Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ թուրքական կուսակցությունները պատգամավորության թեկնածու են առաջադրում նաեւ հայկական համայնքի երեւելի ներկայացուցիչներին:
Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով Hurriyet Daily News-ը: Աղբյուրի մատուցմամբ, վերջին 50 տարիների ընթացքում առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել, որ հայ համայնքը ներկայացված լինի թուրքական խորհրդարանում: «Նախկինում հայերը, որպես կանոն, խուսանավում եւ չէին մասնակցում Թուրքիայի ներքին քաղաքականությանը՝ համատեղ անցյալի ցավոտ իրադարձությունների պատճառով»,- Hurriyet Daily News-ին ասել է առաջադրված թեկնածուներից մեկը՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության ցուցակում ընդգրկված Արեւ Ջեբեջին՝ հավելելով, թե տասնամյակներ շարունակ գործող այս ավանդույթը փոխվել է «Ակոս» թերթի հայ խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո: Ընդհանուր առմամբ, առաջիկա ընտրություններին Ստամբուլի հայկական համայնքից 7 թեկնածու է մասնակցելու: Նրանցից 6-ին առաջադրել են տարբեր քաղաքական ուժեր, մեկը փորձում է խորհրդարան անցնել որպես անկախ թեկնածու։