Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները փետրվարի 3-ին գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել 2 սարիթաղցու: Ըստ «Առավոտի», նրանք նախկինում 3 անգամ գողության համար դատված 22-ամյա Վահան Ավագյանը եւ Անուշավան Գալստյանն են:
Պարզվել է, որ նրանք միայն Արաբկիր վարչական շրջանից «քերել» էին «լյուկերի» թուջե կափարիչներ, ընդհանուր թվով՝ 84: Գողության «երթուղին» ձգվել է Փափազյան փողոցից դեպի Հրազդանի ձոր, Սարալանջի-Թբիլիսյան խճուղի տանող ճանապարհներ: Նրանք գողոնը թաքցրել էին Սարի թաղի իրենց տներում, «կվալտով» կոտրելուց հետո հանձնել են գունավոր մետաղների ընդունման կետ: Նախկին դատապարտյալները դիմել էին այդ քայլին, ըստ իրենց՝ սոցիալական կարիքները հոգալու համար:
Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ (գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ կրկին անգամ) կետի հատկանիշներով:
Երեկ քննչական մարմինը դիմեց Արաբկիր վարչական տարածքի դատարան՝ նրանց նկատմամբ 2-ամսյա կալանք ընտրելու միջնորդությամբ: