոսկյա զարդեր եւ չեն վերադարձրել, իսկ «Տաշիր» ոսկու շուկայի մի քանի անձինք կատարել են վաշխառություն մորս նկատմամբ: Կենտրոնական քննչական բաժնում խարդախներին եւ վաշխառուներին կալանավորելու փոխարեն կալանավորել են մորս, որը տուժել է այդ անձանցից: Մորս պաշտպանի մի շարք հիմնավորված բողոքներին, այն է, որ մայրս խարդախություն չի կատարել, քննությունն իրականացնող մարմինները անհիմն եւ անօրինական, առանց պատճառաբանությունների մերժում են:
2010թ. նոյեմբերի վերջին հայրս եւ մայրս հաղորդագրություններ են ուղարկել Երեւան քաղաքի դատախազին եւ հայտնել այդ անօրինականությունների եւ հանցագործությունների մասին, սակայն մինչ օրս քննությունն իրականացնող մարմինները ոչ մի քննչական գործողություններ չեն իրականացնում նշված անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ օրինական եւ օբյեկտիվ քննչական գործողություններ կատարելու արդյունքում, ըստ նշված խարդախների կողմից տրված պարտավորագրերի, պարզ երեւում է, թե մորս առանձնապես խոշոր չափերի ինչքան գումար են պարտք: Երեւան քաղաքի դատախազին ուղղված հաղորդագրությունների մեջ նշվել է խարդախների, ինչպես նաեւ վաշխառուների անունները, թե մայրս ինչքան տոկոսներ է տվել: Ստացվում է, որ ես երկու տարի զենքը ձեռքիս հայրենիքս եմ պաշտպանել թշնամիներից, իսկ Կենտրոնական քննչական բաժնի քննիչի քննության արդյունքում հարազատ մորս են կալանավորել, իրական խարդախներին եւ վաշխառուներին թողնելով ազատության մեջ եւ անպատիժ:
Այս գարնանն էլ եղբորս՝ Արմենին պետք է զորակոչեն բանակ: Սակայն տեսնելով իմ եւ հորս անօթեւան վիճակը, նա էլ է հայտնվել հուսահատության գրկում: Ո՞ւմ համար ծառայել, երբ կորցրել ենք տուն, տեղ, իսկ մայրս էլ կալանավորված է: