Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽԱՂ ՏՎՈՂՆԵՐ ՄԻՇՏ ԷԼ ԼԻՆՈՒՄ ԵՆ»

Փետրվար 08,2011 00:00

\"\"Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը դուրս եկավ լրագրողների մոտ եւ առանց սահմանափակման պատասխանեց նրանց բոլոր հնարավոր եւ անհնարին հարցերին: Ներկայացնում ենք այդ հարցերից եւ պատասխաններից, մեր կարծիքով, առավել հետաքրքիրները:

– Առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, Դուք ո՞ր թիմում եք լինելու:
– Ի հակառակ բոլոր այն մարդկանց՝ ես իմ կողմերը չեմ փոխում, ես մեկ դիրքորոշում ունեմ, որը շատ հստակ է, իսկ եթե որոշ մարդիկ տեսողության պրոբլեմ ունեն, ես իրենց կհորդորեմ դիմել բժշկի, եւ իմ դիրքորոշման հետ կապված որեւէ մեկը որեւէ կասկած չի կարող ունենալ:
– Հանրապետականն ակնկալում է, որ ԲՀԿ-ն ասի, թե Սերժ Սարգսյանին է պաշտպանելու:
– ԲՀԿ-ն միշտ պաշտպանել է երկրի նախագահին, դեռ 2008-ի ընտրությունների ժամանակ, եւ պաշտպանել է շատ հստակ, եւ, իմ կարծիքով, դա ԲՀԿ դիրքորոշումն է, որը առաջիկայում իրենք կձեւակերպեն, իմ կարծիքով, հարցը պետք է ուղղեք ԲՀԿ-ին, դուք մոռանում եք, որ ես Հանրապետական կուսակցությունից եմ:
– Ձեր կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ պաշտպաներ երկրի նախագահի՞ն, թե՞ ունենար սեփական թեկնածու։
– Իմ կարծիքով՝ շատ ճիշտ կլիներ, որ ինքը պաշտպաներ երկրի գործող նախագահին, որովհետեւ ինքը իմ թիմի ղեկավարն է, մեր թիմի ղեկավարն է, մեր կուսակցության ղեկավարն է:
– ԲՀԿ-ի տեսակետը ինչո՞ւ է ուշանում:
– Բայց դուք ինչո՞ւ այդ հարցը չեք ուղղում ԲՀԿ-ին, այլ ուղղում եք ինձ:
– Որովհետեւ Դուք շատ մտերիմ հարաբերություններ ունեք կուսակցության ղեկավարի հետ:
– Կուսակցության ղեկավարի հետ (խոսքը ԲՀԿ ղեկավարի մասին է- Մ. Ե.) մեր բարեկամական հարաբերությունները ընդհանրապես մի կապեք քաղաքական տեսակետների հետ:
– Հնարավո՞ր է՝ պատգամավորները անվստահություն հայտնեն երկրի նախագահին:
– Քանի որ ես ԱԺ նախագահն եմ, չկա նման տարբերակ, որ ինչ-որ պատգամավորներ հավաքվեն եւ անվստահություն հայտնեն նախագահին, դա միանշանակ է:
– Խաղեր տվողներ չկա՞ն:
– Խաղ տվողներ միշտ էլ լինում են՝ եւ ընտանիքում, եւ ընկերության մեջ, եւ քաղաքականության, եւ խմբակցության մեջ, եւ ԱԺ-ում, եւ կառավարությունում, եւ նախագահականում: Միշտ էլ լինում են:
– Այդ դեպքում ԲՀԿ-ն ինչի՞ իր թեկնածուի անունը չի ասում:
– ԲՀԿ-ն միշտ պաշտպանել է Սերժ Սարգսյանին, եւ համոզված եմ, որ ապագայում էլ կպաշտպանի: Ինչի՞ մասին է խոսքը: Հիմա, օրինակ, ավելի ճիշտ կլինի, որ դուք խոսեք 2012թ. ԱԺ ընտրությունների մասին, դեռ ընտրությունները չենք անցկացրել, խոսում եք 2013թ.-ից: Բայց Սերժ Սարգսյանը որ կհաղթի 2013-ին՝ հաստատ է:
– Իսկ եթե ԲՀԿ-ն 50+1 հավաքե՞ց:
– Յուրաքանչյուր քաղաքական ուժ պայքարելու է, որ 50+1 հավաքի, եւ ես գտնում եմ, որ դա բոլորի գործն է, ես՝ որպես Հանրապետական կուսակցության երկրորդ դեմք, ուզում եմ հայտարարել, որ ես գտնում եմ, որ 50+1 հավաքելու է Հանրապետական կուսակցությունը:
– Դուք չե՞ք ուզում նախագահ դառնալ:
– Ոչ, ես հիմա նախագահ եմ: Հանրապետության նախագահը, ուղղակի լավ պատկերացում չունեք, շատ ծանր աշխատանք է եւ շատ պատասխանատու, եւ յուրաքանչյուր մարդ, մեր ազգի երեւի բացասական հատկանիշներից մեկն էլ այն է, որ բոլորն ուզում են նախագահ լինել, անկախ նրանից՝ կարո՞ղ են աշխատել, թե՞ ոչ:
– Բայց Դուք ուզո՞ւմ եք:
– ԱԺ նախագահն ինձ բավարարում է:
– Իսկ վարչապե՞տ…
– Վարչապետ մի ժամանակ ուզում էի, որ ազնիվ լինեմ, բայց հիմա չեմ ուզում:
– Ինչո՞ւ:
– Որովհետեւ իմ պաշտոնը վարչապետի պաշտոնից ավելի բարձր է:
– Ժամանակ առ ժամանակ շրջանառվում են նաեւ Ձեր հրաժարականի մասին լուրերը:
– Ամեն ինչ էլ հնարավոր է: Կարեւորը՝ Սերժ Սարգսյանի մասով բացառում ենք, ԱԺ նախագահի մասով՝ հնարավոր է:
– Ինչո՞ւ, բոլոր հարվածները Ձե՞զ վրա եք վերցնում:
– Այո:

Հ. Գ. Ի պատասխան լրագրողի ռեպլիկի՝ կարծիք կա, որ ՀՀ նախագահի նախընտրական շտաբի պետը հնարավոր է՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը լինի, ԱԺ նախագահն ասաց. «Նա շատ կարեւոր դիրք ունի Հանրապետականում, նա համակարգում է ՀՀ 10 մարզերը, ես մեր կուսակցության ընդհանուր գաղափարախոսությունն եմ համակարգում՝ հուրախություն ձեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել