Ժնեւի կենտրոնական հանրային պուրակներից մեկում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որի բացման արարողությունը նախատեսվում է 2013թ. ապրիլի 24-ին:
Հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված հեղինակի՝ Մելիք Օհանյանի նախագիծը հուշակոթողի տեղադրման աշխատանքային խմբին է ներկայացվել շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:
Աշխատանքային խումբը կազմված է Ժնեւի քաղաքապետարանի երեք ծառայությունների՝ մշակույթի, քաղաքաշինության ու կառուցապատման եւ ճարտարապետական վարչությունների, Ժնեւի ժամանակակից արվեստի հիմնադրամի, Շվեյցարիայի հայկական համայնքի եւ Շվեյցարիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներից:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, դեսպան Ազնավուրը բարձր է գնահատել Ժնեւի քաղաքային իշխանությունների ուշադրությունը հայկական համայնքի նկատմամբ, որի լավագույն արտահայտությունն են նաեւ հուշակոթողի տեղադրման նախաձեռնության հարցում ցուցաբերած պատրաստակամությունը եւ միջազգային մրցույթի անցկացման համար իրականացված աշխատանքներն ու հատկացված միջոցները: