Փողոցային առեւտրի արգելման հետեւանքով ապօրինի վաճառակետերից զրկված առեւտրականների համար մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակակից փոքրածավալ շուկաներ են ստեղծվելու: Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսուհետեւ էլ՝ «Մշտական հսկողությունը պետք է շարունակվի սննդի եւ ավտոշուկաների ներսում անհրաժեշտ պայմանների ու սանիտարական պատշաճ վիճակի ապահովման առումով»:
Տ. Մարգարյանը վստահեցրել է, որ ավտոկայանատեղիների գործարկումն էլ է բերվելու օրինական դաշտ. «Պետք է հետեւողական լինենք, որպեսզի հասարակական տրանսպորտի կանգառներում բացառվի այլ մեքենաների կայանումը եւ ուղեւորատար տրանսպորտի համար ապահովվի անխափան երթեւեկություն: Այն ավտոկայանատեղիները, որոնք պայմանագրեր չունեն վարչական շրջանների հետ՝ արգելենք: Եթե կան ավտոկայանատեղիներ, ուրեմն պետք է լինեն պայմանագրեր»: Ի լուր քաղաքացիների, քաղաքապետարանից հայտնում են, որ այսուհետեւ «Մեկ պատուհանը» կաշխատի համաժամանակյա (օնլայն) ռեժիմով, այսինքն՝ քաղաքացիները «Մեկ պատուհանի» գործունեությանը կարող են հետեւել՝ աշխատանքային ժամերին՝ այցելելով քաղաքապետարանի պաշտոնական կայք՝ www.yerevan.am հասցեով: