Վրաստանաբնակներին էլ են ստիպում ԱՊՊԱ կնքել, ինչը բոլորովին նրանց սրտով չէ եւ դժգոհությունների առիթ է տվել
ԱՊՊԱ-ն վրացահայերի համար դարձել է իսկական գլխացավանք կամ էլ, ինչպես իրենք են ասում, ապահովագրական ընկերությունների կողմից՝ թալանի միջոց: Եթե Հայաստանի քաղաքացիները ինչ-որ կերպ համակերպվել են դրան, իսկ ոմանք էլ ապահովագրությունը լավ բան են համարում, ապա վրացահայերը ԱՊՊԱ-ի պատճառով այլեւս չեն էլ ուզում մեր երկիր գալ:
ԱՊՊԱ-ի մասին օրենքը Վրաստանի քաղաքացիներին էլ չի անտեսել. նրանք, ովքեր մեքենայով գալիս են Հայաստան, ընդ որում, անկախ նրանից՝ տարին 1 անգամ կամ ավելի, պետք է անպայման ապահովագրված լինեն, ընդ որում՝ հայկական ԱՊՊԱ-ով: Այս հանգամանքը հարուցել է մի շարք վրացահայերի դժգոհությունը: Նրանք, որոնք չունեն ԱՊՊԱ, Բավրայի մաքսակետում թույլ չեն տալիս մտնել Հայաստան: Նրանց ստիպում են հենց մաքսակետի մոտ գործող ապահովագրական ընկերությունում վճարել եւ ձեռք բերել ԱՊՊԱ «փոլիսը»: «Առավոտին» ահազանգած ջավախահայ վարորդներից մեկի խոսքերով՝ «Տարին 1-2 անգամ ենք գալիս Հայաստան, դրա համար պիտի մոտ 30 հազար դրամ վճարենք: Մեր ինչի՞ն է պետք: Ամեն տեղից փող են պոկում: Բացի այդ, ԱՊՊԱ կնքելուց հետո պիտի ապահովագրական այդ թուղթը մեքենայի դիմապակուն փակցնենք: Լավ, արեցինք, որ 1 շաբաթ Հայաստանում մեքենա վարենք ու չտուգանվենք: Իսկ երբ վերադառնանք Վրաստան, այդ պոլիսի համար էլ կտուգանվենք: Հո չե՞նք կարող անընդհատ փակցնել-պոկել: Հայաստանում ամեն ինչ անում են, որ հիասթափվենք ու էլ չգանք մեր հայրենիք: Մի հատ կիսատ-պռատ օրենք են մոգոնում, էն էլ միայն իրենց գրպանները լցնելու համար, մանրակրկիտ չեն ուսումնասիրում իրավիճակը»: Այն, որ Հայաստանի տարածքով երթեւեկող, ասենք, վրացական կամ պարսկական բեռնափոխադրող մեքենաներն էլ պետք է ԱՊՊԱ պայմանագիր ունենան, դա դեռ հասկանալի է, ինչ-որ տեղ նրանք շատ հաճախ են ելումուտ անում Հայաստան: Սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ են Վրաստանի կամ Իրանի քաղաքացիներին ստիպում, որոնք 1-2 անգամ են մեր երկիր գալիս: Եթե վթար տեղի ունենա եւ մեղավորը հարեւան պետության քաղաքացին լինի, ապա կարող է վնասի փոխհատուցումը միանվագ վճարի եւ գործը փակվի: Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի. «Օրենքով, ՀՀ տարածքում վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցները պետք է կնքեն ԱՊՊԱ պայմանագիր, որպեսզի ՀՀ տարածքում մեքենա վարելու իրավունք ունենան»: Իսկ հայկական պոլիսների համար իրենց երկրում տուգանվելու մասին էլ բյուրոյից վստահեցրին, որ այդ խնդրի շուրջ պաշտոնապես քննարկումներ են տեղի ունենում, եւ առայժմ ոչ մի հստակ պատասխան չեն կարող տալ: