Կարծում է Վահագն Խաչատրյանը
Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսումներով, տարեվերջին գնաճը կտատանվի 5,5-7,5%-ի սահմաններում: Այս մասին նշված է ԿԲ դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրում: Գնաճի՝ այդ միջակայքում գտնվելու հավանականությունը գնահատվել է 40,9%: Այն, որ գնաճը կգտնվի 4-5,5%-ի միջակայքում, գնահատվել է 31%: Առավել բարձր՝ 7,5-9,5% գնաճի հավանականությունը գնահատվել է 16,5%: ԿԲ-ն այս տարվա երկրորդ եռամսյակի համար առավել հավանական է համարում, որ գնաճը կգերազանցի 9,5%-ը, ինչը վերջին 15 տարիներին ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:
9,5%-ից բարձր գնաճի հավանականությունը գնահատվել է 53,9%, իսկ 7,5-9,5% միջակայքում գտնվելու հավանականությունը գնահատվել է 41,4%:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն էլ համոզված է, որ Կենտրոնական բանկը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գնահատականներ է տալիս, քանի որ. «Որոշել է սպասարկել գործող իշխանությանը: Եթե հաշվի առնենք, որ օլիգարխիկ ու մենաշնորհային դիրք ունեցող բիզնեսմեններն են այսօր տնտեսությունը տիրապետում եւ իրենք են որոշում շուկայական գները, այլ ոչ թե շուկան, այս պայմաններում բանկի կանխատեսումներն իզուր են: Եթե Կենտրոնական բանկը զբաղվում է միայն կանխատեսումներով, թող իր անունն էլ փոխի ու կանխատեսումների բանկ դնի: Վստահեցնում եմ, տարեվերջին գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր կլինի, քան բանկն է կանխատեսել»: Տնտեսագետի մեկնաբանմամբ, Հայաստանի տնտեսությունը գնալով դառնում է ավելի անմրցունակ, իսկ փոքր ու միջին բիզնեսի գոյությունն էլ՝ օրհասական:
Պարոն Խաչատրյանին զարմացնում է այն, որ գնաճի բարձր ցուցանիշի դեպքում կառավարությունը հպարտանում է տնտեսական աճով. «Գլուխ են գովում, թե տնտեսական աճը 2010-ին 2,6% է կազմել, երբ գնաճը 9,4 % էր: Խայտառակություն է, ստացվում է՝ երկրի բնակչությանն աղքատացնելով են տնտեսական աճ ապահովում: Համաշխարհային տնտեսությունում այս տարի գնաճը լինելու է կարեւորագույն մարտահրավեր, ինչի դեմ Հայաստանն անզոր է պայքարել. մեր տնտեսությունը պատրաստ չէ, քանի որ տնտեսության առաջ խնդիր է դրված ոչ թե ժողովրդի բարեկեցությունը բարձրացնել, այլ իշխանության ներկայացուցիչներին ու նրանց շուրջը հավաքված մի խումբ մարդկանց հարստացնել»: Կենտրոնական բանկի կանխատեսումներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը կկազմի 4,1-5,7%: Աճ է կանխատեսվում նաեւ արդյունաբերության ոլորտում՝ 6-8%, շինարարության՝ 2-4%, եւ ծառայությունների ոլորտում՝ 3,5-5,5%:
«Հայաստանի արդյունաբերության աճը կապում են համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գների աճի հետ, ինչը շատ պայմանական է՝ հնարավոր է գները վաղը նվազեն: Նույնը կարելի է ասել ծառայությունների ոլորտում աճի կանխատեսումների համար: Բյուջեում աշխատավարձերի ու թոշակների էական բարձրացում չկա, եկամուտներն ավելանում են ոչ թե ներքին ռեսուրսների, այլ դրսի՝ տրանսֆերտների հաշվին: Հայաստանի տնտեսությունը չի դիվերսիֆիկացվում, արտադրական բնագավառը չի զարգանում, նույնիսկ առեւտուրն է խնդիրներ առաջացնում»,- մտահոգվում է պարոն Խաչատրյանը:
Եթե ԿԲ լավատեսական կանխատեսումներն իրականանան, ապա ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի աճ կգրանցվի նաեւ գյուղատնտեսության ոլորտում՝ 7-9%-ի շրջանակներում: Մինչդեռ, պարոն Խաչատրյանի համոզմամբ, Հայաստանի գյուղատնտեսությունում աճ ապահովելու համար լուրջ քայլեր են հարկավոր: Ըստ նրա, ոլորտը զարգացնելու ուղղությամբ ոչինչ չի արվում. «2010-ին գյուղատնտեսությունում գրանցված անկումը ամենեւին էլ բնակլիմայական փոփոխություններով չէր պայմանավորված: Անկումն ավելի շատ կապում եմ Հայաստանի գյուղատնտեսության վիճակի հետ, ինչը ընդհանուր տնտեսական վիճակից չի տարբերվում, դեռ մի բան էլ ավելի վատ է»:
Ի դեպ, Կենտրոնական բանկն իր գնաճային կանխատեսումներում չի ներառել գազի սակագների հնարավոր բարձրացումը՝ պարզաբանելով, որ այդ մասին դեռեւս չկա պաշտոնական հայտարարություն: