Ինչպես Հայաստանի բոլոր պետական կառույցները, այնպես էլ եկեղեցին, ստվերային կառույց է եւ չի գործում թափանցիկության սկզբունքով: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, Religions.am կայքի խմբագիր Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքին խոհանոցի մասին մամուլի վերջին հրապարակումներին: Նա նշել է, որ թափանցիկություն պետք է լինի եկեղեցուն վերաբերող ցանկացած հարցում՝ կաթողիկոսի ընտրության մեխանիզմներ, ընտրության կարգ, ֆինանսավորում եւ այլն, քանի որ եկեղեցին եւս համաժողովրդական կառույց է: «Եթե չկա հաշվետվություն, չկա թափանցիկություն, լինում են մարդիկ, ովքեր ուզում են այն իրենց վերահսկողության տակ առնել: Այդ առումով եկեղեցին Հայաստանում ամենաավտորիտար կառույցն է: Կա կաթողիկոս, որը չի վերահսկվում ոչ մեկի կողմից»,- հայտարարել է Դանիելյանը:
Նրա խոսքով, եկեղեցուն վերաբերող ցանկացած բացասական անդրադարձ հանդիպում է կոշտ դիմադրության որոշ լրատվամիջոցների կողմից, եւ այնպիսի տպավորություն է, որ եկեղեցին անձեռնմխելի կառույց է եւ դրան չպետք է մատով դիպչել: Մինչդեռ, ըստ Դանիելյանի, եթե որեւէ կառույց խոցելի տեղեր ունի, ապա դրանք պետք է վերացնել, այլ ոչ թե հանցավոր լռություն պահպանել:
Հիշեցնենք, որ մամուլի հրապարակումներից մեկի համաձայն, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում գտնվող Հայ առաքելական եկեղեցիների հոգաբարձուների խորհրդի անդամները վերջերս բաց նամակով դիմել են Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանին՝ հայտնելով, որ Էջմիածնի կողմից փորձ է արվում փոխել մինչ այժմ գործող կարգը եւ տեղական համայնքի խորհուրդների կողմից եկեղեցիները ղեկավարելու փոխարեն դրանք կառավարել Էջմիածնի ու կաթողիկոսի կողմից: