«Պահմտոցիի» հեղինակը՝
հիվանդանոցում
Վթարված մեքենան:
Փետրվարի 5-ին, ժամը 17:20-ի սահմաններում, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում «Dodge» մակնիշի 18 ԼԼ 022 համարանիշի ավտոմեքենան բախվել է «ՊԱԶ» մակնիշի 63 ՍՍ 217 համարանիշի ավտոմեքենային: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ «ՊԱԶ-»-ը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կիսով չափ շրջվել եւ թաղվել մայրուղու կողքին կուտակված ձյան մեջ: «ՊԱԶ»-ի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ Օհան Փաշոյանը եւ երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի քաղաքային հիվանդանոց, իսկ «Dodge-ի» վարորդը՝ Երեւանի 47-ամյա բնակիչ Սարգիս Միքայելյանը, որովայնի, ներքին օրգանների վնասվածքով, կրծքավանդակի սալջարդով տեղափոխվել է Չարենցավանի քաղաքային հիվանդանոց:
Երեկ հայտնի դարձավ, որ Սարգիս Միքայելյանին, որ «Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի+» հումորային ծրագրի հեղինակն է, տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայրում քննչական աշխատանքներ են կատարել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները: Քննիչի որոշմամբ, ամբողջովին շարքից դուրս եկած «Dodge»-ը տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տուգանային հրապարակ, իսկ «ՊԱԶ»-ը ձորից դուրս բերելու եւ տուգանային հրապարակ տեղափոխելու համար վթարի վայր բերվեց վերամբարձ կռունկ: Վթարի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
«ՊԱԶ»-ից վարորդն ու 2 ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:
Ծաղկամաններին հարվածելուց հետո
Ոչ կոմֆորտային վիճակ:
Փետրվարի 6-ին Սեւանի խճուղում` Հյուսիսային ավտոկայարանի մատույցներում, Նոր թաղի 20 հասցեի դիմաց, ժամը 23.30-ի սահմաններում, տեղի է ունեցել մեկ այլ ավտովթար: «ԳԱԶ-24» մակնիշի 09 ՍՕ 760 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան մեծ արագությամբ վարելով, չկարողանալով կառավարել այն, բախվում է «R&V Կոմֆորտ» շինանյութի խանութի դիմաց տեղադրված ծաղկամաններին: Արագությունն այնքան մեծ է եղել, որ մեքենան հարվածից կանգ չի առել, այլ շրջելով ծաղկամանները՝ շարունակել է ընթացքը մոտ 150 մետր եւ բախվել հարեւանությամբ կայանված «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարին: Հարվածն այնքան ուժգին է եղել, որ բեռնատարը տեղում՝ հորիզոնական հարթությունում 90 աստիճանով պտտվել է:
Արդյունքում «ԳԱԶ- 24»-ի վարորդը եւ 4 ուղեւորները՝ 27-ամյա Արթուր Առուշանյանը, 25-ամյա Տիգրան Աբրահամյանը, 55-ամյա Գարեգին Թունյանը, 24-ա,մյա Հարություն Թովմասյանը եւ 25-ամյա Նարեկ Ղուկասյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր էին ժամանել Երեւանի ՃՈ աշխատակիցները՝ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Իսկ արդեն քննչական գործողությունները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանը: