Ինչպես տեղեկանում ենք «Ա1+»-ից՝ 2011-ի վերջին կավարտվի Աջափնյակի 16-րդ թաղամասի գազիֆիկացումը: Այդ մասին «Ա1+»-ին հայտնել են Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:
16-րդ թաղամասի 10 եւ ավելի հարկայնություն ունեցող թվով 31 բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման հարցը մինչ օրս չի լուծվել՝ տեխնիկական պայմանների եւ անվտանգության անհրաժեշտ պահանջների բացակայության պատճառով։ Երեւանի քաղաքապետարանը «Երեւանգազ»-ին պատվիրել է զբաղվել այս խնդրով, քանի որ 2007թ.-ից այս թաղամասում բնակվող բնակիչներից պարբերաբար դիմում-նամակներ է ստանում: Բազմահարկ այս շենքերը շինարարական չափորոշիչներով նախատեսված չեն եղել գազասպառման համակարգերի համար, բացի այդ, տարիների ընթացքում բնակիչների կողմից կատարված կամայական կառուցապատման արդյունքում փակվել են շենքերի օդափոխության համակարգերն ու արտաքին լուսավորության համար նախատեսված մակերեսները՝ դրանով իսկ սահմանափակելով անվտանգության պայմանների բավարար վիճակը։ Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչությունը պետք է իրականացնի թերությունների, ապօրինի կառուցվածքների, խորդանոցների եւ այլնի վերացման, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատվիրման եւ շինարարական աշխատանքները: Իսկ «Երեւանգազ»-ի կողմից առաջարկվել է իրականացնել արտաքին գազատարների եւ կանգնակների կառուցումը։ Աշխատանքները արդեն սկսվել են համար 14 շենքում: Մնացած շենքերում աշխատանքները կսկսվեն նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ լինելուն պես։