Երեկ վրացական պետհամարանիշ ունեցող մեքենաների վարորդները փակել էին Գյումրի-Երեւան մայրուղին՝ կառավարության անդամներից պահանջելով անհապաղ գալ Գյումրի ու լուծել մաքսազերծման հարցը:
Մաքսային օրենսգրքի 4-րդ եւ 5-րդ հոդվածներում կատարված փոփոխությունները ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, շաբաթ օրը՝ վրացական պետհամարանիշով մեքենաների վարորդները բողոքի ակցիա կազմակերպեցին Շիրակի մարզպետարանի դիմաց՝ մարզպետ Աշոտ Գիզիրյանից պահանջելով իրենց դժգոհությունը հասցնել կառավարություն: Նրանք 1 օր ժամանակ էին տվել մարզպետին, երեկ արդեն եկել էին պատասխանի հետեւից: Սակայն պատասխան ստանալու փոխարեն, նրանք հարկադրված եղան նոր բողոքի ցույց անել, այս անգամ Ազատան գյուղի ճանապարհին՝ կես ժամ փակելով Գյումրի-Երեւան մայրուղին: Բանն այն է, որ այսուհետեւ վարորդները Վրաստանից մեքենա գնելիս պարտավորվում են Հայաստանում մաքսազերծել այն, այլապես ստիպված կլինեն որպես տուգանք ամեն օր վճարել մեքենայի արժեքի 10 %-ը կամ մեքենան թողնել Վրաստանում ու հետ դառնալ: Ըստ օրենքի, վրացական պետհամարանիշով մեքենաները Հայաստան հնարավոր է ժամանակավոր ներմուծել տարվա մեջ 2 անգամ՝ 15 օրով: Այսինքն՝ հայ վարորդները Վրաստանից գնած մեքենաները Հայաստանում իրավունք ունեն վարելու տարվա մեջ ընդամենը 1 ամիս: Ըստ վարորդների, պահանջված մաքսազերծումը ավելի թանկ արժե, քան բուն մեքենան. «3-4 տարի է՝ սաղ հայ ազգը վրացական համարներով մեքենա է քշում, քնեցին- զարթնեցին՝ օրենք հանեցին, որ 15 օրից ավելի իրավունք չունենք վրացական համարներով մեքենա քշելու, ստիպում են, որ 15 օրվա ընթացքում «ռաստամոժկա» անես, մեկինը 2000 դոլար է նստում, մյուսինը՝ 6000, 10000: Մարդու մեքենան 2000 դոլար արժե, էդքան էլ «ռաստամոշկա» են ուզում: Ինչի՞ համար կամ որտեղի՞ց տաս էս անտեր երկրում»,- վրդովված ասում էին վարորդները: Նրանցից մեկի հաշվարկներով, իր մեքենան 1 460 000 դրամ արժե, սակայն ինքը ամեն օր ստիպված է 145 000 դրամ տուգանք վճարել, իսկ մաքսազերծումն էլ իր վրա $3200 է նստում. «Հայաստանը մեքենաարտադրություն չունեցող երկիր է, էս ինչ են բերում մեր գլխին: Մաքսակետերում Քոչարյանի տղան էլ իր բիզնեսն է դրել. ասում են, որ «Նաիրի ինշուրանս» ԱՊՊԱ-ն իրենցն է. ինչ է թե զարկ տան էս բիզնեսին, մենք պիտի հայտնվենք էս ողորմելի վիճակո՞ւմ: Իմ մեքենայի համար ես արդեն իսկ «ստրախովկա» հանել եմ Վրաստանում, 32000 դրամ մուծել եմ, հիմա չեղյալ են համարում, նորից պիտի էդքան մուծենք: Չհաշված՝ 2500 դոլար տալու եմ «ռաստամոժկին», 350 դոլար էլ հայկական պետհամարանիշ հանելուն պիտի տամ, լավ չէ՞ էդ մեքենան քցեմ»: Ըստ նրանց, վարորդներին մնում է մի բան՝ շատ գործարարների նման երկիրը լքել եւ գնալ Վրաստան, որտեղ շատ ավելի մարդկային պայմաններ են: Մեքենայատերերից մեկն էլ մեզ պարզաբանեց, որ վրացական պետհամարանիշ ունենալը ինքնանպատակ չէ. քանի որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի Թուրքիայի հետ, ապա մեր երկրից Թուրքիա միկրոավտոբուս ճանապարհելու, ելումուտ անելու համար պետք է վրացական պետհամարանիշ ունենալ եւ շատերը հենց այդ պատճառով են վրացական միկրոավտոբուս գնել, որպեսզի կարողանան գնալ Թուրքիա, այնտեղից էլ՝ Եվրոպա: Բացի այդ, վարորդի խոսքերով, հայկական մեքենաները սահմանն անցնելիս պիտի գումար մուծեն, նույն պահանջը չկա վրացականի դեպքում, այդ պատճառով էլ հայերը վրացական պետհամարանիշներով են: Մարզպետարանի ողջ անձնակազմը, բացի մարզպետից, իջավ եւ հանդիպեց վարորդներին, բայց քանի որ ոչ մի հստակ պատասխան նրանց չտրվեց, վարորդները շարժվեցին Ազատան՝ փակելով Երեւան տանող մայրուղին: Նրանց հանդիպեց Շիրակի մարզի ոստիկանապետը, որը թեեւ վարորդներին համոզելով բերեց կենտրոնական հրապարակ, սակայն այդպես էլ չկարողացավ կազմակերպել նրանց հանդիպումը ԱԺ պատգամավորների հետ: