Լրահոս
Օրվա լրահոսը

Որ վերցնեն, աշխատանքը կկորցնեն

Փետրվար 08,2011 00:00

Խորենացու 47 շենքում ապրող Դավիթ պապը մի քանի օր առաջ այցելել էր «Հայփոստի» թիվ 18 բաժանմունք՝ կենսաթոշակը ստանալու: Սակայն բաժանմունքի աշխատակիցները նրան տուն են ուղարկել՝ ասելով, որ այսուհետեւ «Հայփոստի» փոստատարները նրա թոշակը տուն են հասցնելու:
Երեկ «Առավոտը» թիվ 18 փոստային բաժանմունքի փոստատար Սամվել Հովսեփյանի հետ շրջեց թոշակառուների տներով՝ համոզվելու համար, որ թոշակ բաժանողները, ինչպես խոստացել են, տատիկ-պապիկների կենսաթոշակի հաշվին գումարներ չեն աշխատելու: Չնայած փոստատարը գումար չէր պահանջում, սակայն մեր այցելած գրեթե բոլոր տներում թոշակառուներն իրենց թոշակից, սովորության համաձայն, փոստատարին բաժին էին հանում, եւ զարմանում, որ նա հրաժարվում էր այն ընդունել: «Ես փող ունեմ, ինձ փող պետք չի: Իսկապես չեմ ուզում: Որ վերցնեմ՝ ինձ աշխատանքից կհանեն»,- ստիպված էր լինում բոլորին բացատրել Ս. Հովսեփյանը: Դավիթ պապն էլ էր նրան մի քանի հարյուր դրամ առաջարկում, որ նեղություն է քաշել եւ իր թոշակը հասցրել է տուն. «Այս մանրն էլ քեզ»: Սակայն փոստատարը նրան էլ մերժեց:
Տիկին Ամալյան դուռը չբացեց փոստատարի առջեւ, քանի որ հաշմանդամ է եւ տեղաշարժվելու հետ կապված խնդիր ունի: Ս. Հովսեփյանի խոսքերով, այդպես շատ է լինում, որ ծեր կանայք, երբ տանը մենակ են լինում, դուռը չեն բացում. «Մինչ օրս նրա թոշակը որդին է ստացել: Հիմա այդպես չի թույլատրվում, պետք է հենց թոշակառուն ստանա իր թոշակը»: Էդուարդ պապի կինն էլ երեկ գնացել էր աղջկան տեսնելու, ուստի փոստատարը կարողացավ տալ միայն պապի թոշակը: Էդուարդ պապը զարմացավ, երբ իմացավ, որ կինը պետք է ժամը 4-ից հետո այցելի փոստի բաժանմունք եւ այնտեղից ստանա իր գումարը. «Մինչեւ հիմա միշտ էլ ես եմ ստացել նրա թոշակը, որեւէ խնդիր չի եղել: Ի՞նչ նորություններ են»: Փոստատար Սամվելն էլ պատասխանեց. «Մինչեւ հիմա այդպես է եղել, էլի, որ ամբողջ համակարգը փոխեցին»: Նրա խնդրանքներին, որ կնոջ թոշակն էլ իրեն տան, փոստատարը մերժեց: Ալմաստ եւ Հռիփսիմե տատիկների փոխարեն էլ ստորագրեցին նրանց աղջիկները, քանի որ մեկի ձեռքերն էին վնասված, մյուսն էլ կույր էր:
Նկատենք, որ փոստատարը, այդքան մեծ գումարները ձեռքին, ոտքով էր շրջում եւ եթե այդ գումարների հետ ինչ-որ բան պատահի, ապա ողջ պատասխանատվությունը մնում է փոստատարի վրա: Երեկ ֆինանսների նախարարության տեսուչն էլ էր մեզ հետ շրջում: Մնացած օրերին փոստատարը մենակ է թոշակ բաժանելու:
Ճիշտ է, ներկայիս փոստատարները հատուկ դասընթացներ են անցել եւ նրանց խիստ զգուշացված է՝ թոշակառուներից գումար չպահել, սակայն նրանց աշխատավարձերն այնքան ցածր են, որ ուզած- չուզած մի օր փոստատարը չի դիմանալու գայթակղությանը եւ նորից սկսելու է գումարները վերցնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել