Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԺ»-ի դատավճիռը հրապարակվեց

Փետրվար 08,2011 00:00

\"\"Դա «վտանգավոր նախադեպ» է ԶԼՄ-ների համար

Այս տարեսկիզբը հայաստանյան առանձին լրատվամիջոցների համար դատական մեկնարկ ունեցավ: Թվով չորս լրատվամիջոցներ՝ «Ժամանակ», «Հայկական ժամանակ», «Առավոտ» օրաթերթերն ու news.am էլեկտրոնային կայքը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարկադրված են հանդես գալու պատասխանողի դերում: Բոլոր այս դեպքերում՝ անկախ հայցվորների անձից, պահանջը, ըստ էության,  մեկն է՝ բարոյական վնասի ֆինանսական փոխհատուցում:
Հիշյալ չորս գործերից մեկով երեկ դատավճիռ է հրապարակվել: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարեց  «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ՀՀ ԱԺ երեք պատգամավորների՝ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի կողմից բարոյական վնասի հատուցման պահանջով հարուցված հայցը: Հիշեցնենք, որ օրաթերթը իր այդ հոդվածում տեղեկացրել էր, որ Ռուսաստանի իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրգործերում շրջանառվող հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակ, որում նշված են եղել նաեւ վերոհիշյալ երեք պատգամավորների անունները: Պատգամավորները ներկայացված հայցում նշել էին, թե իրենց մասին հրապարակված տեղեկատվությունը չի  համապատասխանում իրականությանը եւ որպես իրենց պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցում՝ պահանջել էին իրենցից յուրաքանչյուրին վճարել 2-ական միլիոն դրամ: Նրանք նաեւ 500 հազարական դրամ էին պահանջում դատական ծախսերի փոխհատուցման համար: ՀՀ ԱԺ երեք  պատգամավորներն, այսպիսով, ընդհանուր առմամբ «ՀԺ»-ից՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, պահանջել էին 7,5 միլիոն դրամ, նաեւ՝ հերքել հրապարակումը:
Երեկ դատարանը, դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ, որոշեց մասամբ բավարարել պատգամավորների հայցը՝ «ՀԺ» հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ին պարտավորեցնելով պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ եւ դատավճիռը ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հերքում տպագրել: Դատարանը համարել է, որ պատասխանող կողմը՝ «ՀԺ»-ն, որեւէ փաստ չի ներկայացրել, որով կհիմնավորեր իր հրապարակման համապատասխանությունն իրականությանը: Սա այն դեպքում, երբ մոսկովյան «Միաբանություն» հայկական ակումբի նախագահ Ս. Կարախանյանը հայտարարել էր, թե պատգամավորները «ՀԺ»-ին դատի տալու փոխարեն, որպես այդ տեղեկությունները հաղորդողի, իրենից պիտի «հաշիվ պահանջեին», նաեւ պատրաստակամություն էր հայտնել դատարանին եւ պատգամավորներին հանդիպել եւ բացատրություններ տալ: Դատարանը, սակայն, չի էլ փորձել որպես վկա դատարան հրավիրել հենց Կարախանյանին, որովհետեւ հրապարակման համապատասխանությունն իրականությանը դատարանին, թերեւս, չի էլ հետաքրքրել: «ՀԺ»-ն մտադիր է դատարանի այս վճիռը բողոքարկել վերադաս ատյանում, իսկ մինչ այդ՝ արդեն հրապարակված վճռի կապակցությամբ «ՀԺ»-ի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, թե՝ թերթի դեմ ներկայացված հայցը ազատ խոսքը լռեցնելու փորձ է, եւ որեւէ այլ պատճառ չկա: «Եթե նախկինում լրագրողների հանդեպ ուղղակի բռնություն էին կիրառում, ապա հիմա էլ այս ձեւով փորձում են լռեցնել ազատ խոսքը: Եթե չստացվի, հավանաբար, արդեն կսկսեն գնդակահարել»: Հ. Գեւորգյանը դատարանի երեկվա վճիռը նաեւ ԶԼՄ-ների համար «վտանգավոր նախադեպ»  որակեց՝ հայտարարելով, թե նույն հիմքով որեւէ մեկը այսուհետ կարող է որեւէ լրատվամիջոցի դատի տալ, եթե այնտեղ իր վերաբերյալ անցանկալի տեղեկություն է հրապարակվում՝ նույնիսկ երրորդ անձին հղում անելով: «Մենք վաղուց ենք զգուշացրել այս վտանգի մասին եւ դեռ այն ժամանակ, երբ ապաքրեականացվում էր զրպարտություններին վերաբերող հոդվածը: Մենք հասկանում էինք, որ դրա հետեւանքները առաջին հերթին հենց մեր թերթն է իր վրա զգալու»,- հայտարարեց Հ. Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել